Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքը տարակուսանք է առաջացնում․ Վահե Դավթյան

180

Քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթայնը իր ֆեյսբուկյան էջում գրում է, – “Հայոց պատմության դասագրքի չափորոշիչների վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ այսօր հրապարակված կարծիքը տարակուսանք է առաջացնում առնվազն մի քանի պատճառով:

1. Նախ՝ ի՞նչ է նշանակում բանավեճի որակի մասին հնչեցվող գնահատականի քողի ներքո դրա առարկայի վերաբերյալ սեփական դիրքորոշում ներկայացնել: Ինչո՞վ է կաշկանդված պարոն առաջին նախագահը, որ խուսափում է ուղիղ մասնագիտական գնահատական տալուց: Այն, որ նա, լինելով տասնամյակների փորձ ունեցող գիտնական՝ վաստակել է դրա իրավունքը, կարծում եմ, աներկբա է: Սակայն Տեր-Պետրոսյանը ոչ միայն խուսափում է մասնագիտական ուղիղ գնահատականներից, այլև, կիրառելով ՛՛հայդատական պատմագիտություն՛՛ սահմանումը՝ իրականում քաղաքականցնում է բանավեճը, ինչից պետք է ի սկզբանե խուսափեն բոլոր կողմերը:

2. Խորհրդային տարիների պատմագիտությունը Տեր-Պետրոսյանը որակում է որպես ՛՛գռեհիկ-մատերիալիստական՛՛՝ պնդելով, որ ՛՛Նիկողայոս Ադոնցի, Հակոբ Մանանդյանի, Սուրեն Երեմյանի եւ Գագիկ Սարգսյանի նման հսկաներ ունեցող հայ պատմագիտությունը իրավունք չունի իջնելու այս մակարդակին՛՛: Մինչդեռ ներկայացված պատմագետներից երեքը՝ Մանանդյանը, Երեմյանն ու Սարգսյանը հանդիսանում են հենց խորհրդային պատագիտության կարկառուն ներկայացուցիչներ, ՀԽՍՀ ԳԱԱ ակադեմիկոսներ: Ի դեպ, ըստ որոշ աղբյուրների՝ Սուրեն Երեմյանը Ստալինի հրամանով՝ 1930-ականներին զբաղվել է Ադրբեջանի պատմության ստեղծմամբ՝ ներկայացնելով Աղվանքի պատմությունը՝ որպես Ադրբեջանի պատմության մաս:

3. Ինքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ որպես գիտնական-հետազոտող ձևավորվել է խորհրդային ինստիտուտներում՝ թեկնածուական ու դոկտորական ատենախոսությունները պաշտպանելով Լենինգրադի համալսարանում: Անկեղծ ասած, գրականության մեջ երբևէ չեմ հանդիպել որևէ տեղեկության դիսիդենտ բանասեր-պատմաբան Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, որը դուրս է եկել խորհրդային գիտական դպրոցի դեմ”: