Լիբանանում հայկական կառույցները գնահատում են պայթյունի վնասների չափը. մանրամասներ Բեյրութի վիճակից

93

Լիբանանում հայկական կառույցները համակարգված աշխատում են օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կրած վնասների չափը հստակեցնելու համար: «Արմենպրես»ի հետ զրույցում այս մասին նշել է ՀՅԴ Հայ դատի Միջին Արևելքի գրասենյակի պատասխանատու Վերա Յակուբյանը՝ մանրամասներ ներկայացնելով Բեյրութում առկա վիճակից:

«Մեր գրասենյակը մեծ վնասներ է կրել՝ գույք, պատուհաններ, դռներ: Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ եթե այդ ժամանակ գրասենյակում մարդ լիներ, վստահաբար զոհ կունենայինք: Կորոնավիրուսով պայմանավորված՝ գրասենյակային աշխատանքը սահմանափակ է, և այդ ժամին այնտեղ մարդ չենք ունեցել: Բարեբախատաբար, միայն նյութական վնաս ենք կրել»,-ասել է  Վերա Յակուբյանը: 

Հայ համայնքում կրած վնասների հետ կապված, Վերա Յակուբանը նշել է, որ այսօր տեղական բոլոր կառույցները լծված են այդ գործին: Այժմ հստակեցվում է կրած վնասի չափը, որ հասականալի լինի օժանդակության հնարավորությունները: Մինչ վերջնական հստակեցումը, Վերա Յակուբյանը նշել է, որ այսօր էլ անզեն աչքով երևում է, որ հայ համայնքը նյութական մեծ վնաս է կրել: Բավական տուժել են այն մարդիկ, որոնց տները, կառույցները, խանութները, գրասենյակները մոտ էին նավահանգստին: Վերա Յակուբյանի խոսքով՝ կան ընտանիքներ, որոնց տները ավերվել են: «Ծանր է վիճակը, տնտեսական տագնապ կա: Դժբախտաբար, մեծ կարիքների անհրաժեշտություն ունի Լիբանանի հայ համայնքը»,-հավելել է Վերա Յակուբյանը:

Նա տեղեկացրել է, որ Բեյրութում՝ պայթյունի շրջանում, գրեթե ամեն ինչ ոչնչացված է: Բավական մեծ վնասներ կան՝ բնակելի տների, խանութների, տարբեր կառույցների հատվածում: Վերա Յակուբյանի խոսքով, նյութական վնասի չափը շատ-շատ մեծ է:

«Բեյրութում մինչ պայթյունն էլ գազի, նավթի, էլեկտրականության հետ կապված դժվարություններ կային: Երկիրը տնտեսական տագնապ է ապրում: Այս պայթյունը դժբախտաբար ավելի բարդացրեց երկրում եղած իրավիճակը, և դա ամեն իմաստով՝ տնտեսական, սոցիալական, քաղաքական: Այն նավահանգիստը, որտեղ տեղի ունեցավ պայթյունը, կարևոր տնտեսական օղակ է Լիբանանի տնտեսության համար: Լիբանանն, իհարկե, մեկ նավահանգիստ չունի, այլընտրանքներ կարելի է փնտրել, բայց այս մեկը գլխավորն էր: Այս ամենն ավելի բարդացրեց իրավիճակը, տնտեսական առումով շատ մեծ հարված էր»,-ասել է Վերա Յակուբյանը: