1947 թ. օգոստոսի 15-ն մահացել է հայ անվանի գրականագետ, բանասեր, հասարակական-քաղաքական գործիչ, մանկավարժ Նիկոլ Աղբալյանը:​ ​ ​ ​ ​ ​ ​

328

​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ «Եթե մարդիկ սովորություն դարձնեն վշտի, բարկության, սրտնեղության և սրանց նման պահերին անդրադառնալ, որ առջևները մահ կա՝ ամեն ինչ կդյուրանա և անսահման ներողամտությամբ կհամակվին և թեթև կապրեն այս աշխարհում»- ասում էր Աղբալյանը:​
​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ Կարդանք նրա նամակներից մեկը ուղղված Համաստեղին.

« Սիրելի Համաստեղ,

​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ Ստացա նամակդ և սիրով կարդացի։ Լսած էի ամուսնությունդ և եթե չեմ սխալում – գրած էի, թե չեմ գրած՝ ահա գրում եմ հայտնելու համար, որ ուրախ եմ աշխարհ մտնելուդ առիթով։ Մեր ժողովուրդը ամուսնանալուն «աշխարհ մտնել» է ասում, համարելով թե ամուրին դուրս է աշխարհից, այսինքն համայնքից և նրա գործերից։ Բարևիր մեր անծանոթ հարսին և հայտնիր իմ մաղթանքները ձեր մի բարձի ծերանալու մասին։ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​
​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ Եթե իրար հասկանաք և իրար օգնեք՝ վստահ եղեք, որ կյանքը կանցնի առանց մեծ դառնության․ եթե իրար հասկանաք և իրար չխանգարեք՝ նորից կարելի է ապրել հաշտ ու համերաշխ։ Իսկ եթե ամեն մադ իր էշը քշի – այն ժամանակ զուր էր ճամփի ընկեր դառնալը։ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​
​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ Մեր անհատապաշտ դարում հաճախ է պատահում, որ մարդիկ ընկերանում են՝ առանց մտածելու – թե ընկերությունը փոխադարձ զիջում է, որ կամ պետք է սիրով կատարել կամ արդարությամբ․ լավ է, անշուշտ, որ սիրով կատարվի, այն ժամանակ հաշիվ չի պահվի, ինչպես մայրն իր երեխայի հանդեպ, բայց գոնե արդարությամբ պետք է զիջեն կողմերը, որ կարենան հաշտ ընթանալ։ Զուր չէ, որ լուծ են ասել ամուսնության մասին․ կամովին առած լուծ՝ կյանքի ակոսը վարելու։ ​ ​ ​ ​ ​ ​
​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ Բարդ է նոր մարդու հոգին և շատ զգայուն․սերն անշուշտ ամենագետ է և կարող է ամեն սուր անկյուն մաշել մեղմորեն, բայց սերն այնքան նույնացած է հիմա սեռի հետ, որ «մարդն» անտեսվում է և ​ «կինն» է մարդու աչքին երևում, որ կարող է կորցնել իր թարմությունը։
​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ «Մարդուն» սիրելով պետք է «կին» առնել և ոչ կին սիրելով մարդ որոնել նրա մեջ։ Երբ մարդը սիրվի կնոջ մեջ՝ նա վախ չունի տարիքից, որին օգնել չեն կարող ոչ հագուստի նոր ձևը և ոչ շպարը։ Սա թող լինի իմ բարեմաղթությունը ձեզ։ ​ ​ ​ ​ ​ ​ ​
​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ Երկար ապրելու չեք․ամենաշատը հարյուր տարի, ուրիշ անգամ աշխարհ գալու չեք. – Այս է որ կա․ հետո գալու է հավերժական խավար և հանգիստ։ Պետք է խաղաղ ու սիրով անցնել կարճ ճամփան․հաշտ ու համերաշխ։ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​
​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ Եթե մարդիկ սովորություն դարձնեն վշտի, բարկության, սրտնեղության և սրանց նման պահերին անդրադառնալ, որ առջևները մահ կա՝ ամեն ինչ կդյուրանա և անսահման ներողամտությամբ կհամակվին և թեթև կապրեն այս աշխարհում։ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​
​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ Ոմանք սարսափում են մահից, իմ աչքում նա մի մեծ բարիք է, որ անհունորեն բարձրացնում է ամեն մի վայելքի և հաճույքի արժեքը։ Եթե մտածենք, որ այսօր անցնում է և վերադարձ չունի՝ պիտի զղջանք, որ այդ անցնող օրը դառնություն բերեց մեր պատճառով սրան կամ նրան, բայց մանավանդ մեր սիրածին։ Ինչ պիտի տար սրտնեղությունը, վիրավորանքը, անուշադրությունը, արհամարհանքը, մռայլ կնճիռը, զայրացկոտ խոսքը, հարգանքի պակասը, հնարավորի մերժումը և սրանց նման աննշան բաները, որ խանգարում են սիրած մարդոց ներդաշնակությունը․ հավիտյան ապրելո՞ւ ենք․ միշտ երիտասա՞րդ պիտի մնանք, դյուրի՞ն է լավ կին ու բարեկամ գտնելը, տիեզերական ուժեր վարում են մեզ դեպի մահ․ ինչո՞ւ իրար սիրտ կոտրենք այդ խուճապի մեջ, ինչո՞ւ իրար չօգնենք, իրար վրա չգուրգուրանք, իրար չսիրենք – խեթ-խեթ իրար նայելով, իրար զարկելով, իրար սիրտ կոտրելով ավելի դանդա՞ղ պիտի վարե տիեզերքը մեզ դեպի մահ․ նա, որ չգիտե իսկ, թե մարդիկ սիրել ու ապրել գիտեն․․․Ահա քեզ մի տեսություն «Փիլիսոփայական ամուսնության», որ եթե որդեգրել կարենաք՝ սիրով կանցնեք այս աշխարհից, լայն սրտով և մեծ համբերությամբ, ներողամիտ իրար հանդեպ և համայն մարդկության։ ​ ​ ​ ​ ​ ​ Կարդացի գրածիդ սկիզբը, ինքնատիպ է հղացումը, չգիտեմ թե ուր է գնալու քո մաքին և իր տնկած ագին, կարող եմ ասել, որ ժողովրդական լեզուն և բարեմիտ հեգնանքը գրվածքի աղն են առայժմ, սպասենք վերջին։ ​ Իր ինքնատիպությունը գրավական է ինքնին, ընթացքը հասուն է, անսայթաք, այս նույնպես մի արժեք է և լավ նշան։ Տեսնենք ուր է հասնելու այդ լեռնային վտակը, որ հոսում է վճիտ և մտերիմ գլգլոցով և հիշեցնում մեր աշխարհն ու գյուղը։ Լավ է իրար գրելով հիշելը, բայց չգրելը– մոռացում չէ․ սիրով եմ հիշում և սիրով սպասում ձեզանից գոհության լուրեր, քեզանից գրական լավ գործեր։

Սիրով՝ ​ Նիկոլ » [1]