Մի պատկեր Թավրիզից. Րաֆֆի

140

            Րաֆֆին թե՛ իր վեպերում, թե՛ հրապարակախոսության մեջ շատ է անդրադարձել ժողովրդի կրթության ու լուսավորության խնդրին, նա համոզված էր, որ տգիտությունը վերացնելու ամենաճիշտ միջոցը ժողովրդի մեջ կրոնական հավատալիքների, սնոտիապաշտության հաղթահարումն է, լուսավոր գաղափարներով զինված գրողը ժողովրդին առաջ տանելու , մտավոր ներուժ տալու, խավարից դուրս հանելու  համար  կարևորում էր ազգի մեջ լեզվի, դպրոցի, գրականության, գիտության զարգացումը,   առանձին անդրադառնում կնոջ կրթության խնդրին:
            Հայտնի է, որ  դասավանդել է Թավրիզի Արամյան ազգային դպրոցում,  իր մեծ ներդրումն ունեցել  1878 թ.  Ագուլիսում «Գողթնեաց  լուսավորչական ընկերության»  հիմնադրմանը, որի  նպատակն էր չքավոր մանուկներին կրթելով  վարժապետներ պատրաստել: 
            Րաֆֆին դատապարտում էր եկեղեցական հոգաբարձուների ավելորդ միջամտությունը կրթական գործին. «Շատ դպրոցներում  քրիստոենական վարդապետության դասատուներն իսկ  աշխարհականներ են. ամեն օր, ամեն ամիս գավառներեն դասատուներ կխնդրվին այն պատճառով, որ կրոնականներն անկարող են ժողովրդյան ուսումնասիրության փափագը գոհ ընել: Եվ սակայն գեթ գավառներու մեջ  եկեղեցվո պաշտոնեին կպատկանի իր հոտին մանկտին ժողովել, անոր ուսման ճաշակը հայթայթել, բարոյական դասեր ավանդել, ազգային պատմություն, աշխարհագրություն, թվաբանություն ուսուցանել: Քանի՞ հատ վարդապետ կգնտես, որ այս հրահանգները զորե ճամփել ուսումնատենչ գավառացիին, որ իր հոգևոր հովվին կամ քահանային ձեռնտվութենե անհույս՝ հեռվեն (աշխարհական) վարժապետներ կփնտրե, որ կրթվի»:[1]       
            1877թ. «Մշակի» 19-րդ համարում տպվում է «Դավրիժու ընթերցարանի ընկերություն» վերնագրով մի հոդված:   
            «Մի հանդիսական» ստորագրությամբ ՝ Րաֆֆին հոդվածում ներկայացնում է Թավրիզի ընթերցարանի ընկերության ընդհանուր ժողովում  հնչեցրած իր հիմնական մտքերը:         
            Ընթերցարանը բարերար ազդեցություն է թողել ժողովրդի վրա՝  կրթելով նրա միտքը և ծանոթացնելով լուսավոր գաղափարներին. «Որովհետև մեր ընթերցարանը յուր նշանակությամբ կից է ազգային դպրոցի առաջադիմության հետ, այս պատճառով ընկերությունը միշտ ամեն ջանք ի գործ է դրել,  որ ոչ միայն դպրոցի զարգացած աշակերտները շահվեին ընթերցարանի գրքերից, այլև ուսուցիչներն ևս իրենց առարկաների վերաբերությամբ օգուտ քաղեին ընթերցարանից…Այն մարդիկ, որոնք առաջ կարծում էին, թե աշխարհականի համար չէ կարդալը, և եթե պետք էր կարդալ, այն ևս աղոթքի գիրք լինելու էր, այժմ անկեղծորեն խոստովանում են, թե գրքերն իրենց մեծ բավականություն են պատճառում»[2]:
            Բայց գրողը նաև շտապում է ավելացնել.« Մի դաս միայն մեզանում մնացել է անտարբեր դեպի այն հասարակային օգտավետ գործը և դա է հոգևորական դասը…Մեր քահանաները, որոնք ավելի պետք ունին ուսանելու և ուսուցանելու , ցավով պետք է խոստովանեմ, որ մինչև այսօր չէ պատահել, որ նրանք ոտք կոխած լինեին ընթերցարանի շեմքի վրա»:  
            Այս հոդվածով Րաֆֆին պախարակում է Թավրիզի ծխատար քահանա տեր Հովսեփին` չնայած  որ այս քահանան ժողովրդի մեջ մեծ հեղինակություն էր վայելում:      Ո՞վ էր այս քահանան, և ի՞նչն էր պատճառ դարձել, որ գրողը դեմ խոսեր նրան:     
            Րաֆինն ընթերցարանի ժողովում բավականին երկար խոսում է այնժմյան քահանայի նշանակության, դերի մասին , թե որքան հետ են մնացել նրանք դարի պահանջներից. «Ուսումը, գիտությունը, ընթերցանությունը այժմ այնպիսի անհրաժեշտ կարիքներ են դարձել, որ նրանք պետք են ժողովրդի ամեն դասակարգին, թե՛ աշխարհական լինի, թե՛ եկեղեցական, և առավելապես վերջիններին, որովհետև նրանք են ժողովրդի առաջնորդները և նրան բարոյական ուղղություն տվողները»:[3]
            Հոդվածից հասկանում ենք, որ չնայած ընթերացարանը լիքն էր նաև կրոնական բովանդակության գրքերով,այնուամենայնիվ, տեղացի հինգ քահանաներից և ոչ մեկը ընթերցարան չեր մտնում՝ այսպիսով  ժողովրդի մեջ ստեղծելով կարծիք, որ այնտեղ ուրեմն « կրոնի և հավատի հակառակ բաներ են ընթերցվում»:         
            Այս ամենին գուցե Րաֆֆին չանդրադառնար, այն էլ հոդվածով, եթե չլիներ հետևյալ դեպքը.  հիշյալ քահանան  սկսում է շրջել տնից տուն և քարոզել, համոզել հեռու մնալ ընթերցանից, և դա էլ բավական չէր՝ ընթերցարանը ` իբրև «վնասակար հիմնարկություն» մատնում է կառավարությանը:

            Իհարկե սա տեր Հովսեփի առաջին «փոքրիկ » գործը չէր, հենց նա էր , որ խափանեց  Թավրիզում օրիորդաց ուսումնարանի  հիմնումը:    
            Իր շուրջը հավաքված մի քանի առաջադեմ մարդկանց հետ Րաֆֆին հիմնել էր բարեգործական ընկերություն, որի նպատակը  աղքատ ընտանիքների օրիորդներին կրթություն տալն էր.« Մայրն է այն հողը, որից ծլում և ծաղկում են երեխայի բնական կատարելությունները. մայրն է այն աղբյուրը, որից բխում են երեխայի ազնիվ հատկությունները: Ուրեմն, բարեկիրթ երեխաներ ստանալու համար նախ պետք է պատրաստել ուսյալ մայրեր: »[4]:   
            Րաֆֆին և նրա կինը օրիորդաց դպրոցում պիտի անվճար դասավանդեին, աշխատավարձ պիտի ստանար միայն վարժուհին, ով իր հերթին խոստացել էր առաջին տարվա ամբողջ աշխատավարձը նվիրել դպրոցին:       
             Այսինքն ՝ գործի մեծ մասը արված էր, մնում էր միայն համոզել ծնողներին, իսկ հետամնաց հասարակության մեջ դա այդքան էլ հեշտ բան չէր, որովհետև ընդունված չէր, որ աղջիկը հասարակության մեջ երևա, էլ ուր մնաց՝ դպրոց հաճախի:        
            Իսկ ընտանիքների հետ ամենասերտ կապը պահում էր քահանան,  նա էր, որ առանց արգելքի ներս ու դուրս էր անում ցանկացած ընտանիք, և նրա խոսքը ծանրակշիռ էր ժողովրդի մեջ: Սա է պատճառը, որ այս դժվարին գործը հանձնարարվեց տեղի քահանային ՝ հիշյալ տեր Հովսեփին: Իսկ ի՞նչ արեց տեր Հովսեփը. սկսեց տներով պտտվել, վրդովել ժողովրդին ասելով , թե ով է տեսել աղջիկը տանից դուրս գա, ուսումնարան գնա, այն էլ տղամարդ ուսուցիչ ունենա. «Մենք տեսել էինք ուրիշ երկրներում բթամիտ, հետադեմ, խավարասեր և ուրիշ շատ մոլորություններ ունեցող քահանաներ, բայց դեռ չէինք տեսել բռնակալ քահանա, որ ժողովրդի վրա իշխում է, որից ժողովուրդը սարսափում է, ինչո՞ւ, նրա համար, որ նա մատնիչ է…»:    
            Այս հոդվածը մեծ աղմուկ է հանում Թավրիզում, համայնքը բաժանվում է  երկու մասի, վտանգի տակ էր ոչ միայն գրողի կյանքը, այլև դպրոցի և ընթերցարանի գոյությունը ընդհանրապես: Գրողը ստիպված թողնում է Թավրիզը:     
            Րաֆֆին նամակով դիմում է Գևորգ  IV  կաթողիկոսին ՝ խնդրելով վերահասու լինել և կարգի հրավիրել տեր Հովսեփ քահանային. «Ինձ մնում է  միայն Էջմիածնի բարձր ուշադրությունը դարձնել այս տխուր երևույթների վրա, որ նա չթողնի Պարսկաստանը առանց հովվի: Առաջնորդը եթե ուրիշ բանի պետք չէ այստեղ , գոնե այսքանն էլ բավական է, որ նա յուր քահանաներին չափի և սահմանի մեջ կպահե: Մենք մեր քահանաներից ոչ մի բարիք չենք սպասում, միայն թե մեր գործերը չխառնեին…»[5]:


[1] Րաֆֆի, հատոր 10, Երևան, 1991, էջ՝ 250:

[2] Տե՛ս նույնը, էջ՝457:

[3] Տե՛ս նույնը, էջ`459:

[4] Տե՛ս նույնը, էջ`479:

[5] Րաֆֆի, հատոր 10, Երևան, 1991, էջ՝464: