Թուրքիան Իտալիայի մասնակցությամբ ծովային ուսումնավարժանք է անցկացրել Արևելյան Միջերկրականում

70


Օգոստոսի 25-ին Թուրքիայի ռազմածովային ուժերի անցկացրած մեկօրյա ծովային ուսումնավարժանքին մասնակցել է նաև 1 իտալական ռազմանավ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ վարժանքին մասնակցել է թուրքական ռազմածովային ուժերին պատկանող 2 ֆրեգատ և իտալական «ITS Durand de la Penne» ռազմանավը։ «Արևելյան Միջերկրականում միասնական աշխատանքի ու համակարգման զարգացման նպատակով ուսումնավարժանք է իրականացվել»,- ասված է հայտարարության մեջ։

Վարժանքներն իրականացվել են Միջերկրականի այն հատվածում, որտեղ Հունաստանի անհամաձայնության պայմաններում սեյսմիկ հետազոտություններ է իրականացնում թուրքական «Oruç Reis» նավը։

Նշենք, որ Թուրքիան երկարաձգել էր  «Oruç Reis» նավով Արևելյան Միջերկրականի ջրերում սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու համար հայտարարած NAVTEX (միջազգային զգուշացում որևէ ջրային տարածքում գործողություններ իրականացնելու մասին) ժամկետը, ըստ որի՝ ավարտն օգոստոսի 23-ի փոխարեն պետք է լինի օգոստոսի 27-ը։ 

NAVTEX-ի ժամկետները երկարաձգելու մասին Անկարայի հայտարարությունից հետո Միջերկրական ծովում զորավարժություններ անցկացնելու նպատակով NAVTEX էր հայտարարել նաև Հունաստանը։ Սրան ի պատասխան՝ Թուրքիան էլ էր առանձին NAVTEX հայտարարել հետազոտությունների անցկացման վայրից ոչ հեռու մեկօրյա վարժանք անցկացնելու նպատակով։ 

Ermenihaber.am