Մրգի եւ բանջարեղենի թանկացումների “շքերթն” ամռան ամիսներին

68
Ինչի՞ հետեւանք է այն եւ որո՞նք են գյուղատնտեսության անմխիթար վիճակի պատճառները

Այս տարին աչքի է ընկնում գյուղմթերքների անհամեմատ բարձր գներով: Ըստ վիճկոմի հրապարակած տվյալների, հունիս եւ հուլիս ամսիներին բանջարեղենի եւ հատկապես մրգերի գները զգալիորեն գերազանցել են նախորդ տարվա նույն ամիսների գներին: Դիտարկենք թե ինչպե՞ս են փոխվել դրանք վերոնշյալ ամիսներին, ինչի՞ հետեւանք է դա եւ ինչպիսի՞ վիճակ է ստեղծվել գյուղատնտեսությունում:

Ակնհայտ է, որ բերքի սակավությունն է թանկացման պատճառը: Անգամ վիճկոմն է փաստում, որ, բացառությամբ կարտոֆիլի, մրգի, բանջարեղենի եւ հատկապես հացահատիկի բերքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քիչ է եղել: Փորձագետների գնահատականով, կրկնակի նվազել են նաեւ Հայաստանից արտահանված միրգն ու բանջարեղենը:

Այսպիսով, հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ, ըստ պաշտոնական վիճակագրության, բանջարեղենը 4,6 տոկոսով է ավելի թանկ եղել, իսկ հուլիսին անցած տարվա հուլիսի համեմատՙ 5,4 տոկոսով: Մրգի գները այս տարվա հունիսին անցած տարվա հունիսից ավելի բարձր են եղել 14,2 տոկոսով, իսկ այս տարվա հուլիսին անցյալ տարվա հուլիսիցՙ 33,6 տոկոսով:

Հարկ է նշել, որ ամենից շատ սպառվող մրգերի եւ բանջարեղենի գներն են էապես բարձրացել: Այսպես, լոլիկի գինը հունիսին 37,2 տոկոսով է թանկ եղել անցած տարվա հունիսի համեմատ, հուլիսինՙ 28,9 տոկոսով անցած տարվա հուլիսի համեմատ: Վարունգի գները գրեթե անփոփոխ են մնացել, իսկ ահա սմբուկինը նույնպես հունիսինՙ 41,7 տոկոսով, հուլիսինՙ 27,2 տոկոսով է թանկ եղել նախորդ տարվա նույն ամիսների համեմատ:

Մրգերից ամենակտրուկ թանկացել է խնձորըՙ հունիսին 84,8 տոկոսով, հուլիսին 120,3 տոկոսով ավելի թանկ լինելով նախորդ ամռան նույն ամիսների համեմատ: Ծիրանի գները հունիսին ավելի թանկ են եղել 2,2 տոկոսով, իսկ ահա հուլիսինՙ 28,8 տոկոսով: Ելակը հունիսին թանկացել է 39,2 տոկոսով, հուլիսինՙ 36,5 տոկոսով, կիտրոնը հունիսին թանկացել է 40,1 տոկոսով, հուլիսինՙ 21,6 տոկոսով: Մենք բոլորս ականատես ենք նաեւ դեղձի եւ սալորի այս տարվա կտրուկ թանկացած գներին, որոնց վերաբերյալ սակայն վիճկոմը տվյալներ չի հրապարակել:

Էժանացել են հիմնականում ներմուծվող մրգերը: Օրինակՙ հուլիսին էժանացել է բանանըՙ պայմանավորված նրա միջազգային գներով եւ սեզոնային գործոնով: Էժանացել է նաեւ նուռը, որը դարձյալ ներմուծվող միրգ է, քանի որ հայկական նռան բերքը հասնում է միայն աշնան սկզբին:

Բանջարեղեից էժանացել են խառը կանաչին եւ կանաչ սոխը, գազարը եւ սունկը, կարտոֆիլն ու գլուխ սոխը: Այսինքն, էժանացել են բանջարեղենի այն տեսակները, որոնց մասին ընդդիմադիր ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասում էր §դուք մարդկանց ասում եքՙ միս մի կերեք, խառը կանաչի ու կանաչ սոխ կերեք¦: Հիմա նա արդեն այդպես չի ասում, իսկ §հպարտ¦ քաղաքացիներն էլ առանձնապես չեն դժգոհում այս տարվա թանկացումներից: Մինչդեռ, այս իրավիճակը կառավարության սխալների հետեւանքն է:

