Հրամայական է դառնում, որ լիբանանահայերը հայրենադարձվեն ու բնակություն հաստատեն Հայաստանում և Արցախում. «Ազգային օրակարգ»

61

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունը հսկայական ավերածությունների, մեծաթիվ մարդկային զոհերի եւ հազարավոր վիրավորների պատճառ դարձավ Լիբանանի մայրաքաղաքում։ Ի թիվս այլոց, խիստ տուժեցին նաեւ հայաբնակ թաղամասերը, որոնք մոտ էին գտնվում նավահանգստին։ Թեեւ Հայաստանի Կառավարությունը որոշակի հումանիտար աջակցություն ցույց տվեց Լիբանանին, ներառյալ նաեւ տեղի հայկական համայնքին, պայթյունի եւ նրան նախորդած երկարատեւ քաղաքական եւ տնտեսական անկայունությունը ծայրահեղ դժվարին իրավիճակ են ստեղծել Լիբանանի հայկական համայնքի համար, եւ այսօր պահանջում են շատ ավելի ընդգրկուն, համակարգային լուծումներ։

Դեռ մինչեւ պայթյունը, Սիրիայում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին եւ Լիբանանում խորացող ճգնաժամի ազդեցությամբ, նկատել էր տեղի հայ բնակչության Հայաստան տեղափոխվելու աճող միտումը։ Պայթյունը էլ ավելի է սրել իրավիճակը, եւ օրակարգային է դարձրել տարերայնորեն ընթացող հայրենադարձությանը կազմակերպված եւ վերահսկելի իրականացումը, մասնավորապես հաշվի առնելով նաեւ Լիբանանի հայկական համայնքի կարեւորությունը, եւ նրա ստեղծած վիթխարի ինստիտուցիոնալ կարողությունը պահպանելու անհրաժեշտությունը։

Այս կապակցությամբ, «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը առաջարկում է Հայաստանի եւ Արցախի Հանրապետության պետական մարմինների, հիմնական քաղաքական ուժերի, Լիբանանի հայ համայնքը ներկայացնող հասարակական եւ քաղաքական ուժերի, եւ բոլոր այլ հայկական շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ անցկացնել խորհրդաժողով՝ նվիրված Լիբանանի, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի այլ հայ համայնքներից հայրենադարձության համակարգմանը։ Այս համատեքստում, ի թիվս այլոց, պետք է պատասխան տրվի մի քանի խումբ կարեւոր հարցերի՝

Ա) Հայրենադարձության ինչպիսի ծավալներն են խելամիտ ստեղծված իրավիճակում՝ հաշվի առնելով մի կողմից Լիբանանում հայկական ներկայության պահպանության անհրաժեշտությունը Լիբանանում, մյուս կողմից հայրենադարձվողների համար նվազագույն անհրաժեշտ պայմանների ստեղծման հնարավորությունները Հայաստանում եւ Արցախում;

Բ) Ինչպես շարունակվող հայրենադարձության պայմաններում պահպանել հայկական քաղաքական, հանրային եւ մշակույթային հաստատությունները Լիբանանում, եւ ապահովել համայնքի հետագա բնականոն զարգացումը;

Գ) Հայաստանի եւ Արցախի որ շրջանները եւ բնակավայրերն են ընդունելու հայրենադարձվողների հիմնական հոսքը, նաեւ հաշվի առնելով կոմպակտ համայնքներ ձեւավորելու բնականոն ձգտումը;

Դ) Պետական աջակցության ինչպիսի փաթեթ է տրամադրվելու հայրենադարձվողներին Հայաստանի եւ Արցախի կողմից, եւ ինչ հավելյալ աջակցություն են հատկացվելու ծրագրում ներգրավված հասարակական ու մասնավոր կազմակերպությունների կողմից;

Ե) Ինչպիսի մասնակցություն կարող են ստանձնել հայկական հիմնական քաղաքական եւ հասարակական ուժերը ծրագրի իրականացման գործում։

Որպես հաջորդ քայլ, մենք նաեւ առաջարկում ենք, նույն ընդգրկուն մասնակցությամբ, ձեւավորել մշտապես գործող համակարգող կենտրոն, որը կմշակի հայրենադարձության ընդհանուր ռազմավարությունը, դրա շրջանակներում կոնկրետ ծրագրեր եւ դրանց իրականացման մեխանիզմները, եւ անմիջականորեն կհամակարգի այդ ծրագրերի հետագա իրականացումը ներգրավված կողմերի հետ։ Մինչ այդ, անհրաժեշտ ենք համարում դյուրացնել ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու ընթացակարգերը Լիբանանում բնակվող մեր այն հայրենակիցների համար, ովքեր արդեն իսկ ցանկություն ունեն տեղափոխվել Հայրենիք, ինչպես նաեւ հայրենադարձումից հետո կազմակերպել նրանց համար առաջին օժանդակության փաթեթը։

Համոզված ենք, որ Լիբանանի հայության այդ երկրից արտագաղթելու շարունակվող գործընթացի պայմաններում հրամայական է դառնում, որ մեր հայրենակիցները հայրենադարձվեն եւ բնակություն հաստատեն Հայաստանում ու Արցախում, իրենց կարողություններով շենացնեն եւ հզորացնեն Հայրենիքը, աշխարհով մեկ սփռվելու եւ տարրալուծվելու փոխարեն։ Ավելին, ներկայիս հայրենադարձության հոսքերը արդյունավետ կառավարելու դեպքում, մենք նաեւ աշխարհասփյուռ հայության համար իրական դրական նախադեպ կստեղծենք՝ վերադառնալու Հայրենիք, եւ այստեղ կառուցելու իրենց արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքը։ Վերը նշյալի համազգային կարեւորության գիտակցությամբ, մեր անվերապահ պատրաստակամությունն ենք հայտնում համակողմանիորեն ներգրավվել այդ գործընթացին, հատկացնելով թե նյութական, եւ թե կազմակերպչական ռեսուրսներ՝ այն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով»։