Մարդը չի կարող երեխայի հացի գումարը վաշխառուներին տա. նստացույց ԿԲ-ի մոտ

47

Կենտրոնական բանկի տարածքում այս պահին «Ո՛չ վարկային թալանին» նախաձեռնության անդամները նստացույց և բողոքի ակցիա են իրականացնում:

Մանուել Մանուկյանը նախաձեռնել է «Մեկ տարի վարկային արձակուրդ» բողոքի ակցիան։

Լրագրողների հետ զրույցում Մանուել Մանուկյանը նշեց, որ վերջին երեք ամիսների ընթացքում պահանջ են ներկայացրել, սակայն որևիցե տեղաշարժ չկա. «Մենք պետք է վճռական կերպով մինչև վերջ գնանք ու այստեղ լինելու ենք օրը 24 ժամ։ Մեր նստացույցն անժամկետ է։ Նպատակն այն է, որ այս տարածքում հավաքվեն հազարավոր մարդիկ և ապացուցեն, որ վարկային այդ թալանը միասնական կարողանալու ենք կանգնեցնել։ Այսօր մարդիկ կորցնում են տներ, մեքենաներ և այդ հարցն անտարբերության է մատնված»,-ասաց Մանուել Մանուկյանը։

Վերջինս նշեց, որ նամակներ ու դիմումներ են ուղարկել, բայց որևէ տեղաշարժ չկա։ Նախաձեռնության անդամն ասաց, որ սպասելու ժամանակ չկա, որովհետև մարդը չի կարող առանց տուն ապրել. «Մարդը չի կարող իր երեխայի հացի գումարը տալ վաշխառուներին և տանը պարապ նստել։ Մեր նախաձեռնող խումբը շարունակելու է իր պայքարը և ակնկալում ենք, որ այս պայքարին իր աջակցությունը հայտնի հայ ժողովուրդը։ Եթե իր տունը պետք է կորցնի, ուրեմն թող տան տղամարդը գա այստեղ ու պայքարի, որ վաղն իր երեխաների հետ դրսում չմնա։ Սա կարևոր է, որովհետև յուրաքանչյուրս գիտակցում ենք, որ մեր երկրի և պետության համար առաջնային խնդիրը հասարակ քաղաքացու, ընտանիքի, գյուղացու, բանվորի, ուսուցչի, նմանատիպ ընտանիքների ամուր լինելն է, բայց երբ այդպիսի ընտանիքներից խլում են իրենց տները, մենք չենք կարող այդկերպ ունենալ ամուր երկիր»,-նշեց Մանուել Մանուկյանը՝ հավելելով, որ գիշեր-ցերեկ ԿԲ-ի տարածքում են լինելու և փորձելու են ժողովրդին տեղեկացնել, որ պարտավոր չեն մնալ վարկային բեռի, ծանրաբեռնվածության տակ։
Նախաձեռնության անդամների պահանջը մեկ տարի վարկային արձակուրդն է, քանի որ քաղաքացին այսօր շատ ծանր իրավիճակում է և նրան ժամանակ է պետք։

Աղբյուրը՝ «Փաստինֆո»