Կարող է՝ սնանկ ճանաչվենք եւ լուծարվենք․ Մարալիկի ծննդատան աշխատակիցների՝ 12 մլն դրամ չվճարված աշխատավարձ է կուտակվել

100

Մարալիկի ծննդատունը, որի աշխատակիցները բողոքում են կառավարության կողմից ֆինանսավորումը դադարեցնելուց, կանգնել են ֆինանսական լուրջ խնդիրների առջեւ, որոնք կարող են հանգեցնել անգամ կենտրոնի լուծարմանը։ Հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բաժանմունքի պետպատվերը մերժվել է, սակայն Կառավարության որոշում չկա, ինչի հետեւանքով էլ իրավական հիմքերը բացակայում են հաստատության 13 աշխատակցի աշխատանքից ազատելու համար եւ նրանք, փաստացի, չեն կարողանում նաեւ աշխատավարձ ստանալ:

«Չկա հստակ իրավական ակտ, որի հիման վրա հնարավոր լինի ծանուցել աշխատակիցներին ազատման մասին։ Իրենք գտնվում են աշխատանքի մեջ եւ չեն ստանում աշխատավարձ։ Արդեն 7 ամսվա աշխատավարձ չեն ստացել, կուտակվել է 12 մլն դրամ չվճարված աշխատավարձ։ Հունվարին 6 ծնունդ ենք ընդունել, այդ ժամանակ դեռ ֆինանսվորվում էր, դրանց եմ գումարել այն դրամագլուխը, որ ունեինք հավաքված եւ կարողացել եմ միայն հունվարի աշխատավարձը տալ։ Դրանից հետո մինչեւ հիմա 21 ծնունդ ենք ընդունել, բայց աշխատավարձերը չենք կարողանում տրամադրել։ Իսկ ես իրավունք չունեմ աշխատանքից որեւէ մեկին ազատելու առանց իրավական հիմքի, ինձ կարող են դատի տալ մինչեւ անգամ»,- ասաց  Անուշ Հովսեփյանը։

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը պատմեց, որ երբ 2019թ․ մերժվել է մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի պետպատվերի հայցը, նախարարության կողմից այց է եղել, ուսումնասիրություն, գրանցել են բոլոր թերացումները, որոնք իրենք հետագայում շտկել են, սակայն դա էլ օգուտ չի տվել հետագայում։

Խնդրի լուծման համար մեկ շաբաթ առաջ նամակ են ուղարկել վարչապետին, բայց ոչ մի արձագանք։ Եթե այսպես շարունակվի, չի բացառվում, որ լուծարվի հաստատությունը։

«Ֆինանսական բեռը մեծանում է։ Մենք բոլորս անհանգստություն ունենք, որ կարող է՝ ֆինանսական բեռը մեծանա, սնանկ ճանաչվենք եւ լուծարվենք։ Օր օրի մեր ֆինանսական բեռը մեծանում է, մենք խնդրում ենք որոշակիություն։ Ինչքա՞ն կարելի է անորոշության մեջ մնալ»,- նշեց տնօրենի ԺՊ-ն։

Աղբյուր՝ News.am