28 տարի առաջ՝ օգոստոսի 24-ին, Դրմբոնի մարտերում ընկավ Բեկոր Աշոտը(տեսանյութ)

88

Այսօր Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հիշատակի օրն է: 28 տարի առաջ՝ օգոստոսի 24-ին, նա ընկավ Դրմբոնի մարտերում: Մինչ վերջին մարտը, Բեկոր Աշոտի հրամանատարությամբ կռիվներ են մղվել Ասկերանում, Շահումյանում, Կրկժանում, Շուշիում, Վերին Շենում, Լաչինում, Մարտակերտում ու էլի տասնյակ բնակավայրերում:

Բեկոր Աշոտին՝ որպես հրամանատարի, անվերապահորեն են ընդունել բոլոր ազատամարտիկները, իսկ հայտնի է, որ այդ տարիներին, երբ չկար կազմավորված կանոնավոր բանակ, բոլոր առաջնորդները միանշանակ չէին ընդունվում:

Պատմում են, որ 1992-ի մայիսի 8-ի վաղ առավոտյան Բեկոր Աշոտը կապ է հաստատել Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հետ ու ասել՝ ես Շուշիի բերդի պատին նստած եմ, մի քիչ հետո մտնելու եմ քաղաք:

Հերոսը չհասցրեց տեսնել իր երրորդ որդու ծնունդը: Նրա անունը կնքեցին Բեկոր՝ հոր հիշատակին:

Այսօր Բեկոր Աշոտի հուշաքարին են այցելել նրա հարազատները, մտերիմները, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա ֆեյսբուքյան էջում գրել է.

Հարգելի ՛ հայրենակիցներ

Այսօր Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հուշաքարի մոտ հարգանքի տուրք եմ մատուցել նրա հիշատակի օրվա առթիվ:

Մեր վերջին հանդիպումը զոհվելուց ժամեր առաջ էր, Չլդրանում՝ Ֆելիքս Գզողյանի ներկայությամբ: Իսկ մահվան բոթը ցնցել էր բոլորիս…

Հուշաքարի մոտ հաճելի հանդիպում ստացվեց նրա գեղեցիկ ընտանիքի անդամների հետ: Հերոս պապի թոռները մեծանում են Բեկորի ու մեր հազարավոր հայորդիների կյանքի գնով սրբացած Հայրենիքում:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/977979442649099/