Թուրքիան կեղծեց ոչ միայն հարևանների, այլև իր պատմությունը. Ռուբեն Սաֆրաստյան

103

Սևրի պայմանագիրն այն միջազգային փաստաթուղթն է, որը սերտորեն կապված է հայ ժողովրդի պատմության հետ և այն պետք է ուսումնասիրվի ամենայն խորությամբ: «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին ԳԱԱ-ում կայացած Սևրի պայամանագրի 100-ամյակին նվիրված գիտաժողովին «Թուրքիա. առերեսում Սևրի հետ. աշխարհաքաղաքական մտորումներ» թեմայով զեկույցում նշեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինտիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: 

«Ես կվերլուծեմ թուրքական կողմի մոտեցումները Սևրի դաշնագրի նկատմամբ: Այս խնդիրը կարևոր է և սակավ ուսումնասիրված: Այստեղ, ըստ էության, թուրքական երկու մոտեցում է եղել: Այն մոտեցումը, որը հաղթեց՝ քեմալականների մոտեցումն էր և կեղծեց պատմությունը: Քեմալական պաշտոնական պատմագրությունը ոչ միայն կեղծեց հարևան ժողովուրդների, մեր ժողովրդի, այլև Թուրքիայի պատմությունը: Թուրքական մյուս կողմի գործունեությունը որակվեց որպես դավաճանություն: Բոլոր այն գործիչները, որոնք առնչություն ունեին Սևրի պայմանագրի ստորագրման հետ  որպես Օսմանյան կայսրության ներկայացուցիչներ՝ որակվեցին որպես դավաճաններ, դատապարտվեցին մահապատժի: Իհարկե, դա չի համապատասխանում իրականությանը»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը: Պարզաբանելով թուրքագետը նշեց, որ ավելի խորը ուսումնասիրելով թուրքական կողմի մոտեցումները հասկանալի է, որ սուլթանական կառավարությունը, նրա շուրջը համախմբված մի շարք գործիչներ ոչ թե դավաճան էին թուրք ժողովրդին, այլ փորձում էին երկընտրանքի ճանապարհ գտնել, փորձում էին նորովի վերաիմաստավորել Թուրքիայի դերը  Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում ձևավորվող նոր աշխարհում: Ըստ դրա՝ այն ոչ թե պետք է լիներ կայսրություն, այլ որպես պետություն՝ ներփակված իր ազգային սահմանների մեջ, հարաբերություններ ունենալով հարևան պետությունների հետ: Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծեց, որ դա էր էությունը, որը կեղծվեց, և այդ մարդկանց դավաճան ներկայացրին: 

«Մի կարևոր հանգամանք: Մենք գործ ունենք երևույթի հետ, որը կոչվում է երիտթուրքական շարժում: Սխալ է այն մոտեցումը, ըստ որի, շարժումը դիտարկվում է միայն երիտթուրքական կուսակցությամբ, այդ ուժի վերնախավով: Ոչ, Օսմանյան կայսրության վերջին փուլում այն մեծ շարժում էր և ընդգրկում էր այն ժամանակվա թուրքական հասարակության ամենածայրահեղ, ազգայնամոլ մոտեցում ունեցող մարդկանց: Քեմալական շարժումն, ըստ էության, երիտթուրքական շարժումն էր, սա մենք պետք հասկանանք: Քեմալն իր գործունեությամբ շարունակում էր երիտաթուրքական ծրագրի իրականացումը, որի հիմնական նպատակն էր ոչնչացնել հայ ժողովրդին, հայկական պետականությունը: Կա փաստաթուղթ, որը շրջանառության մեջ էր դրվել, այն թվագրված էր 1920 թվականի նոյեմբերի 8-ով: 

«Այն ուղարկվել էր Անկարայից Քարաբեքիր փաշային, որը ղեկավարում էր թուրքական հրոսակային խմբավորումը: Այդտեղ սևով սպիտակի վրա գրված էր՝ Հայաստանը պետք է ոչնչացվի: Այսինքն՝ խոսքը ցեղասպանության ծրագրի շարունակության և ավարտին հասցնելու մասին էր։ Այս անգամ ցեղասպանությունը պետք է իրականացվեր մի ամբոջ պետության դեմ: Սա էր քեմալականների նպատակը, և այս մարդիկ գալով իշխանության կեղծեցին պատմությունը»,-հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը: