Թուրք վերլուծաբան. «Ֆրանսիան «վատ ոստիկանի», իսկ Գերմանիան «լավ ոստիկանի» դեր է խաղում»

68


Թուրքիայի կողմից Միջերկրական ծովի արևելյան շրջանում իրականացվող սեյսմիկ հետազոտությունները դարձել են թուրք-հունական հարաբերությունների լարման և այդ տարածաշրջանում նոր վերադասավորումների պատճառ:

«Թուրքական «Oruç Reis» նավի կողմից իրականացվող հետազոտություններով պաշտոնական Անկարան ի՞նչ ուղերձ է հղում Աթենքին, ո՞ր դեպքում կարող են երկու երկրները համաձայնության գալ, Թուրքիան ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Միջերկրական ծովում» այս և այլ հարցերի շուրջ թուրք անվտանգության մասնագետ Աբդուլլահ Աղարը խոսել է «CNN TÜRK»-ի ուղիղ եթերում: 

Աղարի վերլուծության համաձայն` Արևելյան Միջերկրականում Թուրքիան իրականում գործ ունի ոչ միայն Հունաստանի հետ: Նշել է, որ Հունաստանը մենակ չէ. Գերմանիան ու  Ֆրանսիան առանցքային օպերացիայի հենց կենտրոնում են: Հիշեցրել է, որ Թուրքիային մեկուսացնելու համար Հունաստանին երբեմն սատարում են ինչպես Եգիպտոսը, ԱՄԷ-ն և Իսրայելը, այնպես էլ ԱՄՆ-ն:  

Աղարը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում ակտիվ խաղացողների մեջ Ֆրանսիան «վատ ոստիկանի», իսկ Գերմանիան «լավ ոստիկանի» դեր է խաղում: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա վերլուծաբանը նշում է, որ դեռևս նախօրեին ԱՄՆ-ն Հունաստանի հետ համատեղ զորավարժություններ է անցկացրել: 

«Այս ամենը աշխարհաքաղաքական խճանկարի մի մասն է, այդ իսկ պատճառով էլ տեղի ունեցածը միայն Թուրքիային և Հունաստանին չի վերաբերում: Այն նաև ԵՄ-ի հարցն է»,-ասել է նա: 

Հունաստանի հետ բանակցություններ վարելու վերաբերյալ հարցին  ի պատասխան, մասնագետը նշել է, որ այո, անհրաժեշտություն կա, սակայն եթե Թուրքիան քննարկի Արևելյան Միջերկրականի հարցը, ապա իր կարծիքով, Անկարայի համար հետևանքները չեն կարող լավ լինել:

Դրա փոխարեն, նա գտնում է, որ Թուրքիան Հունաստանի հետ կարող է քննարկել Էգեյան կղզիների հարցը:   

Ermenihaber.am