Ի՞նչ մեղմացումներ են սպասվում արտակարգ դրության ժամանակ

63

Կառավարության նիստի ժամանակ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է. «Վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը, միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա վերջինս 14 օրով  ինքնամեկուսացվում է, սակայն մեկ նորամուծություն կա, որ 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել համապատասխան թեստ, և բացասական ելքի դեպքում ինքնամեկուսացումը վերացվում է:

Վերացվում է նաև ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը, սակայն որոշակի կանոնները պետք է պահպանվեն։

Անհրաժեշտ է  սահմանված կարգով և պահանջներին համապատասխան դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը անձանց միջեւ՝ մինչև մեկուկես մետրի տարածության պահպանումը:

Թույլատրվում է ընտանեկան արարողությունների ու ժամանցային բնույթի միջոցառումների անցկացումը, կազմակերպումը և մասնակցությունը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի քան 40 մասնակցով և պահպանելով պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնները»։

Վերացվելու է նաև մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը։

Նախագծի զեկուցումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ ՀՀ-ում կարող են տեղի ունենալ ցույցեր, երթեր, հանրահավաքներ, բայց պայմանով, որ մասնակցիները դիմակ պետք է կրեն, և պահպանեն սոցիալական հեռավորությունը։

«Եթե Աստված չանի, այս թուլացումների արդյունքում մենք նորից թվերի բարձրացում ունենանք,  ստիպված կլինենք կրկին սահմանափակումներ մտնցել։ Եկեք սա արձանագրենք, մենք ելնում ենք հակահամաճարակային իրավիճակի վերլուծությունից, հիմա անկում է, և այդ պայմաններում հնարավոր է դարձել սահմանակումների թուլացումը»,- նշել է  Նիկոլ Փաշինյանը։