Գյումրի-Կարս հին կամուրջը՝ հուշարձան

136

   Գյումրիից մոտակա Առափի գյուղ տանող ճանապարհին, Ախուրյան գետի վրա եղած մետաղե հին կամուրջը ճանաչվել է տեղական նշանակության հուշարձան: Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, նման որոշում կայացվել է մարզպետ Տիգրան Պետրոսյանի համապատասխան միջնորդության քննարկումից հետո:
  1877 թվականին ցարական Ռուսաստանի Ալեքսանդրապոլի բերդի  զինվորականների կողմից, տեղացի արհեստավորների օգնությամբ կառուցված 20 սաժեն (մոտ 42,7 մետր) երկարությամբ պողպատե կառույցն իր տեսակի մեջ Հայաստանում առաջինն է եղել: Նույն թվականի ապրիլ ամսին, ինչպես տեղեկացվում է, այս կամրջով է անցել ռուսական զորքը եւ գրավել Կարսը: Այդ ճանապարհը եղել է Գյումրին Կարսին կապող ամենահուսալի ուղին:


   Խորհրդային տարիներին այս կամուրջի եզրին սահմանապահ-անցագրային կետ կար, որն այժմ հանված է: Մետաղե կամուրջը եւս վաղուց անօգտագործելի է, 1980-ականներին նրանից քիչ այն կողմ երկաթբետոնից կառուցվել է նորը:
   Ընդգրկվելով մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, պատմական կառույցը ենթակա կլինի օրենքով սահմանված կարգով պահպանման:   

Գ. Մկրտչյան

Նկարները
– Կամուրջի ներկա տեսքը
– Արխիվային լուսանկար. հավանաբար կամրջի շինարարական փորձարկումն է…

Լուսանկարները Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից են:

Հեղինակի այլ հոդվածներ՝ «Մայրենի լեզվով եւ ԱՅԼ օտար լեզուներո՞վ». չեղավ…, «Հայկական եկեղեցիներ». Լեւոն Լաճիկյանի գծանկար բացիկների նոր հավաքածուն