Թուրքիայի ԱԳՆ-ի պատասխանը ՀՀ ԱԳՆ-ին․ Այստեղ ոչ թե Սևանա լճի, այլ Արևելյան Միջերկրականի խնդիրն է

164


Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի՝ արևելյան Միջերկրականի զարգացումների համատեքստում Հունաստանին ու Կիպրոսին աջակցող հայտարարությանը։  

Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Տեսնում ենք, որ Արևելյան Միջերկրականի մասին կարծիք հայտնելու հավակնություն ունեցող Հայաստանը աշխարհի աշխարհագրության ու այդ աշխարհագրության մեջ իր տեղի հետ կապված սխալմունքի մեջ է։ Այստեղ խնդիրը ոչ թե Սևանա լճի մասին է, այլ՝ Արևելյան Միջերկրականի»։

Աքսոյը, հիշեցնելով Սևրի պայմանագրի վերաբերյալ Հայստանի ղեկավարության վերջին հայտարարությունները, դրանից հետո էլ Հայաստանի՝ Արևելյան Միջերկրականի մասին կարծիք հայտնելը «չափն անցնելու ու անպատասխանատվություն օրինակ» է որակել։ 

«Այն, որ ԱՄԷ-ից ու Ֆրանսիայից հետո էլ ծով ելք չունեցող Հայաստանն է համարում, որ տարածաշրջանում խոսքի իրավունք ունի, ցույց է տալիս, թե ինչ ընդգրկում ունի հակաթուրքական նենգ դաշինքը, որը ցանկանում են ձևավորել»,- ասել է Աքսոյը։

Վերջինը նշել է նաև, որ Թուրքիան շարունակելու է վճռականորեն պաշտպանել իր ու Կիպրոսի թուրքերի իրավունքները Արևելյան Միջերկրականում ու ոչ մի դաշինքի ուժը չի բավարարելու խանգարել դրան։ Նրա կարծիքով ովքեր, որ հակառակն են կարծում, նշանակում է՝ պատմությունից դասեր չեն քաղել։

«Այս առիթով ցանկանում եմ հիշեցնել, որ մեր բոլոր հնարավորություններով կանգնած ենք եղբայրական Ադրբեջանի կողքին»,- եզրափակել է Աքսոյը։