Զինծառայողը 150-200 հազար է ստանում, դուք ոնց կարող եք 700 հազար և ավել ստանալ ու հայտարարել, թե լավ ենք անում

280

Ազգային ժողովի շենքի միջանցքում, նիստերի դահլիճում, տանը, ֆեյսբուքում և ամենուր իշխանության ներկայացուցիչներն անընդհատ անդրադառնում են իրենց տխրահռչակ պարգևավճարներին ու դրա արձագանքներին, հայտարարելով, թե որքան մեծ է մարդկանց ստանձնած պատասխանատվությունը, այնքան պետք է բարձր լինի նրանց աշխատավարձը: Նրանք իրենց այդ դարակազմիկ գյուտերն անելիս ավելի են ոգևորվում, երբ նույն նոտայի վրա, դիրիժորի փայտիկը ձեռքին բռնած, ներս է մտնում վարչապետը` արդարցնելով բոլոր պարգևավճարները:

Դե, ինչ խոսք, պարգևավճարն ուղղակի անհրաժեշտ է, մանավանդ, երբ իշխանական գյուտարարներից Լենա Նազարյանն ամենայն անկեղծութւամբ հայտարարեց, որ այդ մարդիկ ստրուկ չեն, որ 500 հազար դրամով աշխատեն: Այս քեզ բան իմաստության, ծաղկունք մտքի, կայծակ հանճարի:

Երեկ էլ պարգևավճարների մասին ասուխոսն իր կենացով ծաղկացրեց վարչապետը, թե` լավ են անում: Ժարգոնային մի լավ առած կա` լավ մի´ արա, ճի´շտ արա: Բայց քանի որ խոսում ենք Ազգային հերոսի պապիկ կեղծողների մասին, թողնենք լավն էլ, ճիշտն էլ ու դառնանք վարչապետի տխրահռչակ հայտարարությանը:

Օրինակ` մեր վարչապետը կարո՞ղ է ծանրութեթև անել ու կողմնորոշվել` պատգամավորի ու նախարարի վրա դրված պատասխանատվությու՞նն է ավելի բարձր, թե՞ սահմանը հսկող զինվորի: Կամ կարո՞ղ է բացատրել, որ եթե 500 հազար դրամ ստացող պետական պաշտոնյան ստրուկ է, ապա ի՞նչ կարգավիճակ առաջարկել հաճախ այդ 500 հազարի կեսից էլ քիչ վճարվող` սահմանը հսկող զինվորին, որը, եկեք ընդունենք, անհամեմատ ավելի լուրջ գործով է զբաղված, քան ԱԺ պատգամավորն ու, ասենք, սոցապնախարարը: Ինչպես կարող է մի երկրում սահմանապահը 200 հազար ստանալ, պատգամավորը 500 հազար, հետն էլ ամեն ամիս պարգևավճար, և վարչապետը զանց առնելով բարոյականության բոլոր նորմերը, հայտարարի, թե` լավ են անում պարգևավճար ստաողները: Բա մեկը չկանգնի՞, ասի` լավ մի´ արեք, ճի´շտ արեք:

Ո՞նց կարող եք ամսական 500 հազար դրամ ու մի փեշ պարգևավճար ստանալ, երբ սահմանապահներից շատերն սառնարանի ու մահճակալի վարկերը մարել չեն կարողանում:

Դե, Նիկոլ Փաշինյանի` դատավորների մասին արված հայտարարություններն էլ ավելի շատ են հունից հանում մարդկանց: Մարդը հայտարարում է, որ դատավորները պետք է  շատ գումար ստանան, որպեսզի կուռուպցիա չլինի: Մարդ ուզում է հարցնել` լու՞րջ, պարոն Փաշինյան, իսկ դասլքության, և Հիպոկրատի երդման խախտման դեպքերից չե՞ք վախենում: Սա ի՞նչ մոտեցում է, առհասարակ սա ծա՞ղր է, թե՞ մոտեցում:

Հուսամ` ոչ ոք չի մոռացել, չէ՞, որ 2018 թ, Նիկոլ Փաշինյանը իր և իր քաղաքական թիմի անունից հայտարարել է, որ պատգամավորները ժողովրդի վարձու աշխատողներն են: Հո դեմ չե՞ն, եղել է, չէ՞, նմա բան: Այսինքն, այսօր, երբ պատգամավորների գործատուները` ժողովուրդը գտնում են, որ նրանց տրամադրվող աշխատավարձերն ու պարգևավճարները չափից ավելի բարձր են, Լենա Նազարյանը, Հովիկ Աղազարյանն ու Բաբկեն Թունյանն ինչու՞ են վիրավորվում կամ Արարատ Միրզոյանն ու Լիլիթ Մակունցն  ինչու՞ են փորձում ծեփել իրավիճակը` մերժելով Նիկոլ Փաշինյանի առաջարակած հեղափոխական ծրագրերը: Ի՞նչ է փոխվել այս երկու տարվա ընթացքում: Չափը: Ցավով եմ արձանագրում, բայց այս երկու տարվա ընթացքում չափի զգացողությունն է փոխվել, իսկ, որքան հիշում եմ, Արարատ Միրզոյանի աթոռը նախկինում զբաղեցնողներից մեկն ասում էր` չափն անցնելով անչափ չեք դառնում:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