Մելիք Հայկազյաններ

125

Ֆեյսբուկյան օգտատեր Ռաֆիկ Հակոբյանը իր էջում անդրադարձել է Մելիք Հայկազյանների տոհմի պատմությանը։

Մելիք Հայկազյանները սերում են Արցախի Խաղբակյան տոհմից։ Չի բացառվում նաեւ, որ տեղական ծագում ունեն, 15-րդ դարում նրանք հաստատվել են Աղահեճք-Քաշաթաղում։ Իշխանության հիմնադիրը եղել է մելիք Հայկազ 1-ինը, իսկ կենտրոնը սկզբնապես՝ Ծիծեռնավանքից ոչ հեռու գտնվող Քաշաթաղ ավանը, որը հետագայում բնակեցվել է քրդերով եւ վերանվանվել Սուլթանքենդ։ 16-րդ դարի սկզբին մելիք Հայկազ 1-ինի որդի Հախնազարը իր իշխանանիստն է դարձրել Խանածախ գյուղը։Մելիքությունն իր հզորության գագաթնակետին է հասնում Մելիք Հայկազ 2-րդ օրոք (1515-1621թթ.)։ Մելիքի կառավարումը համընկավ թուրք-պարսկական ավերիչ պատերազմների շրջանին։ Մելիք Հայկազը պայքարել է օսմանցիների կողմից տարծաշրջանն իսլամ՝ մասնավորապես քրդական, ցեղերով բնակեցնելու քաղաքականության դեմ՝ ապավինելով պարսիկների աջակցությանը։ Պարսից Շահ Աբբասը մելիք Հայկազին անվանել է ,,Գոջա ասլան,, այսինքն ,,Ծեր առյուծ,, եւ արժանացրել սադրինշին տիտղոսի,որ նշանակում է թագավորի մոտ առաջին տեղում նստող։

17-րդ դարի սկզբին թուրքերին Այսրկովկասից վտարելուց եւ Սյունիքը կրկին Պարսկաստանին անցնելուց հետո Մելիք Հայկազը վերադառնում է Խանածախ ու ձեռնամուխ լինում հայրենի երկրամասի շենացմանը։ Լավագույնս ըմբռնելով իսլամական ծովում հայտնված հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման գործում հոգեւոր հաստատությունների վիթխարի դերը խորագետ իշխանը հովանավորում է Հալիձորի Հարանց Մեծ անապատի հիմնարկումը(1608-1610թթ.) , Ծիծեռնավանքի վերանորոգումը եւ պարսպի ամբողջացումը(1613թ.), Հոչանցի անապատի հիմնումը(1615թ.)։ Հայրենի գյուղում մելիք Հայկազ 2-րդի օրոք կառուցվել է Ս. Հռիփսիմե եկեղեցին,Խանածախին ջուր մատակարարող ջրատարը, մելիքական ապարանքը։Հայկազ 2-րդից հետո մելիքությունը թուլացել է եւ անկում ապրել։