Գյուղատնտեսության մյուս խոշոր ճյուղումՙ անասնապահությունում, վիճակը շատ չի տարբերվում: Նվազել են տավարի, խոզի, ոչխարի մսի արտադրության ծավալները: Միայն թռչնի մսի արտադրության աճի շնորհիվ է մսի արտադրության ընդհանուր ծավալներում աճ ստացվել: Կաթի արտադրությունը նույնպես նվազել է, ավելացել է միայն ձվի արտադրությունը:

Սակայն, հակառակ բերքի սակավության եւ թանկացման, մսի եւ կաթի արտադրության ծավալների նվազման, տարվա առաջին կեսին գյուղատնտեսությունում վիճկոմը 1,7 տոկոս աճ է ցույց տվել: Հարց է առաջանում ինչի՞ հաշվին:

Նման ցուցանիշի առաջին պատճառը թռչնի մսի եւ ձվի արտադրության աճն է: Երկրորդըՙ գյուղատնտեսության ցուցանիշների ավանդական աղավաղումը, որը վերջին տարիներին վերածվել է իրականությանը հակառակ պատկեր ցույց տալուն: Եվ երրորդըՙ օգնության են հասել գյւողատնտեսության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են անտառահատումըՙ §փայտամթերում¦ անվամբ եւ անտառաբուծությունը:

Փայտամթերումը տարվա առաջին կիսամյակում աճել է 2,1 անգամ: Հիշեցնենք, որ երկու տարի առաջ Իջեւանում այս գործով զբաղվողների դեմ վարչապետ Փաշինյանը ոստիկանության հատուկ ջոկատներ դուրս բերեց: Սակայն, ինչպես տեսնում ենք, անտահառատման ծավալներն ավելի քան կրկնակի աճել են: Առավել արտասովորն այն է, որ իրենց բնապահպան համարողներն էլ լուռ են:

Անտառաբուծության ծավալներն աճել են 19 անգամ: Առաջին տպավորությամբ սա շատ լավ է, եթե իրականությանը համապատասխաներ: Ինչո՞ւ է դա անհավանական:

Անցյալ տարի 500 հազար ծառ տնկելու համար կառավարությունը հատկացրել էր 424 մլն դրամ, այս տարվա առաջին կեսին անտառաբուծության համար ծախսված գումարը կազմել է մոտ 784 մլն դրամ: Հետեւաբար, անցած մեկուկես տարում մենք պետք է ականատես լինեինք մոտ 1,5 մլն տնկված ծառերի: Անհնար է, որ դա աննկատ մնար, բայց արձանագրվեր վիճակագրության կողմից: Սակայն, տնկված ծառեր չենք տեսնում, բայց տեսնում ենք վիճակագրական տվյալներ:

Այսինքն, կարող ենք փաստել, որ գյուղատնտեսությունում իրականում անկում է տեղի ունենում, բայց դա ամեն կերպ թաքցվում է, քանի որ նման վիճակը հետեւանք է իշխանության կոպիտ սխալների: Թվարկենք դրանք:

1. Վարչապետ Փաշինյանը թույլ չտվեց, որ 2018 թ.-ին հուլիս-օգոստոս ամիսներին ոռոգման ջուր բաց թողնվեր Սեւանից: Գյուղատնտեսությունն այդ տարի տասնյակ միլիարդավոր դրամների վնաս կրեց, որի վերականգնման համար տարիներ եւ լուրջ ջանքեր ու միջոցներ են պահանջվում:

2. Նախկին իշխանությունների կողմից իրականացվող գյուղատնտեսության աջակցության ծրագրերըՙ պարարտանյութի, վառելիքի սուբսիդավորում, սերմացուի անվճար տրամադրում, այս իշխանությունները դադարեցրել ենՙ կոռուպցիոն ռիսկերի պատճառաբանությամբ:

3. Ներկայիս իշխանությունը առանց որեւէ մասնագիտական հիմնավորման փակել է գյուղատնտեսության նախարարությունը, որը զբաղվում էր ամենամեծաթիվ բնակչություն ընդգրկող ոլորտի առօրյա հարցերով եւ զարգացման ծրագրերով: Մինչդեռ, կառավարության ծրագրում գյուղատնտեսությունը հռչակված է գերակայություն: Եթե նման մոտեցում է ցուցաբերվում գերակայություն հռչակված ճյուղի նկատմամբ, ապա զարմանալի չէ տնտեսության մյուս ճյուղերում ճգնաժամային կացությունը: