Այսօր Սևրի դաշնագրի 100-ամյակն է(մաս 3 վերջին)

107

Azgonline.am-ը հատվածաբար տպագրում է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Թ. Սարգսյանի հոդվածը Սևրի պայմանագրի մասին։

Հոդվածի նախորդ հատվածները կարադացեք այս հղումով՝ Այսօր Սևրի դաշնագրի 100-ամյակն է, Այսօր Սևրի դաշնագրի 100-ամյակն է(մաս 2)

 Իսկ այժմ մի քանի դիտարկումներ Սևրի դաշնագրի վերաբերյալ:

1. Ողջունելի է, որ նախկինում հիմնականում գիտական շրջանառության ոլորտում գտնվող դաշնագիրը ՀՀ վարչապետի ուղերձով դարձավ նաև պետական շրջանակների գործառույթ:

2. Հարկավոր է հստակ գիտակցել, որ Սևրի վերաբերյալ եղել է թուրքական երկու՝ այն  ստորագրող սուլթանական և մերժող քեմալական մոտեցումներ: Դրանց միջև պայքարն ավարտվեց երիտթուրքերի օրգանական շարունակությու քեմալական կողմը, որը կեղծելով պատմությունը՝ պայմանագիրն ստորագրողներին համարեց պետության և ազգի դավաճաններ և շատերին մահապատժի ենթարկեց:

3. Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովուրդը բնակչության թվաքանակի համեմատությամբ ամենաշատն էին տուժել պատերազմում, արել էին հնարավորն ի նպաստ դաշնակիցների հաղթանակի հետևապես միանգամայն բնական էր, որ ճանաչվեին հաղթող Անտանտի դաշնակից և ակնկալեին հատուցում, որը դրսևորվեց Սևրի դաշնագրի ձևով:

4. Ինչպես ժամանակին նշել է Հովհաննես Քաջազնունին, պետք չի շատ ոգևորվել ու  շլանալ Սևրով: Գրեթե նույնն էր ասում և հայերին նոր վտանգներից զգուշացնում էր նաև Ֆրանսիայի այն ժամանակվա վարչապետ Պուան Կարեն: Ընդհանրապես շատերն էին մտահոգված նշում, որ Վիլսոնը կարող է սահմաններ գծել, բայց եթե այդ գործընթացը ուժով ապահովված չլինի, կմնա դատարկ հնչյուն, ինչպիսին էլ եղավ իրականում:

5. Անկախ ամեն ինչից երբեք չպետք է անտեսել Ռուսաստանի դերակատարությունը մեր տարածաշրջանում, ինչպես դա եղավ Սևրի ժամանակ, որի ցավալի հետևանքները մեզ հայտնի են:

6. Այսուհետև Սևրին անդրադառնալիս հարկավոր է այն ավելի մանրամասն և խորքային ուսումնասիրել, չկենտրոնանալ միայն 88-93-րդ հոդվածների վրա, քանի որ ոչ պակաս կարևոր ու հայանպաստ են նաև 142, 1444, 226-228, 230,  349, 351, 352 և այլ հոդվածներ:

7. Հաճախ շեշտվել ու՝ չափազանցվել են հայկական երկու պատվիրակությունների միջև եղած հակասությունները, սակայն ավելի ուշադիր դիտարկելու դեպքում ակնհայտ է դառնում, որ վճռական պահերին նրանք մեծահոգաբար և իրատեսորեն զիջել են միմյանց, հատկապես Պողոս Նուբարը:

8. Այսօր էլ Թուրքիայում սևրոֆոբիա կա, այսօր նրանք անում են ամեն ինչ պատմությունը կեղծելու և խեղաթյուրելու համար, որն ավելորդ անգամ ցույց է տալիս Սևրի դաշնագրի կենսունակությունն ու այսօր էլ կիրառելի լինելու խիստ կարևոր հանգամանքը:

9. Անհրաժեշտ է այսօր էլ  արժանվույնս գնահատել Սևրի դաշնագիրը որպես պատմական կարևոր, կենսունակ, համապատասխան պայմանների առկայության դեպքում միջազգային իրավանորմերով նախատեսված միանգամայն կիրառելի երևույթ, անել ամեն ինչ մեծացնելու, կրթելու և դաստիարակելու այնպիսի խելացի, ուժեղ, համարձակ և բանիմաց սերունդ, որը կպայքարի Սևրի դաշնագիրն և Վիլսոնի իրավարա վճիռը կյանքի կոչելու համար: