Հայ-ռուսական հարաբերությունների վիճարկումները՝ ՀՀ անվտանգության համատեքստում

185

Հայաստանյան հասարակության մի մասը հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական և սկզբունքային, անգամ գոյաբանական է համարում, իսկ մյուս մասը դրանք պարբերաբար փորձում է վիճարկել։ Առաջին մոտեցման պատճառաբանումը և՛ պատմականորեն, և՛ ներկայիս անվտանգային միջավայրի համատեքստում հստակորեն բացատրելի է և փաստացի, մասնավորապես՝ դիտարկելով թուրք-ադրբեջանական միացյալ հակահայկական ռազմավարական պլանավորումը և սադրանքները։ Երկրորդ մոտեցումը, այն է՝ հայ-ռուսական միացյալ անվտանգային ջանքերի անհրաժեշտության վիճարկումը հայաստանյան հասարակության որոշ շրջանակների, իրենց «փորձագետ» անվանողների, սոցցանցերում գրառումներ անելուց բացի ոչնչով չզբաղվողների, նաև՝ արևմտյան երկրների հայկական համայնքների ներկայացուցիչների կողմից, ս․թ․ հուլիսյան թուրք-ադրբեջանական սադրանքների համատեքստում ակնհայտ հիմարություն է ու անգամ ՀՀ անվտանգությանը սպառնացող «մտածելակերպ»։  Միևնույն ժամանակ, նկատելի է, որ Ռուսաստանից «պրծնելու», ռուսաստանցիներին «սպիտակ թուրք» անվանելու, պարբերաբար պատմական այս կամ այն իրադարձությունը հիշելու ու մեկնաբանելու, «Ռուսաստաններ» զանգվածաբար խոպան գնալու, այնտեղ գումար աշխատելու, բայց վերադառնալով՝ ռուսաստանյան հասարակությունը ձեռք առնելու, իրենց բարքերը ծաղրելու կենցաղավարական և անգամ մասնագիտական սովորությունը մշտապես այս կամ այն չափով մեզանում առկա է։ Ի՞նչ է սա․ հիմարությու՞ն։ Մեծամտության դրսևորու՞մ։ Կոլեկտիվ թերարժեքության բարդու՞յթ։ Մանր խորամանկությու՞ն։

Ավագ սերնդի ներկայացուցիչները կհիշեն /նաև իրենց սեփական վարքից/․ խորհրդային տարիներին շատ տարածված էր երեխաներին ռուսական դպրոցներ տալ՝ անգամ մեծ դժվարություններով, ծանոթով։ Միևնույն ժամանակ, նույն Խորհրդային Հայաստանում տարածված կենցաղային մոտեցումներից էր ռուսերեն խոսողներին թարս նայելը, ոչ հայկական անուն ունեցող երեխաներին ու իրենց ծնողներին հարցադրում անելը, թե բա ինչ է՝ մի լավ հայկական անուն չկա՞ր։

Չի բացառվում, որ միևնույն մարդիկ և՛ իրենց երեխաներին ռուսական դպրոցներ էին խցկում, և բարձրաձայն «հայրենասիրություն» էին հնչեցնում, կարծես ռուսներին փնովելը հայրենասիրություն է․․․

Հայաստանյան հասարակության մեջ նման երկերեսանիության դրսևորումները և՛ խորհրդային, և՛ անկախության ժամանակահատվածում համապարփակ չէր, իհարկե․ եղել են և կան անկախության չափելի և իրագործելի մոտեցումների կողմնակիցներ, նաև՝ հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական կարևորությունն առանց ավելորդ գովազդման և գովերգման պատկերացողներ։ Սակայն, հենց Ռուսաստանը ծաղրող և Ռուսաստանից «պրծնելու» քարողչությունն անողների պատճառով է, որ Հայաստանի և մեր հասարակության համար օրհասական պահերին, նաև՝ այս տարի, կարծես ազգովի տպավորություն ստեղծենք, թե դարձյալ «վազում ենք Ռուսաստանի մոտ և օգնություն խնդրում»։

Ռուսաստանից անվտանգային կախվածության մշտական պայմաններում հակառուսական քարոզչության հետևանքով էր, որ ամբողջ հայաստանյան հասարակությունը ստիպված եղավ «վայելելու» Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի Telegram-ի գրառմանը տհաճությունը՝ փաստացի հասցեագրված բոլորիս, թե բա «հիմա, երբ ձեր սահմանին պատերազմ է, երբ ձեր ռեժիմի բուն գոյությունը վտանգված է, երբ ամբողջ աշխարհի հայերը արդեն տեսնում են ենիչերիների կենդանացած ուրվականները՝ կեռ թրերով, որոնցով մորթել են մեր նախնիներին, դուք հիշեցիք, որ Ռուսաստանը պետք է դարձյալ ձեզ փրկի»․․․ Ժամանա՞կ գտանք վիճարկելու Ռուսաստանի կարևորությունը։ Ավելին․ այսօր ձևավորվող տարածաշրջանային և մասամբ՝ գլոբալ անվտագգային նոր միջավայրի պայմաններում, որում մեծ դերակատարման հավակնություններ ունի Թուրքիան, Մարգարիտա Սիմոնյանը չէ, որ մեզ պետք է բացատրեր ՌԴ կարևորության մասին։ Ավելին․ կարծես թե մոռացել ենք, որ ՌԴ-ի հետ դաշնակիցներ ենք, և որպես դաշնակից՝ պետք է ոչ միայն ստանանք ՌԴ-ի աջակցությունը, այլ նաև համարժեք ընկալենք ռուսաստանյան իրողություններն ու պատկերացումները իրեն սպառնացող վտանգների վերաբերյալ, հանդես գանք առաջարկություններով՝ միասնական անվտանգային գերծելակերպի վերաբերյալ։ Մինչդեռ, կարծես թե, ոչ միայն չենք կիսում դաշնակցի անվտանգային մտավախություններն ու ռազմավարական ջանքերը /դրա ապացույցներից է Ղրիմի՝ ՌԴ-ի մաս չճանաչելը, անգամ՝ ՀՀ հանդեպ Ուրկայինայի ադրբեջանամետ դիրքորոշման պայմաններում/, այլև փորձում ենք ֆեյսբուքյան հարթակներից մեր դաշնակցին «կծել»՝ մեղադրել, փնովել, ձեռք առնել։  

Հարցն այն է, թե արդյո՞ք չարժե զսպել այդ հակառուսական կենցաղավարական կամ փողոցային-փորձագիտական պոռթկումները, որոնք մատուցվում են որպես հայրենասիրություն և իրականում կեղծ «հայրենասիրության», բարդութավորվածության, հիվանդագին մեծամտության կամ անգրագիտության դրսևորումներ են։

Նույնը վերաբերում է ՀՀ՝ ՀԱՊԿ-ի անդամության վիճարկմանը։ Պարզ է, որ սովորական քաղաքացիների մակարդակում այդ կազմակերպության դերակատարումը, կարևորությունը, արդյունավետությունը ակնհայտորեն չեն երևում, թվում են պասիվ, լճացած, սակայն գոնե իրենց փորձագետ համարողները պարտավոր են ավելի խորքային ընկալում ունենալ և զգոն լինել տարաբնույթ կտրուկ որոշումների ընդունմանը, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու կոչեր անելու հարցում։ Անհրաժեշտ է սեփական ուղեղով հասկանա, և ոչ թե սպասել այս կամ այն ռուսաստանցի լրագրողի հորդորների կամ մեղադրանքների․ հենց Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, անմիջապես ՀԱՊԿ-ի անդամության հայտ կներկայացնի Ադրբեջանը, որին այդ կազմակերպության որևէ անդամ-պետություն մերժելու հիմքեր չի ունենա՝ անգամ շատ ուզենալու պարագայում։  Դրանից հետո ս․թ․ հուլիսյան իրադարձությունների տիպի հետագա դեպքերում,  Ռուսաստանի ղեկավարությունը կկանգնեցվի դժվար ընտրության առաջ․ պաշտպանել Հայաստանի՝ որպես երկկողմ ռազմավարական հարաբերություններում դաշնակցի՞ շահերը, թե՞ Ադրբեջանի՝ որպես ՀԱՊԿ անդամ պետության շահերը: ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայությունն արդեն իսկ զսպիչ գործոն է, և այդ ներկայությունը ոչ միայն չի կարելի սահմանափակել, այլ, ընդհակառակը, այն պետք է ամրապնդել: Այդ իմաստով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար, գեներալ Յուրի Խաչատուրովի պաշտոնից հետկանչելն ու նրա դեմ քրեական գործի հարուցումը ՀԱՊԿ-ում ՀՀ դիրքերի թուլացում էր։

