ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ

70

ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ ՀՀ զինված ուժերի 2020 թ․ պատրաստության պլանի համաձայն՝ այսօր վաղ առավոտյան ժամը 05:00-ին  ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ մեկնարկել են ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամիավորման և զորամասերի հետ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժություններ։

Զորավարժությունների նպատակն է ստուգել զորքերի մարտական պատրաստականությունը և միջոցներ ձեռնարկել միջոցառումների կատարման ժամանակացույցերի կրճատման ուղղությամբ, ստուգել և կատարելագործել կառավարման մարմինների ունակությունները օպերացիաներ նախապատրաստելիս և վարելիս, խաղարկել հակառակորդի հավանական ագրեսիայի ետմղման և նրա հարվածային խմբավորումների ջախջախման օպերատիվ-մարտավարական դրվագներ, ինչպես նաև համաձայնեցնել զորամիավորման և այդ ուղղությամբ աջակցման համար նշանակված ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը։