ԱԱԾ-ն պետք է խափանի թուրքական երազանքը

722

Ավելի քան երկու շաբաթ առաջ Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր, պատմաբան Վահե Սարգսյանն իր համապարփակ հոդվածով ապացուցեց, որ «Հայոց պատմություն» առարկայի դասագրքային չափորոշիչների հեղինակները «մասնագիտական-կոլեկտիվային» ընտիր կապեր ունեն թուրք պատմաբանների հետ, և հենց կրթական չափորոշիչների վերաբերյալ խոշորածավալ ծրագրեր են իրականցրել Թուրքիայի հայտնի《Պատմություն》հիմնադրամի հետ և արդյունքում թուրք հեղինակների հետ համատեղ հրատարակել համապատասխան կոլեկտիվ ձեռնարկներ։

Ավելին` մեր չափորոշիչաբանները, մեղմ ասած, կապ ունեն թուրքական այնպիսի մի գրքի հետ, որտեղ Արևմտյան Հայաստանը ներկայացվում է որպես Անատոլիա, ասել է` ստորագրել են սուլթանական Թուրքիայի երազանքի տակ:

Թուրքական հետքի մասին աղաղակող փաստեր են բերել նաև պ.գ. դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանն ու ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Այսինքն` ոչ անհայտ մարդիկ պնդում են, որ Հայաստանի Հանրապետության կրթական ոլորտում առկա է թուրքական միջամտություն` ակնարկելով, որ չափորոշիչների հեղինակները մութ կապերի մեջ են թուրք պատմաբանների հետ: Այսքանից հետո, ես կարծում եմ` Ազգային անվտանգության ծառայությունը պետք է որ քայլեր ձեռնարկեր, քանի որ խոսքը կրթական ոլորտի մասին է, ոչ թե տասներորդական մի բանի:

ԱԱԾ-ն պատասխանատու է Սահմանադրական կարգի համար, իսկ ըստ դրա` մեր դպրոցը պետք է լինի ազգային դպրոց: Հետևաբար` կառույցն ուղղակի պարտավոր է հետաքրքրվել` արդյո՞ք թուրքական միջամտություն (որն ակնհայտ և անհերքելի է) կա այստեղ, թե՞ ոչ, և, եթե կա, ապա որքա՞ն է այդ միջամտությունը բխում ՀՀ շահերից:

Պատմության դասագրքերից դուրս է մղվում հայոց պատմության 2500 տարին, գրականության դասագրքերում աղճատվում է հայ գրականության զարգացման փուլաբաժանումն ու դասական պատշաճ հերթագայությունը: Այսինքն` արվում է մի բան, որը թուրքերի երազանքն է` դեռ Սուլթան Համիդ 2-րդի ժամանակներից սկսած: Հիմա հարց` ՀՀ ԱԱԾ-ն պե՞տք է կանխի թուրքական երազանքը, թե՞ ոչ:

Որքան էլ վարչապետը կամ իշխանության մյուս անդամները պնդեն, որ այդ չափորոշիչները հաշտ են մեր պետական ռազմավարության հետ, որքան էլ ոմանք պնդեն, որ արվածն ուղղակի նորարարություն է, պետք է նայել հարցի էությանն ու հասկանալ, որ այդ պնդումները պարզ միամտության հետևանք են, կամ էլ, թող ներվի ասել, հստակ միտում կա: Երկու դեպքում էլ թե´ ԱԱԾ-ն, թե´ մյուս ուժային կառույցներն անելիք ունեն, որովհետև վարչապետները, պատգամավորները, աներձագերն ու դատախազներն անցողիկ են, հայրենիքը` մնայուն: Ապացույցները դրված են սեղանին, բոլորն արտահայտվել են, հիմա քննության ժամանակն է:

Եթե ԱԱԾ-ն մասնակցում է, ասենք, «տուշոնկա» օպերացիաների ու «միջինից բարձր» ստատուս ունեցող շարքային խուլիգաններ վնասազերծելու գործողություններին, ապա այստեղ միանշանակ է, որ անելիք ունի և ամեն կերպ պետք է վնասազերծի վտանգը, այս պարագայում` թուրքականը, որը սրի պես կախվել է մեր դպրոցի գլխին: Իհարկե, ԱԱԾ-ն կարող է «պտվող լուրերին» ուշադրություն չդարձնել, բայց հասկանու՞մ եք, այդ լուրերն ուղղակի լուրեր չեն, դրանք արվում են Հայաստանի Հանրապետության հայտնի լրատվականներից մեկի ղեկավարի կողմից, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչի կողմից, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենի կողմից: Նրանք պատահական մարդիկ չեն, մանավանդ, որ իրենց հայտարարություններն անում են ոչ թե «պտտվող լուրերի», այլ` հստակ փաստերի հիմա վրա: Այդ փաստերը խոսում են այն մասին, որ Տրոյական ձին Երևան է հասել` մտել մեր դպրոց: Ուրմեն, ԱԱԾ-ն ինչու՞ չի գործում, ինչու՞ չի վնասազերծում այդ վտանգը, ո՞րն է լռության պատճառը: Դե, իմ մտքով իսկի չի էլ անցնում, որ վարչապետը կամ իշխանության որևէ ներակայացուցիչ կարող է «ասել» ԱԱԾ-ին:

Եթե փաստերը ներկայացնող հարգարժան մարդիկ սխալ են (որը բացառված է), թող ԱԱԾ-ն նրա´նց պատասխանատվության ենթարկի` «ապատեղեկատվություն» տարածելու համար: Մի խոսքով`թող անի այն, որը պահանջում է պետական շահը, բայց թող չլռի, լռությունը լավ բան չէ, լռությունը համաձայնության նշան է:

Անցյալ դարի 30-ականն թվականներից հետո սա երկրորդ մեծ հարվածն է` ուղղված մեր մշակույթին, վստահ եմ` այս մեկը նույնպես հաղթահարելու ենք, որից հետո վերականգնելու ենք կորսուտսներն ու յուրաքանչյուրին կոչենք իր անունով` դավաճան, նվիրյալ, վախկոտ, մորթապաշտ…