Վարչապետի մամուլի խոսնակը հրաժարվում է Նիկոլ Փաշինյանի այցերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել.

117

Փաստինֆոն հաղորդում է, որ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը մերժել է տեղեկություններ տրամադրել երկրի վարչապետի՝ օգոստոսի 8-ի հանդիպումների ու հարկատուների հաշվին կատարված այցերի մասին։

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ օգոստոսի 8-ին վարչապետը մասնակցել է Իջեւանի քաղաքապետ Հայկ Ղալումյանի դստեր հարսանիքին։ Վարչապետի մամուլի քարտուղարը երեկ ուշ երեկոյան հերքել էր տեղեկատվությունը՝ նշելով, թե տեղեկությունը ճշտելու հարցով լրատվամիջոցներն իրեն չեն դիմել եւ այն հրապարակել են առանց պաշտոնական պարզաբանման փորձի։

«Ես միշտ բաց եմ լրագրողների հետ շփումներում եւ որեւէ հարցով ինձ չդիմելու որեւէ հիմք չեմ տվել»,- -ֆեյսբուքում գրել էր Մ.Գեւորգյանը:

Նկատի ունենալով, որ ոչ պաշտոնական աղբյուրները պնդում են Փաշինյանի ընտանիքի՝ հարսանեկան արարողությանը մասնակցելու հանգամանքը «Փաստինֆո»-ն դիմեց վարչապետին խոսնակին պարզելու, թե Ն.Փաշինյանը օգոստոսի 8-ին ՀՀ որ որեւէ այլ բնակավայր, մասնավորապես Տավուշի մարզ մեկնել է, թե ոչ, բայց խոսնակը կտրականապես հրաժարվեց տեղեկատվություն տրամադրել. «Եթե չեմ սխալվում՝ օգոստոսի 8-ը շաբաթ կամ կիրակի օր էր, այսինքն՝ ոչ աշխատանքային օր։ Հետևաբար, ես չեմ պատրաստվում ձեզ տրամադրել ոչ աշխատանքային օրվա պարոն վարչապետի գրաֆիկը»,- ասաց մամուլի խոսնակ Մանե Գևորգյան և հավելեց. « նորից եմ կրկնում՝ հարսանիքին մասնակցելու լուրերի հետ կապված՝ վարչապետը որևէ միջոցառման չի մասնակցել։ Իսկ եթե սա ձեզ բավարար չէ և դուք ցանկանում եք հերթական ապատեղեկատվություն տարածողը լինեք, ապա ոչինչ ասել չեմ կարող»։

Լրագրողի այն դիտարկմանը, որ լուրը ճշտելու համար ենք իրեն զանգահարել՝ պարզելու, օգոստոսի 8-ին երկրի վարչապետը Երեւանում է եղել, թե ոչ՝ խոսնակը կրկին հրաժարվեց տեղեկություն տրամադրել, թեեւ մինչ այդ ֆեյսբուքում հորդորել էլ մեկնաբանության համար դիմել իրեն։ Նկատենք՝ ոչ թե հերքեց, այլ պարզապես հրաժարվեց պատասխանել՝ երկրի վարչապետը մեկնել է մարզ, թե ոչ։

«Ես իրավունք չունեմ և չեմ էլ պատրաստվում վարչապետի ոչ աշխատանքային օրերի գրաֆիկի մասին որևէ տեղեկատվություն տրամադրել ձեզ, պարտավոր էլ չեմ»։

Տեղեկացնենք, որ մեր տեղեկություններով հուլիսի 8-ին վարչապետ Փաշինյանը ընտանիքի հետ եղել է Տավուշի մարզում, այցելել Ենոքավան, որտեղից էլ, ըստ մամուլի տեղեկությունների, կարճատեւ մասնակցություն է ունեցել Իջևանի քաղաքապետի դստեր հարսանյաց արարողությանը։

Ի դեպ, վարչապետի այցերը՝ լինեն դրանք գործնական, թե մասնավոր բնույթի, իրականացվում են հարկատուների հաշվին՝ պետական միջոցներով ձեռք բերված վարչապետին և իր ընտանիքին սպասարկող փոխադրամիջոցների միջոցով։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո