Ասք բռնաբարված ֆեմինիզմի

72

Ասք բռնաբարված ֆեմինիզմի մասին

Վերջին արդեն չգիտեմ, թե քանի տասնամյակների ընթացքում մենք անընդհատ լսում ենք, որ կինը պարտադիր պետք է աշխատի, պետք է կայանա, պետք է կարիերա անի, պետք է ուժեղ լինի, պետք է հաջողակ լինի, պետք է անկախ լինի, պետք է ազատ լինի, պետք է, պետք է, պետք է…։ Մեզ բառացիորեն պարտադրում են անել ու լինել վերը թվարկած ամենը և դեռ մի բան էլ ավել։ Իսկ որևէ մեկը որևէ ամբիոնից, որևէ հոդվածի տողերից, որևէ գրքի էջերից երբևէ ասելու՞ է, որ կինը կարող է և չաշխատել, եթե չի ցանկանում, և եթե չկա դրա անհրաժեշտությունը։ Ասելու՞ է, որ կինը կարող է չանել և չլինել վերը թվարկած ոչինչը, եթե կարող է իրեն դա թույլ տալ։
Որևէ կին երբևէ պատրաստվու՞մ է անկեղծորեն խոստովանել, որ ժամանակակից աշխարհն ուղղակի պարտադրում է նրան անել այն, ինչը նա, գուցե, չի ցանկանում։
Եթե մենք հասել ենք ազատականության այն աստիճանին, որ ով ու ինչ ուզում՝ անում է, եթե հասել ենք մարդու անհատականություն, յուրահատկություն ու տրամաբանությունից դուրս թվացող ցանկացած ինքնադրսևորում ու «self-identification» ընդունելու աբսուրդային բարձրակետին, որով ամբողջ աշխարհը բռնաբարում ենք ցանկացած խտրականության պատճառով, անարգանքի սյունին ենք գամում ցանկացածին, ով որևէ մեկին կաղապար կամ կարծրատիպ է առաջարկում կամ պարտադրում, ապա ի՞նչն է մեզ խանգարում ընդունել ու հանդուրժել կնոջը, ով չի աշխատում, ով կենցաղը գերադասում է աշխատանքից, ով ընտանիքի մասին հոգալը գերադասում է կարիերայից, ով իր տղամարդու մասին հոգ տանելը գերադասում է տհաճ մարդկանց հետ անցկացվող հոգնեցնող բիզնես միթինգներից, ով իր երեխայի հետ դաս սովորելը գերադասում է այլոց երեխաներին դաս սովորեցնելուց, ով «տան կնիկ» լինելը գերադասում է «բիզնես լեդի» լինելուց։
Ես հաճախ եմ լսում «տրամաբանական» բացատրություններ առ այն, թե ինչու կինը պետք է անի այն ամենն, ինչ կնոջ վզին փաթաթում է ֆեմինիզմն ու ժամանակակից հասարակությունը, բայց այդ բոլոր պատճառաբանությունները բխում են հենց այն խնդիրներից, որոնք առաջացել են հենց այդ նույն պսևդո-ֆեմինիստական «արժեքներից»։
Ես հաճախ եմ լսում, որ կինը պետք է աշխատի, կարիերա անի, կայանա ու անկախանա, որպեսզի, ամուսնուց բաժանվելու դեպքում, կարողանա ինքնուրույն ապահովել իր և իր երեխաների բարեկեցիկ կյանքը։ Բայց ես ոչ մի անգամ կյանքիս ընթացքում այդպես էլ չլսեցի, որ ամուսնուց բաժանվելը բնավ պարտադիր չէ, որ կինը կարող է իր էներգիան աշխատանքային ամբիացիաների վրա վատնելու ու քամվելու փոխարեն զբաղվել իր և իր տղամարդու հարաբերությունների ներդաշնակության վրա ու հաջողել, օտար մարդկանց տված աշխատանքային հանձնարարությունները կատարելու փոխարեն կարող է կատարել իր ընտանիքի անդամների խնդրանքները և գնահատվել, օտարների համար սեփական քրտինքով նյութական բարիք ստեղծելու փոխարեն կարող է ճաշ եփել իր ընտանիքի համար և շնորհակալության խոսքեր լսել, օտարների համար մտավոր բարիք ստեղծելու փոխարեն կարող է ավելի շատ ժամանակ անցկացնել իր երեխաներին պարկեշտ մարդ և քաղաքացի դաստիարակելու համար և հաջողել։
Որևէ մեկը պատրաստվու՞մ է խոստովանել, որ բաժանությունների պատճառը հենց այն է, որ բոլորը զբաղված են բացառապես աշխատանքով, ժամանակ ու էներգիա չունեն իրար հետ շփվելու համար, օտարացել են, չեն լսում ու չեն հասկանում իրար։ Չեն էլ փորձում, որովհետև հոգնած ու սպառված են։ Մեկ տանիքի տակ գիշերները քնող մարդիկ դադարել են լինել ընտանիք, քանի որ չունեն պատճառ, ժամանակ ու էներգիա՝ իրար սիրելու, իրար գնահատելու, իրար շնորհակալ լինելու։
Ժամանակակից կինը չունի ժամանակ իր տղամարդու հետ շփվելու, խոսելու, նրան լսելու և հագեցնելու իր՝ տղամարդու մասին հոգ տանելու բնազդը, որը կնոջ էության ամենա նվիրական ու անբաժանելի մասնիկներից է։
Ժամանակակից կինը չունի ժամանակ իր երեխայի հետ խոսելու, շփվելու, չունի ժամանակ նրան լսելու, հասկանալու, բացատրելու, ուղղորդելու, օգնելու ու սփոփելու նոր ձևավորվող և դեռ փխրուն հոգեկերտվածքին՝ արտաքին աշխարհից հասցվող երբեմն անհամաչափ հարվածները։
