ՀՀ կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ-ի պահանջը. Գագիկ Խաչատրյանը բուժում չի ստացել

73

Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտարարություն է  տարածել այն մասին, որ  օգոստոսի 5-ին լրացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռի կատարման 15-օրյա ժամկետը, որով ՄԻԵԴ-ը պահանջել էր ՀՀ Կառավարությունից ապահովել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի անհապաղ բուժումը քաղաքացիական հիվանդանոցում։ Ըստ երևույթին, ս.թ. հուլիսի 21-ից ի վեր ՀՀ կառավարությունը ողջամիտ որևէ քայլ չի ձեռնարկել ՀՀ քաղաքացու կյանքի և առողջության համար ակնհայտ վտանգների առկայության պարագայում համարժեք բուժում ապահովելու համար։

«ՀՀ պատմության մեջ աննախադեպ է Եվրոպական դատարանի որոշումը չկատարելը: Նման վարքագիծը անընդունելի է իրավական և ժողովրդավարական պետության համար:  Ընդ որում, պետք է նշել, որ կառավարությունն, ի պատասխան տարբեր հարցումների, մշտապես նշում է, թե իբրև նախքան ՄԻԵԴ որոշումն էլ, դրանից հետո էլ ապահովել և ապահովում է Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման և համարժեք բուժում ստանալու իրավունքը: Սակայն ակնհայտ է, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը, հակառակ դեպքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նման որոշում չէր կայացնի: Ու եթե կառավարությունը շարունակի պնդել, թե կատարել է ՄԻԵԴ որոշումը, այդ դեպքում պետք է գոնե հետևյալ հարցին պատասխանի. արդյոք Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման և բուժման առումով որևէ բան փոխվել է նախքան այդ որոշումը և դրանից հետո: Ցավով պիտի փաստեմ, որ ոչինչ էլ չի փոխվել», – ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը:

Խաչատրյանների փաստաբանական խումբն արձանագրում է, որ 64-ամյա Գագիկ Խաչատրյանն ապօրինի կարգով կալանքի տակ է արդեն 11 ամիս  ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի, որի չկատարումը և կատարման հապաղումը լուրջ և անդառնալի վտանգներ է պարունակում նրա հետագա առողջության և կյանքի համար:

 «Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ 2020 թվականի  հուլիսի 21-ին միջանկյալ միջոց կիրառելուց զատ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նրա վերաբերյալ գործը ընդունել է վարույթ առաջնահերթության կարգով՝ ՄԻԵԴ կանոնակարգի 41 հոդվածի համաձայն։ ՄԻԵԴ-ը առաջնահերթություն շնորհում է երկու հիմքով. եթե գործը բարձրացնում է Եվրոպական կոնվենցիայով սահմանված որևէ իրավունքի կոպիտ և լրջագույն խախտման հարց, կամ եթե գանգատում ներկայացված հարցը բարձրացնում է համակարգային բնույթի խնդիր տվյալ երկրի ներսում, որը պահանջում է շուտափույթ լուծում։ Գագիկ Խաչատրյանի դեպքում առաջնահերթությունը տրվել է՝ առողջական ծանր վիճակի և իշխանությունների անգործության փաստերից ելնելով։

Որպես կանոն, եթե առաջնահերթությունը տրվում է առողջական վիճակից ելնելով, նշանակում է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համոզվել է, որ անձը ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի։ Տվյալ դեպքում դա պայմանավորված է անհրաժեշտ բժշկական խնամքի ու բուժման հնարավորության սահմանափակմամբ և ապօրինի կարգով կալանքի տակ պահելով։

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը,  որը  չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ըստ գործում առկա ապացույցների, երբևէ փորձ չի կատարել թաքնվելու քննությունից կամ խոչընդոտելու քննության ընթացքը։ 2019թ.-ին գտնվելով Գերմանիայի Դաշնությունում՝ քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը և վերադարձել ՀՀ ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի հնարավորություն տա իր ներկայությամբ ամբողջական և օբյեկտիվ քննություն կատարել»,-ասված է հայտարարության մեջ:

Խաչատրյանների փաստաբանական խումբ