Թուրքիայի ԶՈւ բարձրաստիճան պատվիրակությունը մեկնում է Ադրբեջան

196

Օգոստոսի 12-ին Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը, ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերը, տարբեր զորքերի հրամանատարները և այլ բարձրաստիճան սպաներ այսօր մեկնելու են Ադրբեջան՝ հետևելու թուրք֊ադրբեջանական համատեղ զորավարժության վերջին դրվագին։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Նշենք, որ, ըստ զորավարժության մասին Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հաղորդագրության, թուրք֊արբեջանական համատեղ զորավարժությունները տևելու էին մինչև օգոստոսի 10-ը։

(Ձախից աջ) Թուրքիայի ՌՕՈւ հրամանատար Հասան Քյուչյուքաքյուզը, ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերը, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Ցամաքային ուժերի հրամանատար Ումիթ Դյունդարը և ՌԾՈւ հրամանատար Ադնան Օզբալը

Հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում թուրք֊ադրբեջանական ռազմաօդային ուժերն անցկացնում էին «Թուրք-ադրբեջանական արծիվ-2020» («Tur-Az qartalı-2020) համատեղ զորավարժությունը։ Բացի այդ, օգոստոսի 1-5-ը Նախիջևանում և Բաքվում անցկացվում էին համատեղ ցամաքային վարժանքներ:

Նշենք, որ երեկ էլ Թուրքիայում էր Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը, որն ԱԳՆ Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Հավելենք նաև, որ այսօր Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարը պաշտոնական այցով պետք է մեկներ Իրաքի մայրաքաղաք Բաղդադ, սակայն Իրաքը չեղարկել է թուրք նախարարի այցը՝ նախօրեին թուրքական անօդաչուի հարվածից երկու իրաքյան բարձրաստիճան սպայի սպանության պատճառով։

Աղբյուրը` Razm.info