Արևելյան դիվանագիտության աղն ու հացը

101

Իրանում ՀՀ նախկին դեսպան Գրիգոր Առաքելյանը իր ֆեյսբուկյան էջում գրում է, “Պարսկերենում լայն տարածում ունի نمک گیر [նամաք-գիր] (հյուրասիրությամբ կաշկանդված կամ պարտավորված) արտահայտությունը, որի համարժեքը հայերենում չկա (պայմանականորեն այդ արտահայտության համար առաջարկում եմ «աղապարտ» տարբերակը)։ Եվ քանի որ «աղապարտությունը» սերտորեն առնչվում է «աղուհացի» դիվանագիության հետ, ուստի դրա մասին պատկերացում ունենալը խիստ կարևոր եմ համարում։ Նախ՝ «աղուհացի» դիվանագիտության մասին․Դիվանագիտությունը դիվան (բազմոց) բառով ասոցացվող երևույթի, կամ օսլայած օձիքներով ու գուլպաների գույնին համապատասխանող փողկապներով բարձրաշխարհիկ ընդունելություններին մասնակցությունը չէ, այլ՝ կառավարության գործունեությունը պետության արտաքին և միջազգային քաղաքականության իրագործմանը միտված միջոցառումների մի ամբողջ համակարգ։ Այն ենթադրում է տարբեր բնավորության ու խառնվածքի տեր մարդկանց հետ շփվելու և «լեզու գտնելու» կարողություններ։ Այսպիսով, շփման եզրեր որոնելու ճանապարհին առաջացել և առաջանում են դիվանագիտության այս կամ այն անվանումները։ Հանրային, մաքոքային, խորհրդարանական, խավիարային, ֆուտբոլային և շրջանառության լայն տարածում ստացած արդեն իսկ հայտնի ձևերի կողքին հայտնվել են այլ անվանումներով դիվանագիտական հնարքներ, որոնցից է նաև «աղուհացի» դիվանագիտությունը։ Դիվանագիտության այս տեսակն առավելապես ընդունված է Արևելքում։ Օրինակ, արևելցու համար ցանկալի է , որ բանակցությունների սեղանը հագեցած լինի հարուստ ընդեղենով ու ախորժաբեր ուտեստներով։ Արևելցին գերադասում է, որ իր հետ բանակցողը լինի բարձր պաշտոնյա, միևնույն ժամանակ այդ բարձր պաշտոնյայի կողմից արժանանա պատվի ու մեծարանքի։ Արևելցու հետ բանակցելիս անհրաժեշտ է զգուշանալ վիրավորական խոսքի տպավորություն թողնող երկիմաստ արտահայտություններից։ Նա չպետք է զգա, որ իր զրուցակիցը միայն դիվանագիտական շեշտադրումներով է միտքն արտահայտում։ Նրա համար ենթատեքստերն ավելի կարևոր են։ Ինչպես նշվեց, «աղուհացի» դիվանագիտությությունն ու պարսկերեն نمک گیر [նամաք-գիր] (աղապարտ) բառը փոխկապակցված են։ Քանի որ աղով պատվելը մի հնարք է, որով արևելցին փորձում է պարտավորեցնել հյուրին՝ հետագայում իր խնդրանքների կատարումը պարտադրելու համար։ 2019 թվականի օգոստոսին Կիև այցելած Իսրայելի վարչապետի տիկինը, ըստ երևույթին, իմանալով աղի «պարտավորեցնող հատկության» մասին, հրաժարվում է իրեն մատուցած աղուհացը համտեսելուց, ինչը հարուցում է հյուրընկալողի դժգոհությունը։2013 թվականի ապրիլին Իրանի ԱԳՆ խոսնակ Մեհմանփարասթի Բելառուս այցելության ընթացում Մինսկի համալսարանի իրանագիտության կենտրոնի բացմանն իրանցի հյուրին աղուհաց հրամցնելու ժամանակ, իրանական պատվիրակության անդամներից մեկն զգուշացնում է Մեհմանփարասթին, թե բելառուսները ցանկանում են իրանցիներին նամաք-գիր՝ աղապարտ անել (պարտքի տակ դնել)։ Ահա թե ինչո՞ւ, թե՛ կենցաղում և թե՞ դիվանագիտության մեջ պետք է զգուշանալ աղի չարաշահումից։