“Հարգելի «ՍԻՐՈ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» նվիրյալներ”

63

Բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը Ֆեյսբուկի էջում գրում է, “Վարչապետի երեկվա խոսքն ինձ մտորելու առիթ տվեց` սիրո հեղափոխության փոխարեն մենք ամենայն հավանականությամբ կունենանք սովորական սեռական հեղափոխություն` սեռական հակումների սանձարձակ դրսևորմամբ։
Սակայն ես ոչ թե հիաՍԹԱՓՎՈՒՄ եմ վարչապետից, որովհետև երբեք էլ, անկեղծ ասած, հիացած չեմ եղել, այլ գիտակցում եմ մեր անելիքի ողջ լրջությունն ու բարդությունը։ Սիրո հեղափոխություն անելն իրոք հեշտ չէ, այնուհանդերձ, ես հավատում եմ, որ դա հնարավոր է ու ՄԵՆՔ ԱՅՆ ԿԱՆԵՆՔ։
***
Հարգելի «ՍԻՐՈ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» նվիրյալներ

Մենք քաղաքական ընդդիմություն չենք և մեր գործը ինչ-որ մեկին կամ ուժերին տապալելը չէ։ «Սիրո հեղափոխությունը» տեղի է ունենում կոնկրետ մարդու, մեկ մարդու մեջ, լինի նա իշխանական, թե ընդդիմադիր։ Այդպիսի մեկ մարդու հայտնությունը շղթայական ռեակցիայի մեխանիզնով կարող է բերել ևս մեկ նմանատիպ մարդու հայտնման, և երբ նման լուսավոր մարդիկ գնալով շատանան, լույսը կտարածվի ամբողջ երկրով մեկ։
Ինձ կարող եք մեղադրել իդեալիստ լինելու մեջ, այնուհանդերձ, ես ոչ թե իդեալիստ եմ, այլ հավատում եմ հրաշքներին։

Իսկ հիմա այն մասին, թե ինչպես եմ պատկերացնում «սիրո հեղափոխությունը» կոնկրետ մեկ մարդու ներսում։

Բժշկության մեջ այսպիսի մի երևույթ կա, կոչվում է օրգանների փոխպատվաստում։
Չաշխատող օրգանը փոխարինվում է դոնորական օրգանով, որը վերցված է այլ մարդուց։ Դեպքերի մեծամասնության ժամանակ, դոնորական օրգանը մերժվում է օրգանիզմի կողմից, որովհետև ճանաչվում է օտար ու անընդունելի։
Հակազդման մեխանիզմը, որով փոխպատվաստված օրգանը դուրս է մղվում օրգանիզմից, ոչ թե այդ օրգանից ուղղակի հրաժարումն է, այլ այդ օրգանի ՍՆՈՒՑՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ։
Հայտնի է, որ օրգանների սնուցման համար անհրաժեշտ են նյարդաթելեր, որոնցով օրգանը հաղորդակից է դառնում տիրոջ կենտրոնական նյարդային համակարգին (ինքնությանը), առանց որի անհնար է նրա կենսագործունեությունը, իսկ նյարդաթելերն, ինչպես հայտնի է, այդքան հեշտ չեն առաջանում, կարելի է ասել ընդհանարպես չեն առաջանում, ուստի փոխպատվաստված օտար օրգանի սնուցման պրոցեսն աստիճանաբար նվազում է և օրգանը սովից մահանում է։
Խնդրում եմ հաշվի առեք, ԱՅՆ ԻՆՉ ՍՆՈՒՑՈՒՄ ԵՆՔ, ԱՅԴ ԷԼ ՈՒՆԵՆՈՒՄ ԵՆՔ ՈՐՊԵՍ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔ։ Չարը քննադատելով՝ մենք այն ավելի ենք սնուցում և հետևաբար ուժեղացնում։ Ասածս բնավ չի նշանակում հանդուրժել չարը, ընդհակառակը՝ ասածս չարի դեմ ավելի խորքային արմատական լուծում տալն է։ Ու քանի որ կյանքի հիմքը սնուցումն է, մենք կարող ենք մեր նպատակին հասնել սնուցման մեխանիզմների տրամաբանությամբ։
Իսկ հիմա ուշադիր, սնուցման գործառույթը ՄԱՅՐԱԿԱՆ ՍԿԶԲԻ առանցքն է։ Հետևաբար մայրական հոգատարությունը միմյանց, մեզ ու մեր խնամքի տակ եղող մանուկների նկատմամբ, մեր նպատակին հասնելու լավագույն ուղին է։
Դպրոց մտնող մանկավարժը մայր է, դպրոցի տնօրենները կամ ուսմասվարները հիմնականում մայրեր են, սոցիալական աշխատողները մայրեր են։ Ես տեսնում եմ մեր հաղթանակի ուղին մայրական բանզդի տոտալ ու արմատական հզորացման մեջ, այլ ոչ թե պատերազմական ոգու հաղթանակի, որն ավելի շատ արական սկզբի բնութագիրն է։ Պատերազմները ավիրում են, մայրերը կյանք են բերում։ Մայրական սկզբի հաղթանակը յուրաքանչյուրիս ներսում այսօրվա ստեղծված իրավիճակից ապահով ու արդյունավետ դուրս գալու ուղին է։
Մենք կանենք «սիրո հեղափոխություն», բոյկոտելով մեր մեջի հիվանդագինը, որը ոչ մի աղերս չունի մեր իրական ինքնության հետ։ Եւ դա կանենք հանդարտորեն, առանց ցնցումների, մայրական սկզբի հոգածությամբ ու իշխանությամբ։

Աշխարհն այսօր համատարած փոփոխությունների ու արմատական վերափոխումների փուլում է գտնվում։ Հանրակրթության չափորոշիչներում առկա խնդրահարույց կետերը չափորոշիչների հետ մեկտեղ սրբվելու գնալու են, եթե ոտնձգությունը մայրական սկզբին դեմ է։