Թուրքական ԱԹՍ-ի հարվածից սպանվել է Իրաքի ԶՈւ 2 բարձրաստիճան սպա. Razm.info

143

Այսօր՝ օգոստոսի 11-ին, Թուրքիայի ԶՈւ-ին պատկանող անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հարվածի հետևանքով սպանվել է Իրաքի զինված ուժերի սահմանապահ ծառայության 2 սպա։ Ավտոմեքենան, որի մեջ գտնվող զինվորականներն այդ պահին հանդիպում էին «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի զինյալների հետ, թիրախավորվել է հյուսիսային Էրբիլ նահանգի մոտակայքում։

Այս մասին հայտնում է Իրաքի քրդական Rudaw լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ զինվորականներին տեղափոխող մեքենայի վարորդը ևս սպանվել է, կան նաև վիրավորներ։

Իրաքի վարչապետի գրասենյակի անվտանգության մեդիա կենտրոնը տեղեկացնում է, որ սպանվածները Իրաքի սահմանային անվտանգության ուժերի 2-րդ բրիգադի հրամանատար, գեներալ Մոհամմեդ Ռուշդին և 3-րդ բրիգադի հրամանատար, գեներալ Զուբաիր Հալին են։

Ձախից՝ գեներալ Զուբաիր Հալի, աջից՝ գեներալ Մոհամմեդ Ռուշդի

Նշենք, որ հունիսի 17-ից Թուրքիայի զինված ուժերը Իրաքի հյուսիսային Հաֆթանին շրջանում PKK-ի զինյալների դեմ իրականացնում են «Ճանկ-վագր» (թրք․՝ “Pençe-Kaplan operasyonu”) կոչվող ռազմական գործողությունը։ Իրաքի իշխանությունները զգուշացրել էին, որ կարող են դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին, Արաբական պետությունների լիգային, Իսլամական համագործակցության կազմակերպությանը և այլ միջազգային կառույցների, որպեսզի Թուրքիան դադարեցնի իր ռազմական գործողություններն Իրաքի տարածքում։

Հավելենք, որ Թուրքիայի ԶՈւ-ն Իրաքի հյուսիսային շրջաններում PKK-ի դեմ ռազմագործողություններ է սկսել 2007 թ-ից։ Հակամարտությունը այդ տարածքներում շարունակվում է ավելի քան 10 տարի։

Աղբյուրը` Razm.info