“Պայքարի” բացառիկ-բացառիկը

77

2020 թվականը հոբելյանական է մի քանի առումներով` օգոստոսին լրացավ Սևրի դաշնագրի և Կիլիկիայի անկախ հանրապետության հռչակման 100-ամյակները և ազգային-ազատագրական պայքարի աննկուն մարտիկ Միհրան Տամատյանի մահվան 75-ամյա տարելիցը: <<Բացառիկներն>> ավելի հատուկ են եղել սփյուռքահայ մամուլին: Այդ գնահատելի ավանդույթը շարունակեց <<Պայքարը>>:

            Առաջին էջում ՀՀ վարչապետի <<Սևրի պայմանագիրը պատմական փաստ է, մեր պարտքն է հիշել այն և պահպանել նրա խորհուրդը>> վերնագրով ուղերձն է, որով առաջին անգամ պետականորեն վերաբերմունք է դրսևորվում Սևրի դաշնագրի նկատմամբ: Պատմության խորը իմացության և փաստերի տրամաբանված համադրությամբ <<Կիլիկեան ազգային օճախի կորուստը եւ պատմութեան դասերը>> Ե. Ազատյանի խմբագրականում հպարտություն կա, կորստի ցավ, պատմութունից սերունդներին ուղղված դասեր քաղելու հորդոր: Հեղինակն իրավացի է, երբ գրում է, որ Կիլիկիայի կորուստի դառը ցավը լուսավորեց արցախյան ազատամարտի ճանապարհը և առաջնորդեց մեզ հաղթանակի: Հաջորդը Գերսամ Ահարոնյանի <<Մեծ երազի ճամբուն վրայ>> գրքի <<Սեւրի դաշնագիրը>> հատվածն է, որտեղ հեղինակը ցավով է արձանագրում, որ Սևրի պայմանագրով հայ ժողովուրդը մեծ ցավ, ափսոսանք, հիասթափություն և պատմական հեգնանք ապրեց:

                Մ. Պուլտուքյանը <<Սեւրէն հարիւր տարի ետք>> հոդվածում հողինակը նշում է, որ թեև Սևրը չգործեց, սակայն այն <<պիտի մնայ մեր ժողովուրդը համախմբող խարիսխ>>: Օ. Պոտրումյանն էլ <<Ինչ տուաւ Սեւրի դաշնագիրը հայ ժողովուրդին>> հոդվածում արձանագրում է, որ Լոնդոնում և Լոզանում <<Հայկական հարցի գերեզմանը փորուեցաւ>>: Գիտական պատշաճ մակարդակով և թարմ եզրահանգումներով է գրված հայրենաբնակ պրոֆեսոր Ս. Սարգսյանը <<Հարյուրամյա Սևրի դաշնագիրը>> հոդվածում նշում է, այն իրատեսական պայմանները, որոնք առկա են դաշնագիրը կյանքի կոչելու համար. ա) միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ ՀՀ, բ) տարածքային որոշ վերադարձ, գ) Հայրենիք-Սփյուռք-Արցախ եռամիասնություն, դ) սթափ, մտածողություն, անկոտրում կամք և վստահություն ապագայի նկատմամբ: Հոդվածագիրը եզրակացնում է, որ հետևողական աշխատանքի և հզոր ուժ գոյացնելու շնորհիվ է հնարավոր կյանքի կոչել դաշնագիրը: Նաև շեշտում, որ սովորաբար հայերին են վերաբերել դաշնագրի 88-93-րդ հոդվածները, այնինչ այդպիսիք են 142, 144, 226-228, 230, 349, 351, 352-րդ և այլ հոդվածները: Հեղինակն ընդգծում է նաև, որ այսօր էլ Թուրքիայում սևրոֆոբիա գոյություն ունի:

            Տեղեկատվական բնույթ ունեն Գ. Հալեպյանի <<Սեւրի հաշտութեան դաշնագրի 100-ամեակ>>, Վ. Սվազլյանի <<Հայկական Կիկիլկիայի 300-ամյա փառահեղ թագավորությունը և կիլիկիահայոց ինքնապաշտպանական մարտերը զավթիչների դեմ>> հրապարակումները:

