Չփռշտալ եւ վստահել մինիստրին

348

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ռեկորդակիր է, անտրամաբանության ռեկորդակիր, անհեռատեսության չեմպիոն և կարճամտության` Հունգարիայի չեմպիոն: Կարդալով Հունգարիայի անունը, ոմանք կրկին կմտածեն` քանի որ Ջորջ Սորոսը հունգարացի է, ուրմեն ակնարկում եմ, թե` Արայիկ Հարությունյանը սոսրոսական է. բա եղա՞վ:
Ո‘չ, երիցս ո‘չ, ես չեմ համարձակվի ցեխ կամ հավկիթ, մինչեւանգամ Հունգարիայում աճեցված լոլիկ նետել Հայաստանի լուսավորության  վսեմափայլ մինիստրի վրա, որը մեր ամենաազգայնական, ազգայնամոլ եւ հանուն ազգայինի խառակիրիի պատրաստ մինիստրն է:  Նա ջահն է մեր կրթության, եւ բոցը մեր գիտության, եւ խարույկը մեր մշակույթի, եւ քրտինքի կաթիլը, քրտինքի կաթիլը, բույրը մեր սպորտի:
Հենց պարոն մինիստրի անքուն գիշերների մտորումների եւ գաղափարական երկունքի շնորհիվ ծնվեց այն գաղափարը, որ պետք է կրկին վերաբացեն մեր դպրոցներն ու համալսարանները. մի՞թե սա գյուտ չէ, բղավիր Էվրիկա´, հայրենակի´ց:
Միայն նման խորունկ մտածողություն եւ լայն աշխարհայացք ունեցող մարդը կարող էր քառասուն գիշեր չքնել եւ որոշեր, որ կյանքում առաջին անգամ դպրոց ոտք դրած երեխան պետք է  հինգ ժամ նստի նստարարին` չխաղալով ընկերների հետ, գրատախտակին չմոտենալով եւ դիմակը չիջեցնելով: Ըստ նրա` երեխան պետք է բերանը փակ պահի և պերճախոս լինի:  Սա գյուտ է, եւ մի վախեցեք  կենդանի մարդուն հանճար անվանելուց: Ավելին` երկրպագենք նրան: Այսուհետ պետք է չփռշտալ և վստահել նրան, միայն նրան, ով իր տեսակով վերջին նախարարն է Նաիրյան երկրի, վերջինը, որովհետև հայ ազգը բախտ չունեցավ ունենալ այդպիսի մի երկրորդ կերպար, որն այսքան շատ կսիրեր հայրենիքը եւ մտքում հիշելով գիր ու գականություն պաշտող Լենկ Թեմուրին, ձեռնարկեր կրթամշակութային այսօրինակ լայնածավալ ռեֆորմներ, անկախ մութ ուժերի եւ դեւերի ծառաների հարուցած աղմուկից:
Երկրպագե‘ք նրան եւ մի‘ փռշտացեք: