Ես զարմացած եմ, թե որքան թանկարժեք մեքենա կա Հայաստանում, և՝ որքան քիչ տանկեր և հրանոթներ

905

Մեր հարցերին պատասխանում է իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը, որը վերջին տարիներին դասավանդում է Երեւանի <Մխիթար Սեբաստացի> կրթահամալիրում:

-Դուք քննադատում էիք նախկին իշխանությունների գործունեությունը: Հետհեղափոխական Հայաստանում արվեստագետի ինքնադրսեւորման, ինքնարտահայտման համար ի?նչ հնարավորություններ ստեղծվեցին:

-Ես չեմ քննադատում, այլ իմ մտահոգություններն եմ հայտնում, պարզաբանում, հայտնաբերում եմ դավերն ու դավադրությունները, իսկ մեր կյանքում, ցավոք, դրանք ամեն քայլափոխում են, հատկապես՝ հայկական իրականությունում։ Արվեստագետի ստեղծագործական կյանքը սերտորեն կապված է պատվիրատուի հետ՝ պետություն, քաղաքապետարան և անհատ։ Նոր կառավարությունը որոշեց, որ ՀՀ-ին անհրաժեշտ չէ առանձին մշակույթի նախարարություն, այսինքն՝ պետականորեն նահանջեց։ ՀՀ-ում մեկ, երկու մշակութային կենտրոններ կան, մնացածը գյուղեր են, կամ արհեստական քաղաք-շրջաններ, իսկ քաղաքային բյուջեները, բացի Երևանից, թույլ չեն տալիս մշակութային ներդրումներ անել։ Անհատներն էլ մեծ տուն, մեծ մեքենա են գնում։ 50-100 հազար դոլար կվճարեն մի մեքենայի համար, որը երկու տարուց կես գին կարժենա, մինչդեռ արվեստի գործը կկրկնապատկվի։ Ես զարմացած եմ, թե որքան թանկարժեք մեքենա կա Հայաստանում, և՝ որքան քիչ տանկեր և հրանոթներ։ Ինչպե՞ս կարելի է վարել թանկ մեքենա, երբ հրացանի կարիք ունենք։ Արվեստագետի արվեստին հետևելու և զմայլվելու համար հարկավոր է, որ մարդը հաշվի նստի մեր երկրի առաջնային և երկրորդական խնդիրների հետ։ Մենք Շվեցարիա չենք, և մեր հարևանն էլ Ֆրանսիան չէ։

-Տարիներ առաջ Հայաստան այցելած գերմանացի մի արվեստագետի երբ հարցրեցի, թե որոնք են Հայաստանից ստացած իր առաջին տպավորությունները, պատասխանեց. <Հայաստանը դեռ չի ձերբազատվել սովետական մտածողությունից>: Ձեր կարծիքով՝ դեռեւս կա? այդ մտածողությունը, թե? ոչ:

-Առաջին հարցին պատասխանելով՝ կար երկրորդ հարցի պատասխանը։ Սովետական չտեսություն, պարծենկոտություն, դատարկաբանություն և այլն, դա ՍՍՀՄ-ից է։ Թե ո՞նց անենք, որ չաշխատենք ու լավ ապրենք, ո՞նց գտնվենք պետական կերակրատաշտի առաջ, այլ ոչ դաշնամուրի, կամ կտավի առաջ։ Իրավիճակը ոչ սովետական է, ոչ կապիտալիստական։ Հասարակությունը դիվահարված է, հատկապես՝աթեիզմով դաստիարակվածները։

-Դուք երկար տարիներ ապրել եք Իտալիայում, վերջին տարիներին ապրում եւ ստեղծագործում եք Հայաստանում: Ո?ր երկրում եք Ձեզ, որպես արվեստագետ, ավելի ազատ զգացել եւ ինչո?ւ:

-Կյանքիս առաջին կեսը ապրել եմ սովետական Հայաստանում, և երեք տարի անկախացած-կախված Հայաստանում։ Երկրորդ 25 տարին ապրել եմ Եվրոպայում։ Հայաստանում եղել եմ ազատ հոկտեմբերիկ, ազատ պիոներ (պիոներների դրուժինայի խորհրդի նախագահ, Հանրապետության) և երկու տարի ազատ զինվոր ՍՍՀՄ-ի կազմում։ Այս ամենը ինձ հաջողվեց։ Եվրոպան ուրիշ աշխարհ է, ավելի բարձր արժեքներով։ Տաղանդը մեծարվում է առանց ազգային խտրականության։ Խրախուսվում է ներդրումը, և ոչ ոք չի ոտնահարում քո իրավունքները։ Տաղանդին հանճար են անվանում, հանճարին աստվածացնում են։ Հարցը Ձեզ ուղղեմ՝ որտե՞ղ է մարդը ազատ։

-Վերջերս բուռն բանավեճ է ընթանում կրթության չափորոշիչների մասին, որոշակի շրջանակներ պնդում են, որ թե նոր կրթական ծրագրերում բացակայում է հայրենասիրության թեման: Ըստ Ձեզ՝ ո?րն է իրական հայրենասիրությունը, ինչպիսի? կրթություն պետք է տալ մեր երեխաներին:

-Հետևում եմ կրթության նորարար նախարարության նոր պարտադրանքների ճակատամարտին։ Նոր դասագիրք, ուր բոլշևիկները չկարողացան միջամտել, հիմա մի թուրքագետ, երիտասարդ պատմաբան ուղղագրում է մեր պատմության դասագիրքը։ Ես կասկածներ ունեմ, որ <<հեղափոխված>> իշխանությունը պատվեր է կատարում։ Պատմության և գրականության նոր դասագիրք, Սասնա ծռերի դատապարտում, <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի դեմ շարժում։ Ես կոչ եմ անում , որ<< Բլեյան>> կրթական ծրագիրը դառնա համահայկական և առայժմ միակ գործող կրթական ծրագիր։

Թագուհի Հակոբյան