Մեր տարածաշրջանում կան երեք խաղացողներ՝ Իրան, Թուրքիա ու Ռուսաստան

119

Արթուր Դանիելյանի վերլուծությունը։

Մեր տարածաշրջանում կան երեք խաղացողներ՝ Իրան, Թուրքիա ու Ռուսաստան: Մեր տարածաշրջանից դուրս գտնվող ցանկացած բևեռ պետք է հենվի էս երեքից մեկի վրա: Աշխարհում հիմա կա երկու բևեռ՝ ԱՄՆ ու Չինաստանը: Բնական է, որ էթնիկ թուրք հանդիսացող մահմեդական ույգուրների հետ լրջագույն խնդիր ունեցող Չինաստանը չի կարա հենվել Թուրքիայի վրա, ըստ այդմ, Կովկասում համագործակցում է ՌԴ-ի ու Իրանի հետ: Բնական է նաև, որ ԱՄՆ ոչ մի պարագայում չի կարող Թուրքիային նախընտրել ՌԴ-ն կամ Իրանը, սա է պատճառը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ունի մեծությամբ երկրորդ բանակն ու անկախ ամեն ինչից միշտ լինելու է իրենց դաշնակիցը: Սրանից նաև բխում է այն, որ ցանկացած քաղաքական պրոցես, որը արևմտամետ բնույթ ունի, անխուսափելիորեն բերում է թուրքական տարրի ազդեցության աճին: Սա անհերքելի փաստ է արդեն ավելի քան 300 տարի ու էս առումով ոչ մի բան չի փոխվել:

Ուկարինական մայդաններից հետո հենց այդ երկիրն է թուրք-ադրբեջանական շահերի հիմնական պաշտպանը ԳՈՒԱՄ-ում և այլ հարթակներում: Նույն Թուրքիան, նախքան մայդանները, երբևիցէ չէր բարձրաձայնում Ղրիմի թուրքերի իրավունքների մասին, և սկսեց դա անել միայն Ղրիմը Ռուսատանի կազմ վերադարձնելուց հետո: Վրաստանում նույն պատկերն է: Այնտեղ նույնպես թուրք-ադրբեջանական տանդեմը աստիճանաբար սեփականաշնորհում է բոլոր առանցքային ենթակառուցվածքները` սկսած գազից ու նավթից, վերջացրած նավահանգիստներով ու ինտերնետով: Զգալով թուրքական ասիմիլյացիայի վտանգը` վրացիները փորձում են ՌԴ-ի հետ կարգավորել հարաբերություններն ու ամեն կերպ Չինական ներդրումներ են ներգրավում:

Անշուշտ Հայաստանում տեղի ունեցած հերթական գունավոր հեղաշրջումը նույնպես բացառություն չդարձավ: Իշխանավորները գալուն պես սկսեցին նահանջել՝ թե Արցախյան կարգավորման ճակատում, թե ցեղասպանության պահանջատիրության հարցում և թե հակաթուրքականության դիսկուրսում առհասարակ: Շատ բնական ու օրինաչափ է նաև այն փաստը, որ այդ ամենի սահուն ընթացքը խափանեց, հենց ՀՀ իշխանությունների կողմից զրպարտված ու հետապնդվող, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի որդի` Գրիգորի Խաչատուրովը:

Էս ամենը շատ պարզ, ես նույնիսկ կասեի պրիմիտիվ իրողություններ են, որոնց մասին անտեղյակ կարող է լինել միայն նա, ով դրա համար հատուկ խրախուսվում է: Ստեղ սակայն կա մի շատ կարևոր նրբություն, որը չի կարելի աչքաթող անել: Թե Ուկրաինայում, թե Վրաստանում և թե Հայաստանում թուրքամետությունը արթնանում է, ոչ թե տեղի իշխանությունների ինչոր հաշվարկից ելնելով, այլ այդ իշխանությունների կուրատորների հակաչինական հետևաբար նաև հակառուսական ու հակաիրանական հանձնարարականներով: Այսինքն մեր դասագրքերում թուրքի կերպարն աստիճանաբար սրբագրվելու է, ոչ թե այն պատճառով, որ թուրքը լավն է, այլ այն պատճառով, որ ըստ արևմուտքի վատն են ռուսն ու իրանցին: Թուրքին սրբագրում են ի հակադրություն ռուսի: Ընդ որում, վտանգը ստեղ կայանում է նրանում, որ նույն հաջողությամբ մեկ ակնթարթում այս գիծը կարող է փոխվել, եթե համապատասխան հանձնարարական իջեցվի: Իսկ թե ինչ վտանգներով է հղի պատվեր կատարողի դերում լինելը, մեր պատմությունը շատ պատկերավոր նկարագրում է:

Օրինակ, երբ ռուսական պատվերով մենք Պարսկաստանի դեմ ապստամբեցինք, դրա արդյունքում Ռուսաստանը վերցրեց Դերբենտը, իսկ թուրքերը մտան մեր երկիր ու բոլորի լուռ համաձայնության ներքո մեզ կոտորեցին, որպես պատժիչ գործողություն:

Երբ բրիտանական պատվերով մենք օսմանների դեմ ապստամբեցինք, դրա արդյունքում Օսմանյան կայսրությունը տապալվեց, բրիտանացիք վերցրեցին արաբական նավթը, իսկ էդ ապստամբության հիմնական հովանավորներն ու կազմակերպիչները հենց մեզ կոտորեցին:

Ընդ որում, մինչ օրս էլ արևմուտքն ակտիվորեն շահագործում է հայկական գործոնը Թուրքիայի հետ հարաբերություններում: Մեզ չգիտես ինչու թվում է, թե մենք ինչոր ազդեցություն ունենք ցեղասպանության ճանաչման գործում, մինչդեռ իրականում մեր ազդեցությունը գրեթե զրոյական է: Ցեղասպանության հարցը ակտիվանում է միայն այն ժամանակ, երբ Թուրքիային սաստել է պետք: Ստեղ նույնպես մենք, ըստ էության, պատվեր կատարողի դերում ենք:

Ու մեր ջարդերը կրկնվելու են այնքան ժամանակ, քանի դեռ մենք ինչոր մեկի պատվերն ենք կատարում: Ոչ ցեղասպանության հարցը, ոչ տարածաշրջանում արևմտյան տարանցիկ պրոյեկտների անվտանգության հարցը, ոչ էլ Իրանի հետ սահմանի հարցը չպետք է դառնան աշխարհաքաղաքական բևեռների մանրադրամ: Այո, մենք պարտավոր ենք մեր սերունդներին պատմել, թե ինչ է եղել և սովորեցնել, թե ինչպես չկրկնել սխալները: Հայ Դատի միջոցներն ըստ իս ոչ թե Վաշինգտոնում պիտի վատնվեն, այլ ծախսվեն Հայաստանում հզորագույն Դաշնակցություն կերտելու համար: Որևէ մեկի մտքով չպետք է անցնի, որ հայերը ստրակաբարո երջանկությամբ կընդունեն հերթական անիմաստ բանաձևը հերթական անիմաստ նահանգում, սենատում կամ կոնգրեսում: Տրապիզոնը ազատագրելու միակ միջոցը Հայաստանում ծնելիության խթանումն ու ռազմահայրենասիրական դաստիարակությունն է, ոչ թե Վիլսոնի իրավարար թղթի կտոր թափահարելը: Ոչ թե ԵԱՀԿ-ից պետք է մուրալ Մադրիդյան սկզբունքների խմբագրում, կամ Վիենայի պայմանավորվածությունների պահպանում, այլ մեր ՊՆ-ում ու Կրթության նախարարությունում պետք է հստակ արձանագրել Եվլախյան ու Նախիջևանյան սկզբունքների անխախտելիությունը:

Հայաստանը կարա գոյատևի միայն որպես պաշարված ամրոց, միայն որպես հակաթուրքական ֆորպոստ, զուտ որովհետև ուրիշ ոչ մի ռեսուրս մենք չունենք: Բայց էդ ռեսուրսը շահագործել հնարավոր կլինի միայն «Սպարտա» կառուցելով, այլապես ՄԵՐ այդ ռեսուրսը կշահագործեն այլոք, իսկ մեզ բաժին կհասնեն նոր ցեղասպանություններ:

Հ.Գ. Այս ամենը ես ասում եմ հստակ իմանալով, որ մեր բնակչությանը խիստ անհրաժեշտ սպիտակուցով ապահովելու համար մեզ պետք է առնվազն 2 միլիոն հեկտար արոտավայր, մի էդքան էլ պարենային անվտանգության մնացած էլեմենտների համար, մինչդեռ Հայաստանն ու Արցախը միասին ունեն ընդհանուր առմամբ միայն 1 միլիոն հեկտար: Մեզ պետք ա Ղարսն էլ, Տրապիզոնն էլ, բայց ոչ թե թղթի վրա այլ ծնելիության և կրակային պատրաստության գնահատականների հաշվետվություններում: Եթե մեզ այդ հարցում ուզում են օգնեն, թող ոչ թե բանաձևեր ընդունեն այլ զենք մատակարարեն կամ գոնե դադարեցնեն կեղծ խաղաղասիրության քարոզը: Կարծում եմ Հայ Դատը առաջնային ուշադրություն պիտի դարձնի նրան, որ գոնե ԱՄՆ-ն դադարեցնի Հայաստանում ԳՈՆԵ պարտվողականության քարոզը: Ադրբեջանցիք օրինակ կարողանում են դա անել: