Այսօր Սևրի դաշնագրի 100-ամյակն է(մաս 2)

77

2020 թ. օգոստոսի 10-ին լրանում է Սևրի դաշնագրի 100-ամյակը: Իրողություն, որը տարաբնույթ մտորումների տեղիք է տալիս, ստիպում կրկին անդրադառնալ խնդրին և անցած հարյուրամյակում աշխարհում տեղի ունեցած փոփոխությունների լույսի ներքո ներկայացնել պայմանագիրը, դրանից բխող իրավաքաղաքական հետևանքները, հայության հիասթափություններն ու սպասելիքները: Ինչու, որովհետև այսօր առկա են իրատեսական պայմաններ դաշնագիրը կյանքի կոչելու համար՝ ա) Միջազգային իրավունքի լիակատար սուբյեկտ Հայաստանի Հանրապետություն, բ) երկու հազար տարի շարունակ զիջելու փոխարեն առայժմ փոքր, բայց տարածքային վերադարձ, գ) Հայրենիք-Սփյուռք-Արցախ եռամիասնություն, դ) սթափ մտածողություն, անկոտրում կամք և վստահություն ապագա հաղթանակների նկատմամբ:

Նախ նկատենք, որ Սևրի դաշնագրին և դրան անմիջական կապի մեջ գտնվող վիլսոնյան գործառույթների մասին շատ է գրվել: Ընդ որում եղել են ոչ միանշանակ մոտեցումներ և արտահայտվել են տարբեր տեսակետներ, որոնց զգալի մասն այսօր էլ են շրջանառվում: Կփորձենք հնարավորինս զերծ մնալ դրանցից և հրապարակի վրա եղած նյութերի, մասնագիտական գրականության, մամուլի հրապարակումների և արխիվային փաստաթղթերի զուգորդմամբ համակողմանի ու ամբողջական ներկայացնել դաշնագիրը[1]: Հիմնախնդիրն ավելի հաստակ պատկերացնելու համար հակիրճ ներկայացնենք Սևրի նախապատմությունը:

Սևրի հաշտության պայմանագրի հիմքում դրվել են Մուդրոսի զինադադարի[2], Սայքս-Պիկոյի[3] պայմանագրի դրույթները, որով դաշնակիցները պետք է իրականաց­նեին Ասիական Թուրքիայի մասնատումը, Վերսալյան հաշտության պայմանագրի[4] և                 Սան-Ռեմոյի կոնֆերանսի[5] որոշումները:

Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ օգոստոսի 10-ին Սևրում (Փարիզի մոտ), ճենապակյա գործարանի սալիկապատ սենյակում, Թուրքիայի  սուլթանական կառավարության[6] և 191418 թթ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա, ՖրանսիաԻտալիաՃապոնիաԲելգիաՀունաստանԼեհաստանՊորտուգալիաՌումինիաՀայաստանՉեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն, Հեջազ) միջև։ Հայաստանի հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը։ Վերջինս և արևմտահայության ներկայացուցիչ Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են նաև ՝ ազգային փոքրամասնությունների իրավունքերի, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ լրացուցիչ պայմանագիր։ Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից։

Պայմանագիրը բաղկացած էր 97 մասից և 578 հոդվածներից (գրականության մեջ հադիպել ենք նաև 13 մասից և 433 հոդվածներից, որը ճիշտ չէ): Դրանք վերաբերվում էին սահմանային և քաղաքական, փոքրամասնությունների պաշտպանության, ռազմական, ծովային և օդային գերիների և պատիժների, տնտեսական և ֆինանսական, օդային նավագնացության, ջրային և երկաթուղային ճանապարհների, աշխատուժի հարցերին։ Սևրի հաշտության պայմանագրի համաձայն՝ Թուրքիային մնում էին Կոստանդնուպոլիսը և շրջակայքը: Բրիտանիան և Ֆրանսիան վավերացրին և գործադրեցին դաշնագրի իրենց վերաբերող բաժինը: Դաշնագիրը անկատար մնաց միայն այն չվավերացրած Արևմտյան Հայաստանի համար:

Հոդավածի նախորդ մասը՝ Այսօր Սևրի դաշնագրի 100-ամյակն է

Հայաստանին հիմնականում[7] վերաբերում էին 88-93 հոդվածները[8]՝

Հոդված 88. Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպես այդ բանն արդեն արել են դաշնակից տերությունները, որպես ազատ և անկախ պետություն:

Հոդված 89. Թուրքիան և Հայաստանը, ինչպես և բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանատումը թողնել ԱՄՆ-ի որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, այնպես էլ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր  տարածքների ապառազմականացման վերաբերյալ:

Հոդված 90. Այն դեպքում, եթե 89-րդ հոդվածի համաձայն սահմանագիծը որոշելիս հիշյալ վիլայեթների ամբողջ տարածքը կամ նրա մի մասը հանձնվի Հայաստանին, Թուրքիան այսօր արդեն հայտարարում է, որ որոշման օրից սկսած ինքը հրաժարվում է հանձնված տարածքի նկատմամբ բոլոր իրավունքներից և  իրավահիմունքներից: Սույն պայմանագրի որոշումները, որոնք կիրառվելու են Թուրքիայից անջատվող տարածքների նկատմամբ, այս պահից սկսած կգործադրվեն նաև այդ տարածքի նկատմամբ: Հայաստանի սուվերենությանը հանձնվող տարածքի կապակցությամբ նրա վրա դրվող Թուրքիայի ֆինանսական պարտավորությունների բաժինը և դրանց բնույթն ու այն իրավունքները, որոնցով նա կարող է փաստարկել, կսահմանվեն սույն պայմանագրի 8-րդ մասի (ֆինանսական դրույթներ) 241-244-րդ հոդվածների համաձայն: Հաջորդ կոնվենցիաները կկարգավորեն, եթե դա անհրաժեշտ լինի, այն բոլոր հարցերը, որոնք չեն կարգավորվել սույն պայմանագրով եւ որոնք կարող են սնունդ առնել հիշյալ տարածքի փոխանցման կապակցությամբ:

Հոդված 91. Եթե 89-րդ հոդվածում նշված տարածքի մի մասը հանձնվի Հայաստանին, ապա սահմանագծման հանձնաժողովը, որի կազմը կորոշվի հետագայում, կստեղծվի երեք ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ արդեն ընդունված կլինի Հայաստանի և Թուրքիայի միջև տեղում սահմանագիծ անցկացնելու վերաբերյալ հիշյալ հոդվածում նախատեսվող որոշումը:

Հոդված 92. Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները ըստ պատկանելույն  կորոշվեն շահագրգիռ պետությունների ընդհանուր համաձայնու­թյամբ: Երբ 89-րդ հոդվածում նախատեսված որոշումն արդեն ընդունված կլինի, և եթե դրանից հետո այս կամ այն շահագրգիռ պետությունները չեն կարողանա ընդհանուր համաձայնությամբ որոշել իրենց սահմանագիծը, վերջինս կորոշեն գլխավոր դաշնակից տերությունները, որոնք դրա հետ միասին պետք է հոգ տանեն սահմանազատումը տեղում գծանշելու մասին:

Հոդված 93. Հայաստանն ընդունում է` համաձայնվելով դրանք մտցնել գլխավոր տերությունների հետ պայմանագրերի մեջ այն որոշումները, որոնց այդ դրությունները անհրաժեշտ կհամարեն Հայաստանում այն բնակիչների շահերը պաշտպանելու համար, որոնք ռասայի, լեզվի և կրոնի առումով տարբերվում են ազգաբնակչության մեծամասնությունից: Հայաստանը նմանապես համաձայնվում է գլխավոր տերությունների հետ պայմանագրի մեջ մտցնել այն որոշումները, որոնք այդ տերությունները անհրաժեշտ կհամարեն տրանզիտի ազատությունը և այլ ազգերի առեւտրի համար արդարացի պայմանակարգը պաշտպանելու համար:

Այլ խոսքով՝ 1. Պաշտոնապես Ճանաչվում էր արդեն իսկ գոյություն ունեցող մոտավորապես հիսուն հազար քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետությունը, որին  միացվում էր Արեւմտյան Հայաստանից 103 հազար քառակուսի կիլոմետր հողատարածք՝ Հայաստանը վերածելով 153 հազար քառակուսի քիլոմեթր տարածքով երկիր: Այսինքն՝ Միացյալ և անկախ Հայաստան՝ հետևյալ շրջաններով. Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Խարբերդ, Սեբաստիա, Կարին և Տրապիզոն: 2. Կիլիկիայից էլ միացվում էին՝ Մարաշը, Սիսը, Ադանայի շրջակայքը և Ալեքսանդրեթը: 3. Երևանի նահանգը, Թիֆլիսի հարավը, Ալեքասնդրապոլի հարավը և Արևմտյան մասը, Կարսն ամբողջութեամբ: 4. Մ. Նահանգները և Ազգերի դաշնակցությունը հանձն էր առնում երաշխավորել և ապահովել այս որոշումների իրականացումը: 5. ԱՄՆ-ը 20 տարի պիտի հովանավորեր և օժանդակեր Հայաստանին: 6. Մարդկային և նյութական կորուստների համար հայերին պետք է հատուցում տրվեր: 7. Նշված այդ տարածքներում բնակվող բոլոր թուրքերը պետք է զինաթափվեին կամ հայաբնակ տարածքներից հեռացվեին:  

2-րդ մաս

Հայաստանին անմիջականորեն վերաբերում է և բնականորեն մեզ ավելի շատ է հետաքրքրում 89-րդ հոդվածը: Դրանում ասվում է, թե Թուրքիան և Հայաստանը, ինչպես նաև պայմանագիրն ստորագրող մյուս կողմերը, իրենց համաձայնությունն են տալիս, որ  Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, ինչպես նաև Հայաստանի համար դեպի ծով ելքի խնդիրը  ԱՄՆ նախագահը իրավարա­րու­թյանը հանձնվի: Այսինքն՝ Սևրի դաշնագիրը մեծ պետութիւնների և պարտված Թուրքիայի միջև կնքված միակ միջազգային քաղաքական այն փաստաթուղթն է, որով պաշտոնապես ճանաչվում էր Միացյալ, ազատ և անկախ Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիայից նրա ունեցած արդար ու լիիրավ պահանջները: Այն հաղթաթուղթը, որն այսօր էլ անհրաժեշտ է օգտագործել Հայ Դատի վերջնական և արդարացի լուծման համար: Պայմանագիր, որի իրագործմամբ միայն հնարավոր կդառնա հայ ժողորդի բնականոն զարգացման համար անհրաժեշտ կենսական տարածքների մեկտեղումը, ուր համախմբված ողջ հայությունը կկարողանա կյանքի կոչել իր մեծ տեսլականը՝ Ազատ, անկախ, միացյալ Հայաստանը: Սևրի Դաշնագիրը հայության պատմության աստեղային պահերից էր: Այն եղավ միջազգային իրավունքի ցարդ չգերազանցված միակ փաստաթուղթը, որում ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարարությամբ մանրամասնորեն ճշտված ու քարտեզագրված են հայկական և թուրքական պետությունների միջև միջազգային սահմանները։

Չնայած հուլիսի 22-ին Սուլթան Վահդեթինի նախագահութեամբ Սուլթանության խորհուրդը գրեթե միաձայն որոշել էր ստորագրել համաձայնագիրը[9], սակայն դրա հաստատումը ձգձվում էր և միայն Ֆրանսիայի ճնշման արդյունքում այն վավերացվեց 1920 թ. օգոստոսի 25-ին: Պայմանագրի այն հոդվածները, որոնք վերաբերում էին ֆրանսական և բրիտանական վերահսկողության տակ անցնող հողատարածքներին, ամբողջությամբ գործադրվեցին: Իսկ միջազգային իրավունքի համապատասխան իրավանորմերի, երբ որևէ դաշնագրի հոդվածների մի մասը գործադրվում է, ապա մյուս հոդվածների գործադրելիությունն էլ է երաշխավորված: Դաշնագիրը անկատար մնաց միայն այն չվավերացված Արևմտյան Հայաստանի համար: Իսկ ինչ վերաբերում է թուրքական  կողմի այն պնդումներին, որ  1923 թ. կնքված Լոզանի դաշնագիրը փոխարինել է Սևրի պայմանագրին, ապա դա անհիմն է, քանի որ միջազգային օրենքներով որևէ դաշնագիր չի կարող փոխարինել  նախորդ մեկ այլ դաշնագրի, եթե նախորդ դաշնագիրն ստորագրող կողմերը չեն ստորագրել նոր դաշնագիրը: Պատմական իրողություն է, որ Հայաստանը չի ստորագրել Լոզանի դաշնագիրը: Հետո էլ՝ Լոզանի դաշնագրում Սևրի դաշնագրին որևէ անդրադարձ չկա, այդ թվում՝ այն չեղյալ հայտարարելու մասին: Այնպես որ, Սևրի դաշնագիրն այսօր էլ վավերական է և ըստ միջազգաին իրավունքի նորմերի՝ լիովին գործադրելի: Ի դեպ, Ալեքսանդրապոլի պայմանագիրն էլ, որի հոդվածներից մեկով  Հայաստանը հրաժարվում էր Սևրի դաշնագրից, կնքվել էր 1920 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության ժամեր առաջ հրաժարական տված կառավարության կողմից և  ինքնին ևս անվավեր էր:

                Աշխարհաղաքական փոփոխությունների հետևանքով Սևրի դաշնագրի Հայաստանին վերաբերող մասը ցայսօր մնացել են անկատար, քանի որ հատկապես Խորհրդային Ռուսաստանը իր դաշնակից քեմալական Թուրքիայի հետ առժամանակ հուղարկավորեց ոչ միայն Հայաստանի անկախության ու ինքնավարության վերաբերյալ հայության գուրգուրած հույսերը, այլև՝ Սևրի դաշնագիրը:


[1] Քանի որ արխիվային և տպագրված սկզբնաղբյուրներում, մասնագիտական գրականության մեջ, մամուլում հրապարակված նյութերում, հուշագրություններում ու համացանցում  նյութերը շատ առատ են, ուստի հոդվածն ավելորդ ծանրաբեռնելուց զերծ պահելու համար ձեռնպահ ենք մնում ուղիղ հղումներից ու աղբյուրները նշելուց:

[2] Մուդրոսի զինադադարը կնքվել է 1918 թ. հոկտեմբերի 30-ին Հունաստանի Լեմնոս կղզու Մուդրոս նավահանգս­տում, Անտանտի ներկայացուցիչների եւ Թուրքիայի միջև: Դրանով Առաջին աշխարհա­մարտն ավարտվեց: Սարգսյան Ս., Մուդրոսի զինադադարի 100-ամյակը, «ԱԶԳ» թիվ 43, 16-11-2018:

[3] Կնքվել է 1916 թ. մայիսի 16-ին Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև՝ Օսմանյան կայսրության ասիական տիրույթների, առաջին հերթին՝ արաբական նահանգների բաժանման մասին։ Համաձայ­նագրի նախագիծը պատրաստել էին դիվանագետներ անգլիացի Մարկ Սայքսը և ֆրանսիացի Ժորժ Պիկոն (այստեղից էլ «Սայքս-Պիկո»-յի անվանումը): Գաղտնի ստորագրել են Անգլիայի արտգործնա­խարար է. Գրեյն ու Ֆրանսիայի դեսպան Պ. Կամբոնը Լոնդոնում: Համաձայնագիրը նախատեսում էր արաբական երկրները բաժանել հինգ գոտիների (որոնց մեջ էին մտնում նաև Արևմտյան Հայաստանի մի մասը և Քուրդիստանը): Ռուսաստանի դժգոհությունից հետո համաձայնագրում փոփոխություններ մտցվեցին և Ռուսաստանին անցնող տարածքները (այդ թվում՝ Արևմտյան Հայաստանը) պետք է կազմեին «Դեղին» գոտին:

