Հունաստանում հայտարարել են, որ պաշտպանելու են իրենց իրավունքները` դրանց խախտման դեպքում

75

Հունաստանը պաշտպանելու է իր ինքնիշխան իրավունքները բոլոր միջոցներով, այդ թվում` ռազմական, եթե Թուրքիան Oruc Reis հետազոտական ​​նավն ուղարկի Հունական բացառիկ տնտեսական գոտի (ԲՏԳ): Այս մասին ուրբաթ երեկոյան ասել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Open հեռուստաալիքով: Նրա ելույթի տեքստը տարածել է Հունաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հարցին` արդյո՞ք Հունաստանի պատասխանը կընդգրկի զինված ուժերի օգտագործումը, եթե Անկարան Oruc Reis-ն ուղարկի հունական ԲՏԳ, Դենդիասը պատասխանել է, որ երկիրը պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու ինքնիշխան իրավունքները բոլոր միջոցներով: «Կարծում եմ, որ Եվրամիությունում մեր գործընկերներից եւ ընկերներից որեւէ մեկը Հունաստանի կառավարությունից ոչ մի այլ բան չի ակնկալում»,- ասել է արտգործնախարարը:

Այնուհետեւ լրագրողները Դենդիասին խնդրել են մեկնաբանել Հունաստանի վարչապետի անվտանգության հարցերով խորհրդական Ալեքսիս Դիակոպուլոսի հայտարարությունը, որը լուրերի նույն թողարկման մեջ ասել էր. «Եթե նրանք (թուրքերը) մտնեն Հունաստանի մայրցամաքային տարածք, մենք կպատասխանենք, այդ թվում` ռազմական ճանապարհով»: «Գիտեք, ես չեմ առանձնացնում հունական զինված ուժերը երկրի եւ դրա կառավարության իրավակարգի պահպանման ամբողջ կոմպլեքսից,- պատասխանել է Դենդիասը: «Սահմանադրությամբ Հունաստանի զինված ուժերի, ինչպես եւ մեր բոլորի վրա պարտավորություն է դրված պաշտպանել մեր հայրենիքի ինքնիշխանությունն ու ինքնիշխան իրավունքները»:

«Մենք ոչ ոքի չենք սպառնում, չենք անում բարձրաձայն հայտարարություններ, եւ մենք չունենք այնպիսի հիստերիկ արձագանք, որը բնորոշ է տարածաշրջանի մյուս երկրներին: Մենք պարզապես ասում ենք, որ որպես ինքնիշխան երկիր մենք սահմանադրորեն պարտավոր ենք պաշտպանել ինքներս մեզ, եւ մենք դա անելու ենք ցանկացած ձեւով, որը թույլ են տալիս մեր սահմանադրությունը եւ մեր հնարավորությունները: Եվ մենք դա ասում ենք բոլորին հանգիստ, որպեսզի ի սկզբանե պարզ լինի, որպեսզի թյուրիմացություն չլինի»,- շեշտել է ԱԳՆ ղեկավարը:

Աղբյուրը՝ News.am