Պրոֆեսորը` «Իմ քայլ»-ական պատգամավորին. «Եթե Մուրացանի կինը դավաճանել է, մի՞թե դա հայոց պատմություն է»

264

ԱԺ «Իմ քայլական» պատգամավոր Մարիա Կարապետյանը խոսելով չափորոշիչների մասինասել էր. «Հայոց գրականությունը դա հայ ժողովրդի պատմությունն է, ուսումնասիրելով հայ գրականություն, հայ գրողների կենսագրությունները մենք կրկին ծանոթանում ենք հայ ժողովրդի պատմությանը: Եվ հայոց պատմություն առարկան, եթե փոփոխության չենթարկվի, դպրոցում երկու փուլով ենք ուսումնասիրում. մեկը միջնակարգ դպրոցում ամբողջությամբ սկզբից մինչեւ վերջ, մյուսը ավագ դպրոցում, նորից սկզբից մինչեւ վերջ: Երրորդ առարկայի միջոցով արդյոք այդ նույն աշակերտի մոտիվացիայի խնդիրը չի առաջանա, որ նույն պատմականության նյութը, մեր ժողովրդի պատմության նյութը գրականության միջոցով, պատմություն առարկայի միջոցով` երկու անգամ, մի հատ էլ Հայ եկեղեցու պատմության միջոցով անցնենք»:

Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով պատգամավորի պնդումը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը հետեւյալ կարծիքը հայտնեց. «Տիկինն ասում է «հայոց գրականությունը դա հայ ժողովրդի պատմությունն է»: Նախ ուշադրություն դարձնենք հայ գրականությունը հայոց պատմության հետ նույնացման հայտարարությանը, ըստ այդ տրամաբանության, եթե Վահան Տերյանն ասում է` «Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին, անաղմուկ խոսքերիդ դաշնակները հիվանդ», ապա դա հայոց պատմությունն է: Հիմա լա՞մ, թե՞ խնդամ:

Նման բան ասելը, այն էլ կրթական բարեփոխումների կնքամայր պատգամավորի կողմից, պարզապես անգիտության դասական օրինակ է: Նույն անտեղյակ անգիտությամբ հայտարարվում է, թե «գրողի կենսագրությունը հայոց պատմություն է», որից կարելի է մակաբերել, որ ասենք, եթե Մուրացանի կինը դավաճանել է ամուսնուն, ապա դա ևս հայոց պատմությունն է: Այս տիկինը չգիտի մի պարզ ճշմարտություն, որ գրականությունը գեղարվեստ է, իսկ պատմությունըգիտություն: Եվ այս մակարդակով ուզում են բարեփոխել կրթական ոլորտը: Դպրոցականների իբր միայն գիտելիք ստանալն անընդունելի համարելովտիկինը պնդում է, թե պետք է աշակերտը «գիտելիք ստեղծի, արժեք ստեղծի»: Տիկինն ասես չգիտի «գիտելիք» բառի իմաստը. հիշեցնենք, որ այն իմացության ամբողջությունն է, հետևաբար աշակերտը գիտելիք ստեղծող չէ, քանի որ գիտելիքների ամբողջությունը գիտության խնդիրն է, իսկ գիտելիք ստեղծողը գիտնականը:

Առհասարակ մի ակնբախ թյուրըմբռնում էլ կա. պնդում են, թե դպրոցում անհրաժեշտ են բարեփոխումներ, ինչին ի դեպ, դեմ չէ ոչ մի գիտնական, քանի որ գիտության մեջ անընդհատ տեղի են ունենում նոր բացահայտումներ, որոնց համահունչ պետք է վերանայվեն և´ դպրոցական ծրագրերը, և´ դասագրքերը: «Բարեփոխիչները» պնդում են, որ աշակերտի մեջ պետք է ձևավորել արժեհամակարգ, կարողություններ ու հմտություններ, ինչը միշտ էլ եղել է, սակայն, չգիտես ինչու, ներկայացնում են, թե իբր դա նոր է արվում:

Այլ բան է, որ «բարեփոխիչները» արժեհամակարգային փոփոխություններ են ցանկանում ներմուծելակնհայտ ապազգային ու անմարդկային երանգավորումներով, ինչը հանդիպել է գիտական հանրույթի խիստ մերժողական գնահատականին թե´ գիտնականների անհատական տեսակետների արտահայտությամբ, թե´ գիտական կազմակերպությունների գիտական խորհուրդների որոշումների տեսքով, որքան էլ նախարարի բերանը գիտական խորհրդի որոշումը որակի որպես աղմուկ: Վստահ եմ, որ մեր ժողովուրդն ունի հավաքական իմաստնություն, և այսօրինակ ապազգային «բարեփոխումը» կհանդիպի համաժողովրդական կտրուկ հակադարձման»:

Աղբյուրը` Aravot.am