[4] Վերսալյան հաշտության պայմանագրով պաշտոնապես ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Ստորագրվել է 1919 թ-ի հունիսի 28-ին ԱՄՆ-ի, Անտանտի երկրների ու նրանց արբանյակների և պարտված Գերմանիայի միջև, Ֆրանսիայի Վերսալյան պալատում ։ 

[5] Սան Ռեմոյի կոնֆերանս (Իտալիա) տեղի է ունեցել 1920 թ. ապրիլի 19-26-ին: Սան Ռեմոյի համագումարը հրավիրվեց Լոնդոնի համագումարից (փետրվար 12-24, 1920 թ․) հետո և օգոստոսի 10-ին հանգեցրեց Սևրի պայմանագրին։ Մասնակցել են Մեծ ԲրիտանիայիՖրանսիայի, Իտալիայի վարչա­պետ­ները, ՃապոնիայիԲելգիայի և Հունաստանի ներկայացուցիչները հրավիրվում էին միայն այդ երկրներին վերաբերող հարցերի քննարկմանը։ Ամերիկան մասնակցում էր որպես դիտորդ։ Հայաստանին վերաբերող հարցերի քննարկմանը հրավիրվում էին ՀՀ և Ազգային պատվիրակություն­ների նախագահներ Ա. Ահարոնյանը և  Պ. Նուբարը։ Դաշնակիցները փաստորեն հրաժարվեցին Հայաստանի նկատմամբ ռազմաքաղաքական և ֆինանսական հովանավորության իրենց նախկինում հայտարարած պարտավորվածություններից: Համաժողովը վերահաստատեց Հայաստանի անկախությունը, դիմելով ԱՄՆ-ին Հայաստանի խնամակալությունը ստանձնելու հարցով։  «Conference of San Remo | Italy [1920]»։ Encyclopedia Britannica (անգլերեն)։ Վերցված է 2017-11-25 Պապյան Արա։ «Հայաստանի Հանրապետության կարգավիճակի և սահմանների հարցը Սան Ռեմոյի համաժողովի ժամանակ»։ էջեր 31–32

[6] Օսմանյան Կայսրության անունից դաշնագիրը ստորագրեցին պատվիրակության չորս անդամները՝ Ռիզա Թևֆիքը, Մեծ Վեզիր Տամաթ Ֆերիտ փաշան, դեսպան Հատի փաշան և կրթության նախարար Րեշիտ Հալիսը, որոնք լիազորված էին սուլթան Մեհմեդ 6-րդի կողմից։

[7] Սևրի պայմանագրի զգալի թվով հոդվածներ, որոնց մի մասն էլ անուղղակի, վերաբերում են և շոշափում են Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը:

[8] Ցանկությունն իրականության հետ շփոթելով հաճախ Սան ստեֆանոյի 16 և Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածներին վերագրվել են հայանպաստ շատ դրույթներ, նույնիսկ՝ անկախության, այնինչ խոսքն ընդամենը բարենորոգումների չերքեզներից ու քրդերից հայերին պաշտպանելու մասին է եղել: Ավելորդ թյուրիմացություններից ու տարակարծություններից զերծ մնալու համար, ներկայացնենք Սևրի Հայաստանին հիմնականում վերաբեվող հոդվածները:

[9] Մասնակցել էին շուրջ 50 պետական ​​գործիչներ, հրամանատարներ և համայնքի անդամներ, որոնց մտահոգությունն էր Ստամբուլի անկումը կանխելն ու ավելի ծանր հետևանքների կանխարգելումը։ Միայն Թոփջու Ֆերիկի Ռիզա փաշան էր հայտարարել, որ չնայած իր կայուն դիրքին ձեռնպահ է մնում: Այսինքն՝ Սևրի դաշնագիրը ընդունվեց Սուլթանութեան խորհրդի հրավիրված 43 անդաներից  42-ի կողմից, ներառյալ Սուլթան Վահդեթինը: (Akşin,  ibid, p. 184-185)

Սուրեն Թ. Սարգսյան, պգդ, պրոֆեսոր