Ռազմահայրենասիրությունը պարտադրված պատերազմի պայմաններում հաղթանակի բանաձևն է

166

Ռազմահայրենասեր բառակապակցությունը սոցցանցերում, վերջին շրջանում, քաղաքական ու սոցիալական որոշ խմբերի կողմից օգտագործվում է բացասական իմաստով` այն հակադրելով առաջադիմությանը, որի տակ շատ դեպքերում հասկանում են պացիֆիզմը: Ժամանակին բրիտանացի հայտնի գրող Ջորջ Օրուելը պացիֆիստներին համարում էր Ադոլֆ Հիտլերի կողմնակիցներ, կարծելով, որ խաղաղասիրության և զինաթափման գաղափարախոսությունը առաջին հերթին ձեռնտու է բռնապետերին ու ռազմատենչ պետություններին:

Իրականության մեջ ռազմահայրենասիրությունը հենց նպատակ ունի հակադրվելու ռազմատենչությանը, քանի որ համարվում է, որ միայն ռազմապես կայացած ազգն ու պետությունը կարող է զսպել ռազմական ագրեսիան պարտադրված թշնամու կողմից: Այսինքն այստեղ կա որոշակի, գիտակցված կամ անգիտակից շփոթում ռազմահայրենասիրություն եւ ռազմատենչություն տերմինների միջեւ, քանի որ փորձ է արվում դրանք նույնականացնել այն դեպքում, երբ դրանք իրար հակադրվում են:

Ռազմահայրենասիրությունը իրականում ռազմական գործի կարևորումն է ազգի ու պետության ձևավորման, կայացման, դրա կառուցման ու կառավարման գործում: Ռազմահայրենասիրությունը գոյատևման գաղափարական կարևորագույն սկզբունքն է, որը, օրինակ, բացառում է ցեղասպանության կրկնությունը կամ դրա հնարավորությունն անգամ, քանի որ ռազմահայրենասիրական ոգով դաստիարակված մարդկանց, սոցիալական խմբին, ու առավել ևս էթնիկ միությանը հնարավոր չէ զինաթափել ու անպատիժ կոտորել:

Ռազմահայրենասիրությունը դա պատերազմի գովք կամ դրա տարածման հիմնավորում չէ, այլ ընդհակառակըՙ ռազմական ու պատերազմի պայմաններում գոյատևման ու հաղթելու բանաձև է, որը որդեգրած ժողովուրդները որպես կանոն հաղթող են դուրս գալիս համաշխարհային մրցակցության պայմաններում: Իզուր չէ, որ այսօր ռազմաարդյունաբերության առաջատարները հենց աշխարհի հզորագույն պետություններն են, որոնք, ի դեպ, ոչ միայն ռազմաարդյունաբերությունն են զարգացնում իրենց պետություններում այլև ռազմահայրենասիրություն իրենց երկրներում և պացիֆիզմի քարոզ են ֆինանսավորում այլ պետություններում:

Ռազմահայրենասիրություն սեփական ժողովրդի համար և պացիֆիզմ այլոց համար. ահա այս հակադրությունն է, որին զոհ են գնում շատ երկրներ ու պետություններ։ Այս գաղափարախոսությունը պարտադրվում է երիտասարդությանը, որոնք միամաբար կարծելով թե խաղաղության հիմքը զինաթափումն է, սկսում է կեղծ գաղափարներ քարոզել։

Մարդկության հազարամյա պատմությունը հակառակն է ապացուցել, որ խաղաղության հիմքը սպառազինությունն է: Այսինքն որքան պետությունը կամ նույնիսկ առանձին վերցրած էթնիկ խումբը լավ է զինված, այնքան նվազում է նրա դեմ նոր պատերազմ սանձազերծելու հավանականությունը:

Ամերիկացի հայտնի քաղաքագետ-սոցիոլոգ Չարլզ Թրիլին իր Եվրոպական պետությունների կայացման գործընթացի ուսումնասիրության մասին աշխատությունում գրում է, որ պատերազմներն են պետությունների կայացման պատճառը: Պատերազմը դա ժողովուրդների, էթնիկ ու կրոնական խմբերի ու ազգերի միջև ընթացող մրցակցության ամենադաժան ձևն է, և այն կողմը, որը դիմանում է դրան, նա էլ հետագայում ստեղծում է մրցունակ պետություն:

Պրոֆեսոր Թրլին ապացուցում է, որ Եվրոպական «առաջատար» պետությունների կայացվածության միակ պատճառը նրանց միջև ընթացող երկարատև պատերազմներն էին, որոնք էլ ասպարեզ հանեցին այն երկրներին, որոնք առավել քան մյուսները պատրաստ էին դրան։ Պատերազմները ստիպեցին կառուցել ռազմականացված պետական միավորներ, որոնց ֆինանսա-տնտեսական ողջ համակարգը կառուցված էր միայն մեկ նպատակով՝ սպասարկել ռազմական մեքենան և ավելացնել սեփական մրցունակությունը։

Այսինքն այս կամ այն պետության առկայությունը պատերազմին դիմակայելու ու դրանից հաղթանակած դուրս գալու որոշակի խորհրդանիշն է: Սակայն խնդիրը նրանում է, որ այդ պետությունները պարբերաբար անցնում են մրցակցության այդ ձևիՙ պատերազմի միջով, և ոչ ոք չի կարող ասել, որ եթե մեկ անգամ հաջողվել է այդ «քննությունը» հանձնել, ապա այն կստացվի նաև երկրորդ անգամ: Քանի որ ժամանակի ընթացքում այդ պատերազմներիՙ մրցակցության ձևերը, տեմպերը, մեթոդաբանությունը և բովանդակությունը փոխվում են:

Փոփոխման այդ գործընթացը, հատկապես մեր օրերում էլ ավելի արագ է տեղի ունենում, սա նորանոր խնդիրներ է առաջադրում, որոնք կարող են էականորեն տարբերվել ընդամենը մեկ տարի առաջ առաջադրված մարտահրավերներից: Նոր պատերազմին պատրաստ լինելը յուրաքանչյուր պետության ռազմավարական նպատակն է ու հենց այս ուղղությամբ տարվող ամենօրյա աշխատանքն է, որ թույլ է տալիս հասարակությանը զգոն լինել և սթափ ձևով վերլուծել իրականությունը ու չխաբվել զինաթափման կամ պացիֆիզմի կեղծ քարոզին:

Սակայն պատերազմը միայն պետության խնդիրը չէ, թող կեղծ կարծիք չստեղծվի թե Զինված ուժերի առկայությունը բավարար է պատերազմին դիմակայելու համար։ Հին ճշմարտություն «կա պատերազմը ոչ թե բանակներն են հաղթում այլ ժողովուրդները», իսկ ռազմահայրենասիրական դաստիրակությւոնը հենց այն հիմքն է, որի վրա էլ դաստիարակվում են հաղթանակի պատրաստ ժողովուրդները։  

Զգոնության ու հնարավոր պատերազմին անընդհատ պատրաստության բովանդակային մասն էլ հենց կոչվում է ռազմահայրենասիրություն, իսկ դրա կարևորագույն բաղադրիչն է պատերազմներում ու ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինվորների ու կամավորների հիշատակումն ու հերոսացումը: Ցանկացած փորձ` նվազեցնել կամ առավել ևս նվաստացնել նրանց արած գործը, լուրջ հարված է պետության ռազմական կայունությանը ու առավել ևս երիտասարդության դաստիարակության գործին, քանի որ նրանք են հանդիսանում պետության անվտանգության պահպանման կարևորագույն աղբյուրը, իսկ դրա հիմքում հավատն է, որ հայրենիքի պաշտպանությունը դա սրբազան գործ է պետության բոլոր քաղաքացիների համար:

Սա է պատճառը նաև այն բուռն ռեակցիայի, որն առաջացավ, երբ ոմն մեկը ժամանակին փորձ արեց կասկածի տակ դնել Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի սխրանքը ապրիլյան պատերազմի օրերին: Այս քայլով կասկածի տակ դրվեց նաև ընդհանրապես այդ օրերին զոհված բոլոր տղաների արածը, ու հասկանալի է այն բացասական արձագանքը, որը հետևեց դրան:

Սա նաև ցուցիչ է այն փաստի, որ այնուամենայնիվ հասարակության մի զգալի մասի մոտ շատ սթափ ու առողջ են պատկերացումները հայրենասիրության և ընդհանրապես ռազմահայրենասիրության մասին: Հասկանալի է, որ մեծամասամբ հայ հանրությունը ճիշտ է գնահատում այն վտանգը, որը կա և որը կարող է էլ ավելի խորանալ, եթե պացիֆիզմ քարոզողները շարունակաբար իրականացնեն իրենց գործը:

Պատմական Հայաստանից մնացած 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով այս փոքր հողակտորի վրա պետություն հնարավոր է կառուցել, պահել ու զարգացնել միայն ռազմահայրենասիրության անընդհատ ու խորացող քարոզի շնորհիվ: Ռազմահայրենասիրությունը հայության գոյատևման ու զարգացման միակ ու կարևորագույն պայմանն է:

Որևէ շեղում դրանիցՙ կարող է հանգեցնել նոր աղետի, ու դա սպառնալիքի կամ վախեցնելու փորձ չէ, դա այն իրականությունն է, որի պայմաններում մենք ապրում ենք: Ներկա իշխանությունների շուրջ հավաքված կեղծ խաղաղասերների գործունեությանը պետք չէ մատների հետևից նայել, այն իրական սպառնալիք է մեր անվտանգության ու գոյատևմանը, դա փորձ է նվազեցնել մեր ինքնապաշտպանական ռեակցին ու ստեղծել պատրանք թե խաղաղություն մուրալով ինչ որ բանի կհասնենք։

Շրջապատված ագրեսիվ հարևաններով, որոնք մեր տարածաշրջան ներթափանցելուց անմիջապես հետո պարբերաբար փորձ են անում ոչնչացնել հայությանը, պետք է առավել զգույշ լինենք թույլ չտալու նախկին սխալները: Մենք պետք է դասեր քաղենք մեր իսկ պատմությունից ու շարունակաբար ռազմահայրենասիրություն քարոզենք մեր երիտասարդության շրջանում, ինչով կապահովենք ու ժառանգաբար կփոխանցենք գոյատևման ու զարգացման այն բանաձևը, որը և կոչվում է ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ:

Արմեն Մանվելյան, պ.գ.թ., էներգետիկ աշխարհաքաղաքականության ու միջազգային անվտանգության մասնագետ։

Հոդվածը մասամբ լույս է տեսել ԱԶԳ թերթում