Բողոքի ձայները լռեցնելու լավագույն տարբերակը. արտակարգ դրություն

98

Հայաստանում ևս երեսուն օրով երկարաձգվեց արտակարգ դրության ռեժիմը, մի բան, որը եթե մարտ-հունիս ամիսներին անհրաժեշտություն էր, հիմա արդեն ավելորդություն է: Որովհետև, եթե սկզբնական շրջանում արտակարգ դրությունը նպաստում էր վիրուսի կանխարգելմանը, հիմա, ըստ էության, այլևս ունակ չէ կատարել այդ խնդիրը: Հիմա շուկաները, բանկերը, ժամանցի վայրերը գործում են: Տեղ-տեղ կարելի է հանդիպել մարդկային այնպիսի կուտակումների, որոնք վարակի տարածման պոտենցիալ օջախներ են:
Բայց արի ու տես, որ նմանատիպ ենթադրյալ օջախներն այնքան էլ չեն անհանգստացնում իշխանություններին, որքանքաղաքական հավաքները: Եվ թքած, որ ի տարբերություն շուկայի կամ բանկերի կուտակումների` հաճախ այդ հավաքները լինում են հինգ-տաս հոգանոց: Ոստիկանությունը որքան հանդուրժող է մյուս այդ մարդկանց հանդեպ, այնքան անհանդուրժող է քաղաքական հավաքների հանդեպ:
Այսինքն`կարելի է ենթադրել, որ արտակարգ դրության երկարաձգումը ոչ այնքան հակամաճարակային բնույթ է կրում, որքան քաղաքական: Այսօր Հայաստանում քաղաքական ակցիաներնը ճնշվում են աննախադեպ արագությամբ ու հին օրերի բռնությամբ:
Ամենուր կարելի է հանդիպել քսան-երեսուն հոգանոց խմբերի, որոնք հաճախ դիմակ էլ չեն կրում, բայց անվտանգության բոլոր նորմերը պահող այն քաղաքացիները, որոնք անհամաձայնություններ ունեն իշխանության վարած քաղաքականության հետ, բերման են ենթարկվում առանց խղճմտանքի և ներողամտության:
Իշխանական պատգամավորը արտակարգ դրության պայմաններում հարյուրհոգանոց «փարթի» կազմակերպեց Շորժայումխախտելով դիմակ կրելու և ֆիզիկական հեռավորություն պահպանելու մասին պարետատան որոշումը և որպես պատասխանատվություն վճարեց տաս հազար ՀՀ դրամ: Բայց հաջորդ օրը Ազգային ժողովի դիմացից վերջին հանցագործի կարգավիճակով բերման ենարկվեցին քաղաքացիներ, որոնք ուղղակի համամիտ չէին իշխանության վարած քաղաքականության հետ: Այդ քաղաքացիները դիմակներով էին և պահպանում էին անհրաժեշտ հեռավորություն: Իդեպ, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն աշխատանքից ազատվեց, որովհետև շատ նեղ շրջանակների մասնակցությամբ կազմակերպել էր որդու հարսանիքը: Ինչու՞ Հայկ Սարգսյանը չզրկվեց մանդատից:
Համացանցը ողողված է իշխանական մի շարք պատգամավորների լուսանկարներով, որտեղ պարզ երևում է, որ արտակարգ դրության պայմաններում նրանք առանց դիմակի և ֆիզիկական հեռավորություն պահպանելու զբոսնում են քաղաքում կամ ժամանցի վայրերում ժամանակ են սպանում: Ուրեմն կարելի է եզրակացնել, որ արտակարգ դրության ռեժիմը համահամաճարակային գործողություն լինելուց` վաղուց դարձել է քաղաքական անհամաձայնություններն ու բողոքի ակցիաները ճնշելու, մարդկանց բերման ենթարկելու օրինական միջոց: Դա, իհարկե, լավ մարտավարություն է, բայց
շուտ տապալվող, չէ՞ որ անվերջ արտակարգ դրության ռեժիմ չի լինելու: Իսկ թե ինչ է լինելու դրանից հետո, շատ հուզիչ է:
Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