Ամուլսարի շահագործման հետևանքներն ու Հայաստանի ապագան

166

Միշտ ձգտել եմ Ամուլսարի շահագործման մասին կարծիքս տեղավորել մտահոգության շրջանակներում` ապավինելով վստահելի աղբյուրների պնդումներին և անտեղի չանցնելով խնդրի հետ աղերսվող մասնագիտական ոլորտ, մի ոլորտ, որից ես գրեթե ոչինչ չեմ հասկանում:

Չեմ հասկանում, կարծիք չեմ հայտնում, բայց կարդալ, համեմատել ու համադրել հո‘ գիտեմ: Ասենք` Ալեքսանդր Մակեդոնացուն ու Դարեհ 3-րդին էլ չեմ տեսել, ավելինստրատեգ էլ չեմ, բայց պատմությունը, փորձն ապացուցել է, որ նրանք ապրել են երկրագնդի վրա և հզոր ռազմական գործիչներ են եղել:

Ասել կուզեմ` կան վստահելի, ազնիվ ճամփա անցած մասնագետներ, որոնց հայտնած կարծիքի հետ գիտական հանրույթը հաշվի է նստում, և ելնելով այդ կարծիքներից, ավելի շատ եմ համոզվում այն մտքի մեջ, որ Ամուլսարի հանքի շահագործումը թույլը տալը պետական-ռազմավարական կոպիտ սխալ է:
Արդեն ջրի կաթիլի պես պարզ է, որ սարի ընդերքում գտնվող հանքի շահագործումից էապես տուժելու է Սևանա լիճը
`մեր նեղ օրերի միակ ապավենը:

Երբ սովի, մթի ու ցրտի տարիներ են եղել, պատերազմ է եղել, երբ գտնվել ենք շրջափակման մեջ, Սևանա լիճն է կերակրել մեզ, հիմա այսօր, երբ ամեն ինչ համեմատաբար ավելի կարգին է, ի՞նչ տրամաբանությամբ են մտնում «մետաղային քաղաքականության» մեջ և թույլ տալիս, որ վտանգվի մեր համար մեկ ռազմավարական ռեսուրսը: Բացի այն, որ Սևանը բնական զարգացող «խոհանոց» է մեզ համար, այն նաև աշխարհի եզակի քաղցրահամ ջրերի պաշարներից մեկն է, իսկ դա շատ կարևոր է և գնալով ավելի կարևոր է դառնալու ապագայում, երբ աշխարհը ծարավ զգա ու հասկանա, որ ոսկին կուլ չի գնում, նավթն էլ խմելու բան չէ:
Այսօր արաբական աշխարհում կան վայրեր, որտեղ, մոտավոր հաշվարկով, մեկ լիտր ջուր ստանալու համար մարդիկ ծախսում են հինգ լիտր նավթ: Այս ամենն իմանալով հանդերձ` Հայաստանի իշխանությունները փորձում են հանուն ոսկու վտանգել աշխարհի քաղցրահամ ջրի եզակի պաշարներից մեկը: 20-րդ դարը նավթինն է եղել, 21-րդը ջրինն է լինելու, սա պետք է գիտակցենք բոլորս և մեր ջրային պաշարներին նայենք որպես զենք, որը դեռ շատերին է «ջրամանով մեր դուռը բերելու»: Սա պարզ ճշմարտություն է, և անցյալ դարավերջին մեր քաղաքական պատմության լավագույն դեմքերից մեկը Կարեն Դեմիրճյանը, հենց այնպես չէր մտահոգվում Սևանա լճի հիմնախնդրով, որի արդյունքում էլ որոշեց լճի մակարդակը բարձրացնել վեց մետրով՝ քաջ գիտակցելով, որ այդ ջուրը մի օր ավելի թանկ է գնահատվելու, քան՝ ադրբեջանական նավթը:


Ցավում եմ, երբ տասնամյակներ անց հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ազգովի ստիպված են իրար ծեծել` հանքը շահագործել-չշահագործելու նպատակով չհասկանալով անգամ, որ հանքի շահագործումը մեզ զրկում է այն կարևորագույն, բնական զենքից, նաև որի միջոցով պատերազմ ու շրջափակում, հետապատերազմյան ճգնաժամ ենք հաղթահարել:
Երբ պետք էր, որ բրիտանացին գար Հայաստան, երբ աղերսում էինք նրան, որ գար Հայաստան, երբ պետք էր նրա ներկայությունը Հայաստանում` մեր պարանոցի ու թուրքի սրի արանքում վահան դնելու, նա խուլ էր և չլսեց մեր աղերսները, հիմա ինչու՞ է եկել. տո‘ւն ուղարկեք նրան: