Այսպիսի պատմություն

425

Հրաչուհի Փալանդուզյանը իր ֆեյսբուկյան էջում գրում է, օրերս Լևոն Տեր-Պետրոսյանը կարծիք հայտնեց պատմության նոր դասագրքերի մասին և Սուրեն Երեմյանին ու Գագիկ Սարգսյանին համարեց հսկաներ՝ հայ պատմագիտության հսկաներ: Երկու ակադեմիկոսներին մի քանի անգամ հանդիպելու առիթներ եմ ունեցել: Ահա երկու դրվագ իմ լրագրողական պատմությունից: Կռահեք՝ առաջին նախագահի գովաբանությունը վերաբերում է այս հսկաների վերջի՞ն հայտարարություններին, թե ամբողջ կյանքի բուն գործունեությանը:

ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Հետանկախական ռադիոհամակարգում դրական շատ փոփոխություններին զուգահեռ շարունակում էր գործել բամբասանքի ու լրտեսության անտեսանելի մեքենան: Նույնիսկ հիմա չեմ կարող ասել, թե ովքեր էին մեքենավարները, բայց պարզ էր, որ մեր վարած բացահայտ հայամետությունը բոլորին դուր չէր գալիս: Ինձ` որպես սփյուռքի համար հաղորդումների վարչության կուսակցական ղեկավարի և հեռուստառադիոյի կուսկոմիտեի անդամի մի քանի անգամ կանչեցին Կոմկուսի Կենտկոմ՝ հետս բացատրական աշխատանք տանելու նպատակով: Գործունեությունս նրանց աչքին շատ ըմբոստ էր երևացել:

Այդ այցերից մեկի ժամանակ ասացին, որ պետք է հանդիպեմ ակադեմիկոս Գագիկ Սարգսյանի հետ: Դա նոր կարգի դաստիարակություն էր, և ես անմիջապես գնացի ակադեմիա: Պարոն Սարգսյանի տեսակետներին լավ ծանոթ էի, նա ուրարտասեր կոչվող գիտնականներից էր: Ես միշտ հետևում էի «Պատմաբանասիրական հանդեսում» ծավալվող հայագիտական բանավեճերին ու չէի կարողանում պատկերացնել իրենց ժողովրդի պատմությունը խեղաթյուրողների էությունը: Ինձ թվում էր, թե նրանք հայ չեն, ծպտված այլազգի են:
Պարոն Սարգսյանը, հակառակ պատկերացումներիս, համակրելի հայի կերպար էր՝ խոհուն աչքերով, կիրթ պահվածքով: Նա ինձ սիրալիր ընդունեց, ասաց, որ ծանոթ է կուսակցական ժողովներում մեր քննարկած հարցերին և սկսեց… հայ ժողովրդի պատմության դասընթացը:
Չհասկացա, թե ստույգ որ հաղորդմանս կամ կոմիտեի որոշման պատճառով են ինձ վերակրթում, միայն հիշում եմ դասախոսության բուն թեման՝ հայ ժողովուրդը «ծագել և ձևավորվել է Ուրարտուի գրկում և պատմական թատերաբեմ է իջել նույն Ուրարտուի կործանումից հետո»: Մի կես ժամ ծանոթ դասագրքերից մեջբերումներ լսելուց հետո պարոն Սարգսյանին հարցրի.
-Դուք ընդունում եք, որ մ.թ.ա. 14-11-րդ դարերում գոյատևած Հայասան Հայքն է, Հայաստանը, «ասա»-ն հոգնակիակերտ մասնիկ է, նշանակում է «եր», «ք», «ոստան»: Ձեզ ճի՞շտ եմ հասկացել:
-Այո, -հաստատեց ակադեմիկոսը: -Դուք երևի վերջին հոդվածս եք կարդացել:
-Ես ձեր և ձեր ընդդիմախոսների բոլոր հոդվածները կարդում եմ,-ասացի:- Ուրեմն խնդրում եմ բացատրեք՝ ինչպե՞ս է, որ մ.թ.ա. 14-11-րդ դարերում գոյություն ունեցած հզոր Հայասա-Հայք-Հայաստանը հանկարծ անհետացել է՝ տեղը զիջելով Ուրարտուին և միայն նրա կործանումից հետո՝ մ.թ.ա. 6-րդ դարում է իր մասին հիշեցրել: Հինգ դար որտե՞ղ էր հայ ժողովուրդը: Արդյոք սա չի՞ նշանակում, որ ոչ մի Ուրարտու էլ չի եղել, այդ անունով երկիրը միշտ էլ Հայաստանն է եղել:
Գագիկ Սարգսյանն սկզբում մի ցասումնալի հայացք նետեց վրաս, բայց նկատելով քաղաքավարի ուշադրությունս, փորձեց ժպտալ: Նա երկար ժամանակ լուռ էր, աչքերը հառել էր լուսամուտից դուրս ինչ-որ կետի: Զգացվում էր, որ հոգում ալիքներ են բախվում, սակայն չէր վճռում` արտահայտվի՞, թե ոչ:
-1953 թվականից հետո լռելը տեղի՞ն եք համարում,-հարցրի որքան հնարավոր է` մեղմորեն:
Նա հասկացավ, որ ակնարկում եմ Ստալինի մահը: Այդ տարիներին արդեն խոսվում էր այն մասին, որ հայ ժողովրդի պատմության շատ իրողություններ բռնակալի կամքով աղավաղվել կամ դուրս են նետվել, այդ շարքում էր նաև Արարատի կամ Վանի հայկական թագավորությունն ինչ-որ հորինովի ուրարտացիների վերագրելը: Հայության թշնամի Ստալինի քիմքին դուր չէր եկել, որ խորհրդային տարածքում ամենահին ժողոուրդը հայերը լինեին, անենահարուստ մշակույթը նրանք ստեղծած լինեին: Իր զառանցագին ուղեղի բոլոր միջոցներով նա պղծում էր հայոց պատմությունը, անվանարկում հայոց մեծերին, և դա անում էր հայ գիտնականների ձեռքով:
Դրա հանցավոր եղանակներից մեկն էլ այդ պարտադրանքին ենթարկվող (չենթարկվելու գինը մահը կամ աքսորն էր) պատմաբաններին տիտղոսներով, այլևայլ պարգևներով լռեցնելն էր:
Ստալինյան «եղանակով» գրված աշխատություններով ու դասագրքերով Հայաստանը լեփլեցուն էր, և դժվար չէր հասկանալ այն մարդկանց ողբերգությունը, ովքեր միմիայն ապրելու համար համաձայնել էին նման գրքեր գրել, այսինքն խաբեության մասնակից դառնալ: Նրանք այդ սև բիծն իրենցից մաքրելու համար պետք է համոզիչ միջոց գտնեին: Իմ պատկերացմամբ Գագիկ Սարգսյանն այդ գործընթացն սկսել էր հեռվից: Նա դա հաստատեց:
-Կարծում եմ,-դժվարությանբ արտաբերեց նա,-Ուրարտուից ավելի կարևոր է Հայասայի քննությունը: Երբ դու ապացուցում ես, որ այդ անունն ընդամենը Հայաստանի անվանումներից մեկն է, իսկ այն ստեղծած ժողովուրդն էլ հայն է, մակաբերվող հարցերը դառնում են ինքնակա:
Կրկին հետևեց լռությունը: Գուցե այդ պահին նրա մտքում գրվում էր նոր ասելիքը կամ այն մեղայականը, որ Սուրեն Երեմյանն արդեն հրապարակել էր:
Ակադեմիկոսի այդ երկդիմի պատասխանը հավուր պատշաճի ընդունեցի, իբրև համախոհութան նշան և ուրախ-ուրախ հրաժեշտ տվեցի նրան: Չէի կասկածում, որ հոգով նա իր ժողովրդին չի դավաճանել, թեև հայագիտության առջև, այո, որոշակիորեն մեղանչել է:
Ակներև է, որ ստալինյան զառանցանքները չեզոքացնելու մարտիրոսությունը բաժին է ընկել մեր օրերի գիտնականներին ու կազմակերպություններին, բայց առաջին հերթին` հայոց պետությանը:

ՍՈՒՐԵՆ ԵՐԵՄՅԱՆ

Գնացել էի գիտությունների ակադեմիա, որպեսզի ձայնագրեմ հայտնի պատմաբան, ակադեմիկոս Սուրեն Երեմյանին: Այդպիսի ավանդույթ կար` Ամանորի առթիվ սփյուռքի համար եթերում հնչեցնում էինք հայրենի նշանավոր մտավորականների մաղթանքները:
Բախտս բերեց` զրուցակիցս համաձայնեց մի ամբողջ հարցազրույց տալ, ըստ երևույթին նրա կյանքի ուրախ օրերից մեկն էր: Ձայնագրեցի շատ հետաքրքիր մի հարցազրույց՝ լի միամիտ, բայց ըստ էության սադրիչ հարցերով: Պատասխաններն ավելի քան անկեղծ էին:
Տեսնելով, որ լրագրողն անտեղյակ մեկը չէ` Սուրեն Երեմյանը խոստովանեց անգամ իր գիտական գործունեության, փաստորեն` կյանքի ամենամեծ գաղտնիքը: Ավելի ճիշտ դա ոչ թե անձնական, այլ համահայկական գաղտնիք էր: Ակադեմիկոսը միանգամայն բացորոշ ասաց, որ Ուրարտու կոչված խաբկանքի հեղինակը Ստալինն է եղել, նա էր հրահանգել հայերի ծագումն ու ձևավորումը բխեցնել Ուրարտուից:

Իրենք էլ հանուն ինքնապաշտպանության ու տիտղոսների ուռճացրել են այդ կեղծ թեզը` զանց առնելով անգամ Դարեհի Բեհիսթունյան արձանագրությունը և այն իրողությունը, որ ոչ մի հայ պատմիչ թեկուզ հարևանցիորեն «Ուրարտու» անունը չի նշել:

Սա պարզապես խոստովանություն չէր` ուրարտագիտության մահը գուժող պայթյուն էր: Բազմաթիվ աշխատություններ ու հոդվածներ գրած, բարձր ամբիոններից ուրարտամետ ելույթներ ունեցած գիտնականն ի վերջո ասում է, թե ինչն է եղել հայ ժողովրդի պատմությունն աղավաղելու բուն պատճառը` Ստալին հրեշի հայատյացությունը: Իրենք` հայ պատմաբանները, միշտ էլ համոզված են եղել, որ Ուրարտու կոչվածը եղել է հայոց պատմության անխզելի էջերից մեկը` հիշատակված Վանի կամ Արարատյան թագավորություն անուններով:
-Պետական այդ հզոր միավորումն ապահովել է ռազմական, տնտեսական, մշակութային վիթխարի վերելք, որոնք անվերապահորեն հայի հրաշագործ մտքի արգասիք էին,-ասում էր Սուրեն Երեմյանը:-Հայկական էր ոչ միայն պետական ամբողջ համակարգը, հայ էին Արարատյան թագավորության հզոր արքաներն ու զորավարները, ամբողջ ժողովուրդը:
Այս խոստովանությունն այն ժամանակ եթերում չհնչեց` չափազանց մեծ էր խորհրդային մարդու վախը, ես կասեի` մորթապաշտությունը: Որքան էլ սփյուռքի համար հաղորդումները տեղականից հայրենասիրական շնչով տարբերվեին` ենթակա էին ուշադիր զննության, այնպես որ մեկնումեկը չէր հանդգնում իր աթոռը փորձության ենթարկել:

Բայց կատարվեց զարմանալին. մահվանից առաջ Սուրեն Երեմյանը հրապարակավ մեղա եկավ՝ կրկնելով ստալինյան բռնաճնշման այդ ստորագույն տեսակի պատմությունը: Դա խորհրդային պատմագիտության մեջ մի նշանակալի բեկում էր, որին հաջորդեց հայ ժողովրդի կենսագրությունը կեղծիքից ու ստից մաքրելու գործընթացը:
Չնայած այս ոլորտում բացերն անթիվ են և «ուրարտասերներ» դեռ կան` չեմ վարանում ակադեմիկոս Երեմյանի վերջին արարքը սխրանք որակել: Չմոռանանք` ժամանակները խորհրդային էին:
Իսկ այն խոսակցությունները, թե Երեմյանն է կեղծել Հայոց Աղվանից աշխարհի պատմությունը, այսինքն մասնակցել է ադրբեջանական ստին, ես հաստատված գրի ձևով չեմ տեսել:

ՀՀ ԳԱԱ-ն քանի՞ գործող հաստատություն ունի, որոնց գործունեությունը ոչ ոք չի ճնշում, այսինքն չի խանգարում պատմությունը դարձնել ՃՇԳՐԻՏ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ:

Հրաչուհի Փալանդուզյան

ՀԳ. Որևէ ողջամիտ հայի մտքով երբևէ կանցնե՞ր, որ անկախությունից 30 տարի անց ինչ-որ խեղված ուղեղներ հայոց պատմությունը կվերաձևեն… թուրքավարի ու դա կհռչակեն պետական «ռազմավարական պատկերացում»…

Լուսանկարներում՝
Ակադեմիկոս Գագիկ Սարգսյան
Ակադեմիկոս Սուրեն Երեմյան