            Երկրորդ`<<100 տարի առաջ`Կիլիկիայում>> բաժինը բացվում է Հ. Ավետիքյանի <<Անկախության սխրանքի փորձ>> հոդվածով: Շեշտվում է, որ հայերը բոլոր ժամանակներում պետականության գաղափարի կրողներ  են և մշտապես պայքարել են դրա համար և օրինակ է բերում 1920 թ. Կիլիկիայի ինքնավարության հռչակման փաստը: Հ. Վարդիվառյանը <<Կիլիկեցիներուն միօրեայ անկախութիւնը>> հոդվածում ևս ընդգծում է այդ հանգամանքը: <<Կիլիկիոյ ազատագրութեան ճանապարհին>> հրապարակման հեղինակ  Ա. Ռազմիկը ևս նշում է, որ ֆրանսիացիների <<ասպետական պահվածքից Կիլիկիոյ ազատագրութեան ճանապարհը մնաց կիսատ…>>: Մ. Տամատյանի <<Կիլիկիեան դատին իսկական բնոյթը եւ նշանակութիւնը>> հրապարակման մեջ էլ անկախության այդ փորձը և Կիլկիան որակվում է Միջերկրականի գոհար, Հայաստանը դեպի ծով քաշող մագնիս, <<ներկա եւ ապագայ սերունդներուն գրգանշոյլ երազ>>: Ազնիվ հոգու ճիչ ու անզուսպ պոռթկում է Ս. Վահագնի <<Հաճընը սիրուն>> վեպի <<Կիլիկիան մե’րն է>> հրապարակումը: Ցավի, ափսոսանքի և լուսավոր ապագայի նկատմամբ հավատի խտացված մարմնացում է Պ. Գալաջյանի <<Կիլիկիոյ որբերը-եւ անոնց պանծալի ապագան>> հոդվածը: Պատմագիտական և գեղարվեստական պատումի շաղախ է Գ. Ջանիկյանի <<Մուսալեռցիները Մուսա լեռում ու Մուսալեռից հետո>> հրապարակումը: Զ. Գրիգորյանի <<Առասպելական Զեյթունը>>, դոկտոր Զաըէն Ա. քահանայ Արզումանյանի <<Տ.Տ. Սահակ Բ. Խապայան կաթողիկոսի վերջին այցն ու Կիլիկիոյ դժբախտ ճակատագիրը>> հրապարակումները ևս համահունչ են օրվա խորհրդին:

Հեղինակի այլ հոդվածներ՝ Այսօր Սևրի դաշնագրի 100-ամյակն է, Քննադատությունը եւ մենք, Մենք պետականության գաղափարը հավերժ կրող ժողովուրդ ենք

            Անմահ հերոսի հիշատակին խոնարհումի անկեղծ տուրք է նյութի իմացությամբ և շրջանառության մեջ դրվող մեծաթիվ նոր արխիվային փաստերով Ս. Սարգսյանը <<Միհրան Տամատյան հեղափոխականն ու ազգային գործիչը>> հոդվածում բարձր է գնահատում Մ. Տամատյանի անուրանալի ներդրումը ազգային-ազատագրական պայքարի գործում, կարևորում է նրա ազգաշահ գործունեությունը Սփյուռքի ձևավորման դժվարին տարիներին: Տամատյանական մեծարման շարունակություն է Պ. Աղպաշյանի <<Աննկուն յեղափոխական մտաւորական կուսակցական` Միհրան Տամատեան (Կիլիկիոյ վերջին վարչապետը)>>, Ա. Շխրտըմյանի <<Միհրան Տամատեան հայ ժողովուրդին նուիրեալ մարտիկը, Հ. Իսկահատյանի <<Հայոց արդար պահանջները եւ Միհրան Տամատեանի Կիլիկիոյ անկախութեան հռչակագիրը>> միմյանց լրացնող հոդվածները:

            Բացառիկը հաջողված պատմագիտական և բանասիրական արժանի հուշարձան է Սևրի դաշնագրի, Կիլիկիայի ինքնավարության 100-ամյա հոբելյաններին և Մ. Տամատյանի հիշատակին: Ժողովածուն զերծ չէ նաև թերություններից: Այնպիսի տպավորություն է, որ որոշ նյութեր պատահաբար են հայտնվել բացառիկում, կան անհարկի կրկնություններ, հանրագիտարանային և համացանցից վերցրած նյութերի անփոփոխ կրկնություններ և այլն, որոնք սակայն բոլորովին չեն ստվերում կատարած մեծածավալ աշխատանքը: Նշենք նաև, որ բացառիկը կազմող հեղինակներին հաջողվել է մեկտեղել արժեքավոր հրապարակումներ, որոնցում կարմիր թելի նման անցնում է հայրենասիրության, հայրենիքին անմնացորդ նվիրվելու, այսուհետև օտարի վրա հույս չդնելու և մի շարք այլ անչափ կարևոր ու դաստիարակիչ գաղափարներ: Կատարված է շնորհալի աշխատանք, որի առիթով ցանկանում եմ շնորհավորել բոլոր հեղինակներին, խմբագրակազմին և ընթերցողներին այսպիսի ամփոփ և տարողունակ ասելիքով ժողովածուի համար:

Սուրեն Թ. Սարգսյան, պգդ, պրոֆեսոր