Սերոբ Խաչատրյանը համամիտ չէ նախարարի հետ. «Բարձր միավորով դուրս մնալը կրկնուսույցի համար նվեր է»

80

Aravot.am-ը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանից հետաքրքրվեց՝ համամի՞տ է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի այն կարծիքին, թե վերջին զարգացումները եւ բարձր միավորներով բուհեր չընդունված դիմորդների ընդվզումներն ընդամենը կրկնուսույցների խռովություն են:

«Չեմ կարծում, թե այդպես է, որովհետեւ երբ բարձր միավորներով դիմորդները դուրս են մնում, դա ավելի ձեռնտու է կրկնուսույցների համար: Ես սա ասում եմ նաեւ նախորդ տարիների փորձից ելնելով: Երբ որ մրցակցությունը խստանում է, մարդն ուզում է իրավաբան դառնալ, 18,75 միավոր է հավաքում ու չի ընդունվում իրավաբանական, հաջորդ տարիների դիմորդը եւ իր ծնողը այստեղից հետեւություն են անում, որ դաժան մրցույթ է, ու պետք է ոչ թե երկու, այլ երեք-չորս տարի պարապել կրկնուսույցի մոտ՝ 19,5 կամ 20 միավոր ստանալու համար: Դա հայտնի բան է…»,-ասաց կրթության փորձագետը:

«Մատուցվելու է կոսմոպոլիտական գրականություն». Հենրիկ Բախչինյան

Նրա ձեւակերպմամբ, դրա համար նախկինում նախարարությունը եւ Գնահատման եւ թեստավորման կենտրոնը միշտ խուսափել են բարձր միավորներից. «Այս ամբողջ իրարանցումը կապված ոչ թե կարգի փոփոխության, իրազեկ լինել-չլինելու հետ, այլ այն բանի, որ Հայոց պատմություն առարկայի միավորներն այս տարի եղել են աննախադեպ բարձր: Ու մարդն, օրինակ, 18,75-ով դուրս է մնացել: Բարձր միավորով դուրս մնալը կրկնուսույցի համար նվեր է, որովհետեւ այդպիսով իր պահանջարկը մեծանում է:

«Գուցե դիմորդների մեջ կար մի երեխա, որը գիշեր-ցերեկ ինքնուրույն պարապել եւ 17 միավոր ստանալով՝ դուրս է մնացել: Հիմա արդեն ինքը հետեւություն կանի, որ պետք է կրկնուսույցի մոտ պարապի, որպեսզի կարողանա 19 կամ 20 ստանալ: Իհարկե, կրկնուսույցը շահագրգիռ է, որ իր մոտ պարապող երեխաներն ընդունվեն, բայց նաեւ չունի ակնկալիք, որ բոլորը պետք է ընդունվեն: Եվ եթե մարդը կրկնուսույցի մոտ պարապել՝ 18,75, 18,5 է ստացել, դա ամենեւին էլ վատ արդյունք չէ: Ամբողջ իրարանցման պատճառն այն է, որ պատմության միավորները շատ բարձր են, ու պետք է հասկանալ, թե ինչու է այսպես ստացվել»,- հավելեց Սերոբ Խաչատրյանը:

Նա հիշեցրեց, որ պատմությունից 20 միավոր անցյալ տարի ամբողջ երկրում ստացել էր 22 հոգի, մինչդեռ այս տարի 48 հոգի 20 է ստացել միայն իրավագիտականում. «Կարելի է ենթադրություն անել, որ մի առարկա պետք է դիմորդները հանձնեին, լավ են պարապել, դրա համար բարձր միավորներ են ստացել, սակայն այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ անգլերենի դեպքում այդպես չեղավ, որտեղ ավանդաբար դիմորդները միշտ շատ բարձր են ստանում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ, «Առավոտ»