Կարմիր կատար լճից կատարվել է ջրառ

60

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի մամլո խոսնակ Դավիթ Գրիգորյանը տեղեկացնում է, որ Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումները խորությամբ ուսումնասիրել են ֆեյսբուքյան մի շարք օգտատերերի կողմից բարձրաձայնված՝ Կարմիր կատար կոչվող բարձունքի խառնարանային լճին վերաբերող խնդիրը։ Ըստ օգտատերերի, մի քաղաքացի՝ պոմպի միջոցով, բնական ճանապարհով ձևավորված լճի ջուրն օգտագործում է սեփական կարիքների համար։

Դավիթ Գրիգորյանը գրել է. «Նշենք, որ այդ լճից ջրառ իրականացնելու համար Շրջակա միջավայրի նախարարության կողմից ջրօգտագործման թույլտվություն չի տրվել։ Հետևաբար, որևէ քաղաքացի լճից ջրառ իրականացնելու իրավունք չունի։

Հաշվի առնելով լճի` բնական էկոհամակարգի մաս հանդիսանալու փաստը՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է նամակ ուղղել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ պարզելու, թե ինչ պայմաններով է լճից ջրառ իրականացվում, տեղում ծանոթանալ խնդրին և օրենքով սահմանված կարգով վերականգնել լճի բնականոն վիճակը։

Հարկ է նշել, որ այս պահին արդեն խառնարանային լիճ հարակից տարածքում են գտնվում ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ոստիկանության ներկայացուցիչները։
Հավելյալ տեղեկություններ կտրամադրենք շրջայցի ավարտից հետո։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն քաղաքացիներին, որոնք սրտացավ վերաբերմունք են ցուցաբերում նմանօրինակ խնդիրներն արձանագրելիս և օպերատիվ արձագանքում։

Հատկապես այս փուլում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ներգրավումը բնության պահպանության առաքինի գործին ունի առանձնահատուկ կարևորություն»։