ՈՒրացություն է

131

Նախանձել կարելի է այն հայերին, ովքեր Հայոց ցեղասպանության մասին գիտեն լոկ այնքան, որքան մատուցում են դասագրքերն ու հանրամատչելի լրատվությունը: Նրանք պատկերացում չունեն դժոխքի մասին, երևակայել չեն կարող, թե բարբարոսության ինչ քարանձավներում է մնացել թուրք կոչվող գոյացությունը, թե նրա արյունոտ երախում ինչպես են անհետացել երկու միլիոն ազնվագույն հայորդիներն ու ինչպես է մեր հայակերտ հայրենիքը դարձել գազանի ավար: Իսկ երբ գիտես, այն էլ սահմռկելի մանրամասնություններով, կյանքդ վերածվում է արյունածոր վերքի:

Փորձում ես փրկվել այդ գեհենից, բայց ոչ մի դարման չի օգնում… Ասել, թե հայկական ռադիոյի սփյուռքի համար հաղորդումների խմբագրություններում, ապա Րաֆֆի Հովհաննիսյանի կենտրոնում աշխատելու երկար տարիներին ձայնագրել, վերծանել եմ հարյուրավոր վերապրածների կյանքի պատմությունները, նշանակում է ոչինչ չասել, քանզի ես ապրում էի հերոսներիս նկարագրած յուրաքանչյուր վայրկյանը, զուգահեռաբար ընթերցում էի գիտական աշխատություններ ու վավերագրեր… Ձայնագրություններն ահավոր անորակ էին, մեծ մասամբ խոտան, բայց գիտեի, որ եթե ես չվերծանեմ՝ այդքան կենսագրություն մնալու է անհայտության խավարում, մինչդեռ փաստերը շատ-շատ էին ու հույժ կարևոր: Մղձավանջ, անքնություն, հետևանքը՝ շաքարախտ… 2009 թվականից այս կողմ սկսեցի տպավորություններս, հույզերս ու մտքերս բյուրեղացնել:

Մեղք չհամարվի, նախևառաջ ուզում էի այդ սոսկալի բեռից ազատագրվել, ապա՝ գեղարվեստի մեղմացված լեզվով պատմել ազգիս ապրած գեհենի մասին: 11 պատմվածք, վեպ, ամբողջական ուղղություն մեկ այլ վեպում, նաև բազմաթիվ հոդվածներ… Վերնագրերը չեմ նշում, ԴԳ ընկերներիցս շատերը գիտեն: Որոշները մամուլում տպագրվեցին, կայքերում հրապարակվեցին, բայց մի քանի հրատարակչություններ դռները քթիս տակ կոպտորեն փակեցին… Ոչինչ, համակարգիչս խնամքով, անգամ մտածում եմ, երախտագիտությամբ պահպանում է գրվածքներս՝ մեծամասամբ անտիպ ու անճանաչ ստեղծագործություներս: Այս ցավն աննշան զգացողություն է այն վիթխարի ցավի նկատմամբ, որն ապրել են ցեղասպանության արյունոտ ճամփաներին նահատակված, փրկված մեր ազգակիցները: Դա էր աշխատանքային ծանր տարիները դարձնում տանելի:

Երբ ձայնագրում, վերծանում էի՝ գնահատականի մասին վայրկյան անգամ չէի մտածում, գրելիս ևս, հիմա էլ չեմ մտածում, միակ երազանքս եղել է գրվածքներս տպագրված տեսնելը, որպեսզի գրքերը շատերին հասու լինեն: …Այսքանն ասելուս առիթը մի տեղեկություն է, որն ինձ ծայրաստիճան զայրացրեց ու ստիպեց մտածել, թե ես և հազարապատիկ ավելին արած մարդիկ զուր ենք աշխատել, քանի որ թեմային վերաբերող մրցանակը նախատեսվում է տալ մի թրքահաճո, գուցե նաև թրքածախ ընտանիքի… Սա ի՞նչ է, եթե ոչ՝ ցեղասպանության ուրացում, որը թուրքիայի պետական քաղաքականության մեխն է: Ազգի սերուցքն այս խառնակ օրերին ձայն է բարձրացնում կրթական չափորոշիչներ հորջորջյալ դավադրության դեմ, որը մեր ազգի պատմությունն ու մշակույթը թրքացնելու փորձ է, այնինչ պետական մակարդակով ուզում են ցեղասպանությունը ժխտե՞լ… Այլ մեկնաբանություն չունեմ: Եթե լուրը համապատասխանի իրականությանը, և այդ ազգադավ արարքը կատարվի՝ ես առանց աչքս թարթելու ջնջելու եմ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բոլոր գրվածքներս ու համախոհներիս կոչ եմ անելու անել նույնը: Գնացեք թրքացեք, երևի ուրիշ ճանապարհ չի մնացել…

Հրաչուհի Փալանդուզյան, 27.08.2020