Պարզաբանում է Վլադիմիր Գասպարյանի փաստաբանը

190

«Ազատություն» ռադիոկայանը երեկ հայտնել էր, որ Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս  «Ազատության»  լրագրողների աշխատանքը խոչընդոտել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

Վերջինս վարել է տրանսպորտային միջոցը լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել», «սատկացնել», ինչպես նաև հայհոյանքներով պահանջել իր առանձնատունը ցույց չտալ։ «Ազատությունն» իր աշխատանքի խոչընդոտման այս փաստի վրա է հրավիրում Ոստիկանության ուշադրությունը։

Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն ի պատասխան լրատվամիջոցի տարածած հղորդմանը՝ ֆեյսբուքյան էջում պարզաբանել է.

«Համացանցում ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անվան անհարկի շահարկումը դադարեցնելու համար պարզաբանում եմ՝
մարդու անձնական և ընտանեկան կյանքին ապօրինի ներխուժումը թուլատրելի չէ ոչ մեկին, այդ թվում՝ իշխանահաճո լրատվամիջոցի լրագրողներին և նույնիսկ իրավապահ մարմիններին: Թռչող նկարահանող սարքի՝ «դռոնի» գործարկումը անձի սեփականությունը հանդիսացող տան և տնամերձ տարածքի վրա, առանց իր համաձայնության, անբարոյականություն է և որևէ կապ չունի լրագրողական գործունեության հետ: Իրենց անբարո վարքի համար միանգամայն համաչափ արձագանքի արժանացած «դրոն քշողներին» սա պետք է դաս լինի և հետագայում զերծ պահի ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները խախտելուց»: