ՔԱՆԻ՞ ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ ԿԱ ԱՇԽԱՐՀՈՒՄ

120


105 տարի առաջ այս օրը՝ օգոստոսի 26-ին, Չանղըրըից Այաշ գնալու ճանապարհին Թյունեյ գյուղի մոտ խոշտանգվելով սպանվեց հայ մեծ բանաստեղծ Դանիել Վարուժանը։
Բանաստեղծի հետ աքսորված և հետո հրաշքով փրկված հոգևորական Գրիգորիս Բալաքյանը «Հայ Գողգոթան» հուշագրության մեջ պատմում է, որ երբ Այաշ տարվողներին կառք էին նստեցնում, Վարուժանը շրջվել է մնացողների կողմը և ասել. «Նոր զավակ մը ունեցած եմ, թող անունը Վարուժան դնեն»։
…Այդ օրերին (կամ հենց նույն օրը) Պոլսում ծնվել է Վարուժանի երրորդ զավակը, որին անվանակոչել են Հայկ։ Հետագայում Վարուժանի կինը և երեք զավակները բնակություն են հաստատել ԱՄՆ-ում։
Աշխարհում Դանիել Վարուժանը ապրում է ոչ միայն իր հիշատակով և հզորագույն ստեղծագործությամբ, այլև բազմաթիվ ժառանգներով, որոնք Ամերիկա տեղափոխվելուց հետո կրել և կրում են Varoujean ազգանունը։ Այն անունը, որ բանաստեղծը երազում էր փոխանցել կրտսեր որդուն, որպես ազգանուն շարունակում են իր անմիջական ժառանգները։
Վարուժանի առաջնեկը՝ Վերոնիկա Վարուժան-Սաֆրասյանը, կազմել և 2007 թ. Նյու Յորքում հրատարակել է փոստային բացիկների մի հավաքածու, որը կոչվում է «Բրգնիկի Չպուգքյարյանները» («The Tchiboukkearians of Perknig»): Գրքույկի առաջին բացիկներից մեկով Վերոնիկան իր հավաքածուն նվիրում է երիտասարդ Վարուժաններին՝ Սառային, Դևիդին, Դանիելին, Շերիլին, ինչպես նաև իր թոռնուհուն՝ Լիզային, նրա որդի Դևիդին, Վարուժանի եղբոր ծոռներին՝ Ֆրանսիայում ապրող Ալեքսանդր և Ստեֆան Չպուգքյարյաններին։
Կենսագրությունից հայտնի է, որ բանաստեղծն իր Դանիել անունը ժառանգել էր մայրական պապից։ Եվ ահա այդ անունը նույնպես հավերժացել է։ Վարուժանի տոհմի չորս տղամարդիկ կրում են Դանիել անունը։
Վարուժանի թոռը՝ Հայկի որդին, անձնագրով պաշտոնապես կրում է Դանիել Վարուժան Երկրորդ անունը։ Նա ծնվել է 1945 թ. Ֆրեզնոյում։ Մասնագիտությամբ օվկիանոսագետ է և այդ գործի բերումով ժամանակին տեղափոխվել է Օրեգոն։ 1979 թ. լույս է տեսել Դանիել Վարուժան Երկրորդի «Ծովային թռչունների գաղութների քարտարան. Վաշինգտոն, Օրեգոն և Կալիֆոռնիա» ստվար մենագրությունը։
1984 թ. ծնվել է այս Դանիելի որդին, որին ծնողները անվանակոչել են նույնպես Դանիել։ Նրա անձնագրում գրված է Դանիել Վարուժան Երրորդ։
Նախապապի անունով իր որդուն Դանիել է անվանակոչել նաև Վերոնիկայի թոռնուհին՝ Լիզա Շոմբերտը։ Իհարկե, այս մի Դանիելը կրում է ամերիկացի հոր ազգանունը՝ Մըրֆի (Daniel Murphy)։
Ավելի վաղ՝ 1954 թ, Ֆրանսիայում ծնվել է Վարուժանի վերապրած կրտսեր եղբոր՝ Վահանի թոռը, որին, ի պատիվ պապի եղբոր, անվանակոչել են Դանիել։ Նա արդեն Չպուգքյարյան է (Daniel Tchiboukerian), քանի որ ի տարբերություն բանաստեղծի անմիջական ժառանգների՝ նրա եղբոր ժառանգները պահել են տոհմական ազգանունը։
Վարուժանի տոհմի ժառանգ բոլոր չորս Դանիելներն ունեն տեխնիկական մասնագիտություններ։
Նաև այսպես է ապրում 31-ամյա Դանիել Վարուժանի հիշատակը։

Դանիել Չպուգքյարյան
Դանիել Մըրֆի
Դանիել Վարուժան Երրորդ
Դանիել Վարուժան Երկրորդի մենագրությունը
Դանիել Վարուժան Երկրորդ
Վերոնիկայի ընծայականը

Սեյրան ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի Նորագույն հայ գրականության ամբիոնի վարիչ