Ս․թ․ հուլիսին ադրբեջանաթուրթական հակահայկական սադրանքներն ուղեկցվել են Ադրբեջանի տեղեկատվական թեժ գործողություններով, նաև՝ ռուսաստանյան և ռուսալեզու տեղեկատվական հարթակներում։ Այդ գործողությունների հիմնական թիրախներից էին հայ-ռուսական հարաբերությունները, որոնք փորձ է արվել պառակտել, թուլացնել, վիճարկել։ Մասնավորապես, ադրբեջանցիների կողմից փորձ էր արվել ռուսաստանյան հասարակության աչքերում վարկաբեկել Հայաստանի և հայաստանյան հասարակության դաշնակցային, բարեդրացիական կերպարը։ Փաստորեն, հայ-ռուսական հարաբերություններին վնասելու և մեզ դաշնակցի աջակցությունից զրկելու նպատակով ադրբեջանցի քարոզիչներն օգտագործում էին նաև հայաստանյան «փորձագետների» ու մեր հասարակության մի մասի կողմից տարածվող հակառուսական՝ արդեն ավանդական դարձած պոռթկումները, իսկ մեր հասարակության և քաղաքական վերնախավի ներկայացուցիչները, դարձյալ հիմարաբար կամ կանխամտածված կերպով, դրանով հեշտացրել են ադրբեջանցիների գործը։

Այստեղ կա նաև երկկողմանի խնդիր․ որպես դաշնակիցներ՝ ՀՀ և ՌԴ մոտեցումները մեր երկու երկրների ռազմավարական նպատակների վերաբերյալ պետք է համահունչ դարձվեին ու միասնաբար, պատշաճ կերպով պաշտպանվեին դրանք վիճարկող արտաքին և ներքին աղբյուրներից, այդ թվում՝ ադրբեջանական։ Բացի այդ, հուլիսյան դեպքերի ժամանակ ակնհայտ դարձավ, որ ադրբեջանական աջակցությունը ստացող տեղեկատվական, գիտական կազմակերպություններն ու ադրբեջանամետ շահերի խմբերը ՌԴ տարածքում բացահայտ գործում եմ ՌԴ դաշնակցի դեմ։ Նման հակահայկական պայքարը դաշնակցի տարածքում հետագայում կանխելու նպատակով ոչ միայն անհրաժեշտ է ՌԴ-ում հայկական համայնքների, կազմակերպությունների, անհատների միասնական, կազմակերպված և ավելի մեծ ծածկույթով գործելու կարողությունը, այլև ՌԴ իշխանությունների կողմից իր տարածքում հակահայկական գործելակերպի կանխարգելումը։ Այդ իմաստով նույնպես կարիք կա ոչ թե զգացմունքային և արձագանքող, այլև մասնագիտական և համատեղ գործելու կարողություն և՛ հայաստանյան, և՛ ռուսաստանյան իշխանությունների կողմից։ Պետք է ընդունել, որ հայաստանյան իշխանությունների, փորձագետների, նաև ՌԴ-ում հայկական համայնքների կողմից դեռևս բավարար չէ համագործակցության առկա մակարդակը ռուսաստանյան ԶԼՄ-ների, գիտական, կրթական և մշակութային կազմակերպությունների, քաղաքական վերնախավի ներկայացուցիչների հետ։

Միևնույն ժամանակ, առնվազն մեր հասարակության մակարդակում պետք է ըմբռնել ու ամրագրել մի ակնհայտ ճշմարտություն․ ինքներս մեզ ու մեր դաշնակցին պետք ենք որպես ուժեղ, պատասխանատու և կազմակերպված պետություն՝ ոչ թե ֆեյսբուքյան գրառումներով տարված ստվար բնակչությամբ, «փորձագետներով» և վերնախավով, այլև Հայաստանի զարգացմանն ու անվտանգության ամրապնդմանն ուղղված հասկանալի, պրագմատիկ և արդյունավետ գործելակերպով:

 Արթուր Աթանեսյան, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետ