Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ

161

Ս. թ օգոստոսի 23-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։ՀՀ պաշտպանության նախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է հուլիսյան մարտական գործողություններից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության, ինչպես նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին։ Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ որոշ պետությունների ագրեսիվ հռետորաբանությունը և իրականացվող ռազմական բնույթի քայլերը միտված են տարածաշրջանային իրավիճակի ապակայունացմանն ու ռազմականացմանը։ Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարը կարևորել է կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը բոլոր պետությունների կողմից։ Ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական դաշնակցային բնույթը, նախարարները քննարկել և պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական համագործակցության ուղղությամբ առաջիկա անելիքների շուրջՀ. Գ. Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում է «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակներում: