Եթե մաչոներն են անհանգստանում, որ իրենց կողքին կհայտնվի էգ առյուծ, ուրեմն թող իրենք մի քիչ որձանան. Վովա Վարդանով(տեսանյութ)

1261

Հետախույզ, ազատամարտիկ, հասարակական և ռազմական գործիչ Վովա Վարդանովի գլխավորությամբ օգոստոսի 21-ին կսկսվեն ՈՄԱ-ի հերթական հավաքն ու ռազմական դասընթացները: Վովա Վարդանովն, ինչպես հայտնի է,  «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) կազմակերպության հիմնադիրն է: Նրան ճանաչողները լավ գիտեն, որ Վարդանովը միշտ կոչ է արել բարձր պահել ոչ միայն ԶՈՒ-երի, այլև հանրության ռազմական պատրաստվածության մակարդակը: «Ուժը ստեղծում է հակաուժ: Մենք պատերազմող երկիր ենք, և հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է քաջ իմանա իր դերը. երբ տագնապի ազդանշան լինի՝ ով ինչ է անելու: Եթե  միշտ պատրաստ ու պատրաստված ես, ուրեմն կարող ես ցանկացած իրավիճակում շահող դուրս գալ, փաստը՝ հուլիսին տեղի ունեցած Տավուշի դեպքերը: Եթե բոլորը պատրաստ են, անձնակազմը լավ պատրաստված է, հերոսների ու հերոսացման կարիք չի լինում»,- վստահ է  Վովա Վարդանովը:

Նա պերֆեկցիոնիստ է, երբեք գոհ չէ իր արածից, ուզում է, ջանում է ավելին անել, ավելիին հասնել: ՈՄԱ-ն տարբեր տարիքի՝  չափահաս ու անգամ 72 տարեկան կուրսանտներ է ունեցել, բայց Վարդանովն ուզում է, որ ռազմական պատրաստվածությանը տիրապետեն բոլորը՝ երեխայից մինչև տարեց: Դա է պաշտպանված հասարակություն ու հայրենիք ունենալու գրավականը:

ՈՄԱ-ի շարքերում 20-30 տոկոսը սփյուռքահայեր են: Վովա Վարդանովը Հայաստանն ու Սփյուռքը  մեկ օրգանիզմ է համարում, որի երակներում հոսում է նույն արյունը, հետևաբար, Հայաստանն ու Սփյուռքը բոլոր հարցերում պետք է լինեն միասին, միշտ միմյանց պաշտպանեն:

«Շատերը,  ՈՄԱ-ին անդամագրվելով,  կարծում են, թե 10 օրում Շվարցենեգերի կամ Ստալոնեի երիտասարդ տարիների կերպարն են սատանալու, բայց գալիս-տեսնում են, որ մեր հավաքները, ռազմական պատրաստվածության դասընթացները բոլորովին այլ հմտություններ են սովորեցնում, թե ինչ պետք է անել անկանխատեսելի իրավիճակներում, ինչպես ողջ մնալ ու նաև փրկել կողքինների կյանքը»,-նկատում է Վարդանովը:

Նրա կարծիքով՝ կանայք ևս պետք է ռազմական գործին տիրապետեն: «Եթե մաչոներն են անհանգստանում, որ իրենց կողքին կհայտնվի էգ առյուծ, ուրեմն թող իրենք  մի քիչ որձանան»,-ասում է  Վարդանովը:

Մանրամասները՝ տեսանյութում