Սա պետություն է, ոչ թե տուգանային հրապարակ

121

Հայաստանում դիմակ չկրելու համար քաղաքացիները տուգանվում են տաս հազար ՀՀ դրամի չափով: Վերջին տվյալների համաձայն, նման տուգանքների ընդհանուր չափն արդեն հատել է հինգ հարյուր միլիոն դրամի սահմանը: Այսինքն ՀՀ քաղաքացիները, որոնք, ինչպես պնդում է ՀՀ վարչապետը, «տուգանվելու մատերիալ չեն», հինգ հարյուր միլիոն դրամ տուգանք են վճարել, և շարունակում են վճարել:
Հանուն արդարության նշեմ, որ մեր քաղաքացիները աշխարհի ամենապարտաճանաչ քաղաքացիները չեն, և վարակը սկզբնական շրջանում տարածվել է նաև նրանց ծայրահեղ անպատասխանատու ապրելակերպի պատճառով: Ընդունում եմ նաև, որ, եթե Հայաստանում դիմակ չկրելու համար տուգանք չսահմանվեր, ոչ մեկը չէր էլ կրի, իսկ որ դիմակ կրելը նպաստեց համավարակի «օկուպացմանը», արդեն տեսանք և համոզվեցինք: Ինչևէ:
Բայց, ցավոք, իշանությունների մտքով չանցավ, որ սխալի դեպքում տուգանվելուց հետո, ճիշտը գործելու համար մարդը պետք է նաև խրախուսվի: Այո, թող դիմակ չկրողը տուգանվի, եթե դա է միակ միջոցը, բայց տուգա՞նքն է, որ պետք է փրկի մեզ: Աջակցությունը փրկության մաս չի՞ կազմում: Վատ վիճակից դուրս գալու լավագույն միջոցը տուգանվե՞լն է: Ի՞նչ աջակցություն է ստացել քաղաքացին:
Եկեք շիտակ լինենք, աջակցության ոչ մի ծրագիր մինչև վերջ պատշաճ չի իրականացվել: Իրականացվածների մի մասն էլ ուղղակի խեղկատակություն է եղել: Այսինքն, եթե որևէ մեկը գրանցված աշխատող չէր, այդպես էր չարժանացավ պետության ուշադրությանը, հենց այդպես, անուշադրության մատնվեց: Ստացվում է` քաղցածն ավելի քաղցեց, կուշտն ավելի կշտացավ:
Երբ եկավ քաղաքացիների կոմունալները վճարելու ժամանակը, պետությունը կրկին որդեգրեց քաղաքական աճպարարության գործելաոճը և ընդունեց այնպիսի որոշում, որի արդյունքում խնայողության հաշվին ավելի քիչ վճարումներ ունեցող մարդիկ այդպես էլ օգնության չարժանացան:
Փոխարենը մեր պատկան մարմինները չմոռացան ամեն պատեհ առիթով հիշել Վրաստանին, որն այս պայքարի ժամանակահատվածում ուղղակի փայլուն աշխատեց: Չմոռացան հիշել և ներողություն խնդրել:
Այսօր էլ Հայաստանի Հանրապետության տարածքում մարդիկ շարունակում են կայծակնային արագությամբ տուգանվել, իսկ օգնության մասին խոսք անգամ չկա: Վերևում հիշեցի Վրաստանին: Ուզում էմ մի անգամ էլ հիշել և ընդգծել, որ այդ պետության ղեկավարությունը փայլուն է կատարում իր առջև դրված խնդիրը: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Վրաստանում եկող նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների կոմունալ ծախսերը կփոխհատուցի պետությունը: Հայաստանի իշխանությունները նման բան պլանավորու՞մ են, թե՞ տուգանելն ավելի ախորժաբեր է:
Իհարկե, կարգազանցը պետք է տուգնավի, բայց պետությունն առաջին հերթին իր քաղաքացուն խնամողն է, ոչ թե տուգանողը: Սա պետություն է, ընկերներ, ոչ թե տուգանային հրապարակ:
Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