Այս տարվա «Գյումրու օրը» կկազմակերպվի… առցանց

64

   Գյումրի քաղաքի օրվա տոնակատարությունները վերջին տարիներին հատկապես գունեղ ու մարդաշատ են դարձել: Այդ օրը կազմակերպվող բազմատեսակ միջոցառումներին քաղաքի բնակիչների հետ միասին մասնակից են դառնում նաեւ հյուրեր երկրի բոլոր մարզերից ու արտերկրից, պաշտոնական պատվիրակություններ, այստեղ ժամանած զբոսաշրջիկներ: Սակայն ներկա համավարակն ու երկրում շարունակվող արտակարգ դրությունն այստեղ եւս իրենց փոփոխությունն են պարտադրել:
    Ըստ քաղաքապետարանի, ներողություն՝ համայնքապետարանի նոր տարածած հաղորդագրության, սեպտեմբերի 5-ին նախատեսվող «Գյումրու օր-2020ը»-ը կանցկանցվի առցանց՝ «Իմ սեր Գյումրի» խորագրով:
   «Աշխարհի ամենահյուրընկալ քաղաքի համար տոնն առանց հազարավոր հյուրերի նշելն, իհարկե, անսովոր կլինի,- ասվում է հաղորդագրությունում,- բայց համացանցի բոլոր հնարավորություններն օգտագործելով մենք կարող ենք սեպտեմբերի 5-ը դարձնել տարվա ամենագյումրիական օրը»:
   Քաղաքի մարդիկ, նրա նոր ու սիրուն, հին ու պատմական վայրերը, քաղաքի մեղեդին ու գույները, ինչպես նշվում է, կլինեն առցանց հնարավոր բոլոր հարթակներում: Դրանցից երեւի գլխավորները կլինեն Գյումրու համայնքապետարանի եւ նրա մշակույթի ու երիտասարդության հարցերի բաժնի ֆեյսբուքյան էջերը:

Գ. Մկրտչյան