Անվերջ փակող, լուծարող, ապականող նախարարը

230

Վերջերս մտածում էի` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին այսքան քննադատում են, քարկոծում, հայհոյում ու անպատվում, լավ, մի՞թե մարդն իր պաշտոնավարման ընթացքում որևէ լավ բան չի արել, որի համար արժե շնորհակալություն հայտնել:
Անկեղծ ասած` մի էական, լուրջ ու խորքային բան չգտա, մանավանդ այնպիսին, որ ծածկի այն արարքներից գոնե մեկը, որոնք հայհոյանք ու արգահատանք են հարուցում նրա հանդեպ:
ԿԳՄՍ նախարար հորջորջված սույն Արայիկ Հարությունյանն իր պաշտոնավարման ընթացքում ավելի շատ քանդել է, քան` կառուցել, ավելի շատ փակել է, քան` բացել, ավելի շատ աղտոտել է, քան` մաքրել:
Այսպիսով` փորձեմ հիշել նրա «ռեֆորմներից» մի քանիսը միայն,  որոնք իրականացվել են մոտ երկու տարվա ընթացքում: 
1. Պետական ֆինանսավորումից և Հ1-ով հեռարձակվելու իրավունքից զրկվել է «Հայ ասպետ» կրթահայրենադաստիարակչական հաղորդաշարը:
2. Կրթական ոլորտից հետ է կանչվել և չեղարկվել ռամահայրենասիրական դաստիարակության հայեցակարգը, որը միտված էր բարձր պահել աշակերտների ազգային ոգին:
3. Բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում կամընտրական է դարձրել հայագիտական առարկաները:
4. Դպրոցներից դուրս է բերել «Հայ Առաքելական եկեղեցու պատմություն» և «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաները` զուգահեռ կրճատելով նաև հայոց լեզվի և գրականության դասաժամերը: Փոխարենն առաջարկում է առարկայական նոր չափորոշիչներ, որն ավելի շատ արտացոլում են թուրքական վաղեմի երազանքը, քան` Հայաստանի Հանրապետության կրթական բուն (պիտանի, ազգային) քաղաքականության գոնե մի մասը:
4. Պատրաստվում է դպրոց մտցնել սեռական դաստիարակության մասին ինչ-որ խելագար ծրագրեր:
5. Պաշտոնավարման առաջին ամիսներից փորձում է ուղիներ գտնել` ՀՀ ԳԱԱ-ն լուծարելու նպատակով:
6.Դադարեցրել է դասական մանկական մամուլի երեք օրգանների` «Աղբյուրի», «Կանչի» և «Ծիծեռնակի» պետական ֆինանսավորումը:
7. Լուծարել է Կրթության ազգային ինստիտուտը
8. Քավոր-սանիկական հարաբերությունների մղումով «ռեկտարական ռեֆորմներ է իրականացրել» ՀՊՏՀ-ում:
9. Քաղաքական հայացքների պատճառով թիրախավորել և աշխատանքից ազատել է մշակույթի ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչների:
10. Կոպիտ կերպով միջամտել է և շարունակում է միջամտեկ Երևանի պետական համալսարանի ներքին ինքնավարությանը…

Հեղինակի այլ հոդվածներ՝ Սա պետություն է, ոչ թե տուգանային հրապարակ, Զինծառայողը 150-200 հազար է ստանում, դուք ոնց կարող եք 700 հազար և ավել ստանալ ու հայտարարել, թե լավ ենք անում, Հավը թռչուն չէ, թուրքն էլ մարդ չէ։

Անշուշտ, այս կետերը կարելի է լրացնել, որովհետև նախարարը քանդակագործ է` բառի ամենավանդալ իմաստով: Նա կառուցել, շտկել չգիտի:
Եվ այսքանից հետո զարմանում է, որ իրեն վիրավորում են, որ իրեն հայհոյում են, որ իր պատկերով մակետն աղբամանի մեջ են դնում ու պտտում քաղաքով մեկ: Ավելին` դեռ ամոթն էլ մի կողմ դրած` «համապետական առցանց ծնողական ժողով է հրավիրում» ու բոլորին հորդորում` «բանի տեղ չդնել մութ ուժերին»:
Այստեղ են ասել` «Գայլի գլխին Ավետարան են կարդում, ասում է` արագացրեք, հոտը սարն անց կացավ»: Չնայած` այս առածը հեչ էլ սազական չէ նախարարին, իհարկե, փոխբերական իմաստով է մեջբերված, բայց գայլն ու Ավետարանն ի՞նչ կապ ունեն փափկակենցաղ անհավատի հետ:
Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