Ժամանակակից կինը չունի էներգիա իր տղամարդուն սիրելու, նրա կողմից սիրվելու և իր երեխային պաշտպանելու համար։
Ժամանակակից աշխարհը կնոջը պարտադրում է չունենալ ժամանակ և էներգիա՝անելու այն ամենն, ինչ նրան տրված է բնությունից, հաճելի է, ջերմ է և երջանկացնող։
Ժամանակակից կինը պարզապես աշխատուժ է, որին շահագործում են, քամում են ու ուղարկում տուն՝ առնելու իր 8-ժամյա քունը, որպեսզի նա կարողանա հաջորդ օրը կրկին շահագործվել և քամվել։
Եվ այս ամենն անամոթաբար ներկայացվում է, որպես անկախություն ու կայացածություն։
Ասում են նաև, որ չաշխատող կինն անհետաքրքիր է, չի զարգանում և դադարում է հետաքրքիր լինել իր տղամարդու համար։ Թույլ տվեք հերքել այդ հիմարագույն պնդումը՝ հենվելով սեփական փորձիս վրա։ Ես միշտ ապրել եմ հենց այն կյանքով, որն ինձ պարտադրում է հասարակությունը՝ միշտ եղել եմ ըմբոստ, չենթարկվող, պայքարող, լավ եմ սովորել դպրոցում և համալսարանում։ Աշխատել եմ ուսմանս զուգահեռ՝ չափահաս դառնալուն պես։ Աշխատել եմ միշտ ու անձնվեր։ Աճել եմ ցանկացած աշխատատեղում՝ վերցնելով հնարավոր ամենը։ Բայց այսօր ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես չեմ վերցրել ոչ համալսարանից և ոչ էլ որևէ աշխատատեղից որևէ գիտելիք ու ռեսուրս, որն ինձ որևէ մեկի համար զարգացած, հետաքրքիր կամ հաճելի մարդ կդարձներ։ Այն ամենն, ինչն ինձ հետաքրքիր կին, մարդ, զրուցակից, լավ ընկեր և այլն է դարձնում, ես ձեռք եմ բերել «արտահերթ»՝ ուսումից ու աշխատանքից դուրս, հենց այն 8-ժամյա քնի հաշվին, որն ինձ ողորմացել է ժամանակակից աշխարհը։ Համալսարանն ու աշխատանքը տվել են ինձ գիտելիքներ, որոնք աշխատանքից դուրս՝ փող աշխատելուց բացի այլ բանի համար պիտանի չեն, իսկ իմ հոգին հարստացրել են և ինձ՝ տղամարդկանց համար հետաքրքիր կին են դարձրել անքուն գիշերների ընթացքում կարդացած գրքերը, ունկընդրած երաժշտությունը, դիտած ֆիլմերը, ընկերներիս ու ընտանիքիս հետ երկար ու անվերջ թվացող զրույցները, միայնության մեջ երբեմն 2-ժամ ոչինչ չանելու սովորությունը, որի ընթացքում ես «մարսում», «դասավորում» և «վերաարժևորում» եմ այդ ամբողջ՝ «արտահերթ» ստացած տեղեկատվությունը։ Ինձ հետաքրքիր մարդ է դարձնում այն ամենն, ինչը ժամանակակից ֆեմինիստական աշխարհում՝ որպես շահագործվող աշխատուժ, կիրառելի չէ, պիտանի չէ, պրակտիկ չէ։ Եվ ես վստահ եմ, որ այդ «արտահերթ» տեղեկատվությունը ես կարող եմ ստանալ նաև, եթե «բիզնես լեդիի» փոխարեն լինեմ «տան կնիկ», իմ հոգին կարող է շարունակել հարստանալ՝ ընտանիք ունենալու և չաշխատելու պարագայում։
Այո, ես կարող եմ, բայց «համակարգն» ինձ թույլ չի տա, որովհետև հասարակությունը և նույնիսկ տղամարդն արդեն չի ընկալում չաշխատող, կամ պարզապես տնից դուրս գալու համար աշխատող կին։ Այսօր կինը պարտավոր է ընտանեկան բյուջեում ունենալ իր զգալի ներդրումը, որն ամբողջությամբ, և դեռ մի բան էլ ավել, ծախսվելու է այն ամենի վրա, ինչը կարող էր անել կինը, եթե չաշխատեր՝ մանկապարտեզ, դայակ, մանկական հոգեբան, շուն ման ածող, մաքրուհի, երեխայի ֆակուլտատիվ պարապմունքներ և այլն։
Ե՞րբ է կոտրվելու այն միֆը, որ ժամանակակից աշխարհը ֆեմինիստական է։ Ժամանակակից աշխարհը պարզապես սառն է, անտարբեր, մարդատյաց։ Եվ այն այսօր այդպիսին է, որովհետև կինը դադարել է երջանիկ լինել, սիրված լինել, մայր լինել, կյանք ստեղծող լինել, խաղաղություն հաստատող ու սեր տարածող լինել։ Կինը դադարել է լինել այն «մերանը», որն այս թթված իրականությունից պիտանի «կերակուր» է ստեղծել «չֆեմինիստական» անցյալում։
Կինն այսօր պարզապես աշխատուժ է, ինչպիսին նախկինում միշտ եղել եմ տղամարդիկ։ Բայց սպառված և հոգնած տղամարդուն ժամանակին տունը սպասում էր սիրող, սփոփող, ուժ տվող ու բուժող կինը, որն ընտանիքն ընտանիք էր դարձնում։
Այսօր աշխատուժ են բոլորը, հոգնած ու սպառված են բոլորը, իսկ սփոփող այլևս չկա։

Հերմինե Գրիգորյան