Կոմայի մեջ գտնվող Նավալնիին նախնական ախտորոշում տրվեց

74

Օմսկի թիվ 1 հիվանդանոցի բժիշկները նախնական ախտորոշում են տվել քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին, ում ինքնազգացողությունը լրջորեն վատացել էր ինքնաթիռում։ Թեստի արդյունքների համաձայն, ընդդիմադիր գործիչը կարող էր թունավորված լինել նեյրոլեպտիկների (հոգեմետ դեղեր) պատճառով:

Միևնույն ժամանակ, բժշկական խորհուրդը, հիմնվելով ուղեղի համակարգչային և մագնիսառեզոնանսային շերտագրության արդյունքների վրա, անմիջապես բացառել է գլխի մեխանիկական վնասվածքների հետևանքով գլխուղեղի արյունազեղման, ուռուցքների, հեմատոմաների հավանականությունը, ինչպես նաև էպիլեպսիան, հաղորդում է news.ru-ն։

Նավալնիի մոտ, հնարավոր է, տեղի է ունեցել թունավորում, որի դեպքում թույնը խաթարում է նյարդային իմպուլսի սինոպտիկ փոխանցումը: Սովորաբար նեյրոլեպտիկները նման ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա:

Ալեքսեյ Նավալնին գտնվում է կոմայի մեջ և միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքին։ Նավալնիի վիճակը գնահատվում է որպես կայուն ծանր: